[ARM]     [RUS]     [ENG]

Ի ՀԻՇԱՏԱԿ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒ

2016թ. գարունն իր հետ ցավ ու տառապանք բերեց. թշնամու գնդակից զոհվեցին ու վիրավորվեցին նորաթուխ զինվորներ, ովքեր կյանքի գնով պահեցին հող հայրենին, խրամատը: Նրանք դարձան կենդանի վահան` դիմակայելով նորագույն զինտեխնիկայով մինչև ատամները զինված հակառակորդին:

 Ապրիլյան քառօրյա պատերազմի նվիրյալներից է սերժանտ Յուրի Անատոլիի Փարամազյանը:  Ցավալի է հոգատար ու կենսախինդ հայորդու մասին խոսել անցյալով, բայց, ավաղ, ժամանակը երբեմն ստիպում է դա անել:

Յուրին Մարտունու Վ. Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանի 2012-2013ուս.տարվա շրջանավարտ էր: Ուսումնարանի կոլեկտիվը սուրբ պարտք համարեց արժանին հատուցել իր նահատակին, միշտ վառ պահել նրա հերոսական գործերը, քանզի այդպես կրթվում ու դաստիարակվում է մատաղ սերունդը: Յուրիի հիշատակը հավերժ պահելու համար, ողջ կոլեկտիվի որոշմամբ, դասասենյակը, որտեղ սովորել է նա, կոչվեց նրա անունով: Այս իրողությանը նվիրված` օրերս ուսումնարանում փոխտնօրեն Է. Ավանեսյանի և Յուրիի դասղեկ, մաթեմատիկայի ուսուցչուհի Լ. Ավագիմյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում, որին ներկա էին հերոսի ծնողները, հարազատները, ընկերները: Մինչ միջոցառումն սկսելը` ներկաները ծաղիկներ խոնարհեցին Յուրիի հուշատախտակի պատվանդանին:

ՙՅուրիի անձնազոհ ոգին կսավառնի իր կրթօջախում, կքայլի բոլորի հետ, կլինի մեզնից անբաժան: Սա է սովորեցնում մեզ մեր պատմությունը՚,-բացման խոսքում նշեց Է. Ավանեսյանը: 

Մեկ րոպե լռությամբ հարգվեց բոլոր նահատակների հիշատակը:

2016-2017ուս.տարվա ավտովարորդների խմբի սաները հպարտանում են իրենց ավագ ընկերոջ անձնազոհ արարքով, ինչն արտահայտվեց նրանց ելույթներում: Մեկ տարի առաջ նրանք անասելի ծանր ցավով հրաժեշտ են տվել Յուրիին, այցելել այն վայրը, որտեղ լռությունը բառերից պերճախոս էր, որտեղ  խորհել են կյանքի ու մահվան անմեկնելի խորհրդի մասին ու հասկացել, որ մահվան մեջ կյանք կա, ինչը տրվում է ոչ բոլորին: 

Յուրին ծնվել է 1996թ. հուլիսի 26-ին, Մարտունի քաղաքում: Ավարտել է շրջկենտրոնի Մ. Մաշտոցի անվան հ. 2 դպրոցը:

2013թ. ավարտելով Մարտունու Վ. Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանի ավտովարորդների դասընթացները, նույն տարում ընդունվել է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի ֆիզկուլտուրա և ՆԶՊ բաժինը: 2014թ. հուլիսի 28-ին զորակոչվել է ժամկետային ծառայության: Զինվորական ծառայության ընթացքում նա իրեն դրսևորել է լավագույն կողմերով, արժանացել սերժանտի կոչման: Պատասխանատվության զգացումը նրան ուղեկցում էր ծառայության ողջ ընթացքում: Հենց այդ զգացումից ելնելով` հակառակորդի հերթական հրետակոծության ժամանակ իր ենթակայության տակ գտնվող նորակոչիկ զինվորներին սեփական կյանքի գնով փրկեց: ԼՂՀ Նախագահի հրամանագրով Յուրի Փարամազյանը հետմահու պարգևատրվել է ՙՄարտական ծառայություն՚ մեդալով:

Հուզիչ էր Է. Ավանեսյանի երախտիքի խոսքն` ուղղված Յուրիի մորը` տիկին Գայանեին, հայրենասեր որդի դաստիարակելու համար: Է. Ավանեսյանը նշեց, որ միայն հայ մայրն է, որ կարող է լույս աշխարհ բերել առյուծ տղաներ, ովքեր, մայրական քնքշանք առնելուց զատ, ստացել են վրեժ լուծելու պատգամ:

Միջոցառման վերջում ցուցադրվեց Յուրիին նվիրված տեսանյութ: 

Արհեստագործական ուսումնարանի տնօրեն Ռ. Բաբայանը շնորհակալություն հայտնեց Յուրիի ծնողներին, հարազատներին, բարեկամներին նման հայրենասեր զավակ դաստիարակելու համար, նրանց մաղթեց համբերություն, բոլորին` խաղաղություն, մեր զինվորներին` ողջ ու առողջ վերադարձ օջախները:

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի