[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊՐԵԼՈՒ ԱՊՐԻԼ. ԻՄԱՆԱԼ, ՀԻՇԵԼ, ՇԱՐՈՒՆԱԿԵԼ

Օրերս Մարտունու հ.1 միջնակարգ հոսքային դպրոցի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին։

 Միջոցառումը կազմակերպեց պատմության վաստակաշատ ուսուցչուհի Քնար Բադալյանը՝ 7-րդ ՙա՚ դասարանի աշակերտների հետ համատեղ։

Արցախցին իր ողջ պատմությունը զուգահեռել է պայքարով, պայքար հայրենիքի պաշտպանության և ինքնության պահպանման համար։ Այդ պայքարը միշտ էլ պսակվել է հաղթանակով։ Մեր հաղթական պսակներից մեկն էլ եղավ Արցախյան գոյամարտը: Իսկ հակառակորդը, զինադադար կնքելուց հետո անգամ, չի կարողանում հանգստանալ, գրեթե ամեն օր ու ժամ դիմում է դավադիր քայլերի, որոնք փաստացի շարունակվում են առ այսօր։ 

Ապրիլյան քառօրյան ևս մեկ անգամ փաստեց, որ թշնամին մնում է հավատարիմ իր ռազմավարությանը, ինչը պարտադրում է, որպեսզի արցախցին միշտ զգոն ու պատրաստ լինի ցանկացած ոտնձգության։ 

Մարտունու շրջանը քառօրյայի ժամանակ ունեցավ չորս զոհ՝ 23-ամյա լեյտենանտ Հայկ Ռոդիկի Գրիգորյանը՝ Գիշի գյուղից, 20-ամյա կրտսեր սերժանտ Վլադիմիր Ստեփանի Նարինյանը, սերժանտ Յուրի Անատոլիի Փարամազյանը՝ Մարտունի քաղաքից, և 11-ամյա Վաղարշակ Թաթուլի Գրիգորյանը՝ Ներքին Ճարտարից։  

Ազգի հզորությունը նաև հիշողության անխաթարության մեջ է։ Իսկ մենք ավելի քան հիշում և հպարտանում ենք մեր ունեցածով։ Մենք կորցնում ու նորից վերագտնում ենք, մեռնում ու նորից հառնում ենք։ Սա է մեր հարատևման գաղտնիքը, սրանում է մեր անհաղթելիության գրավականը։ 

Ապրիլը եղավ ու մնաց որպես մաքառման ամիս, ապրելու ապրիլ։ Այն դարձավ ցավի ու կորստի, նաև՝ վերաարժեվորումի ամիս։ Հաղթանակը, որ ավելի շատ մեր 19-20-ամյա տղաների կամքի և արիության շնորհիվ էր, նոր ուժի և միասնության, ազգային համախմբման ապացույցը դարձավ։ Դարձավ մեր պատմության հաղթական էջերից մեկը: 

Միջոցառումը, որ 7-րդ դասարանի պատանիների ու աղջիկների ազգային և հայրենասիրական  մտորումների, վերլուծությունների ամբողջություն էր, ուղեկցվում էր հայ անվանի երգիչ-երգչուհիների տեսահոլովակներով, որոնք գովերգում էին հայ մարտիկի հզոր ոգին, հայ մայրերի  հերոսությունը,  հայրենասեր ու անձնվեր  հայ մարդուն։ Ինչպես պատմության բոլոր ոլորաններում, այս անգամ ևս չընկրկեցինք, այլ նոր, անսպասելի ծանր հարվածից ու կորուստներից նորից բռունցքվեցինք ու արժանի հակահարված հասցրեցինք ուխտադրուժ ու անաբարո թշնամուն։ 

Միջոցառման հիմնական նպատակն էր ցույց տալ, որ հայ ազգն աշխարհին դեռ տալիք ունի։ Միայն աճող սերնդի ճիշտ դաստիարակության մեջ է մեր գոյատևման խորհուրդը։ Իմանալ, հիշել, շարունակել` սա է յուրաքանչյուրիս պարտքը:

 Այո, ամեն ինչ սկսվում է սերնդի ճիշտ դաստիարակությունից, ուստի միջոցառումը կարևորվեց հենց այս տեսանկյունից։ Մեր հերոս տղաների շնորհիվ հայը կշարունակի ապրել ու շենացնել իր երկիրը, ամեն կերպ նպաստել ազգի շենացմանը, հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը: 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

 

ք. Մարտունի