Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԹԵԹԵՎ ՈՒ ԱՆՀՈԳ ԿՅԱՆՔԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՉԷ...

Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, թե ինչպիսի ծանր բեռ են իրենց ուսերին կրում մեր զինծառայողները, մասնավորապես սպաները։ Տուն ու տեղից կտրված, թե մի կարճ պահի էլ տանն են, ընտանիքի հետ՝ ուշք ու մտքով կրկին դիրքերում են։

Իսկ զինավաններում ապրող նրանց ընտանիքները եթե անգամ բազում  հոգս ու խնդիր ունեն, հպարտությամբ են կրում իրենց բաժին ՙծառայությունը՚։ 

Արմինե Կարապետյանի, Վարդուհի Գասպարյանի ու Քրիստինե Մարտիրոսյանի հետ ծանոթացա Մեխակավանում։ Ընկերուհիներով իրար թևանցուկ, երեխաների ձեռքից բռնած (իսկ ամուսիններն առաջնագծում են) մասնակցում էին ապրիլյան պատերազմի զոհերին նվիրված արծաթափայլ բարդիների հուշապուրակի  հիմնադրման  արարողությանը։

Զրուցակիցներս խորապես գիտակցում են  իրենց պատասխանատվության չափաբաժինը և  ՙսպայի ընտանիք՚ կոչումը կրում են արժանապատվությամբ։ Հպարտ են, որ սպայի կողակից են, և ամեն ինչ անում են ամուսինների հոգսը թեթևացնելու համար։ Նրանք շատ ծանրաբեռնված են, Արմինեն ասում է` այնպես ենք անում, որ մեր ամուսինների ուշքը տան, երեխաների հոգսերի վրա չլինի, այլ` զինվորների ու ծառայության։ Եթե պատահում է մի քանի օրով երեխաներին առնում ու հերանց են գնում, իրենց տեղը  չեն գտնում։ Ամուսինները դիրքերից կգան, նրանց տաք ճաշ է պետք, ընտանեկան ջերմություն ու հարմարավետություն։ Հետո մի տեսակ օտարացել են քաղաքային բարքերից, անհոգ կյանքից։ Ինչքան էլ որ իրենց ծննդավայրը` Երևանը, Գյումրին ու Վայքը հարազատ լինեն, որքան էլ որ իրենց ծնողներին կարոտեն, միևնույն է Մեխակավանը շատ հարազատ միջավայր է...Իսկ քիչ հեռու նրանց ամուսինները կրակի բերանում են, նրանց սատարել է պետք: Այստեղ նրանք տուն-տեղ ունեն, զավակ են մեծացնում, այստեղ են մոտիկ ընկերուհիներ դարձել` ՙՆույն հուզմունքի, համոզմունքի՚` ինչպես բանաստեղծը կասեր։ Հենց սահմանից կրակոցներ են հնչում, երեխաներին հավաքում, մեկնումեկի տուն են գնում, իրար հետ կիսվում, իրար սիրտ տալիս, մինչև հավաստի լուր են առնում ու հանգստանում։

ՙՄեկս մյուսով ապրում ենք,-ասում է Վարդուհին,-իրար հարեհաս լինում, թե երեխաներից մեկի գլուխը մի փոքր տաքանում է, մինչև չլավանա` կողքից չենք հեռանում՚։

Իմ այն հարցին, թե ամուսինների համար է՞լ են միասին աղոթում, միասին անհանգստանում, Քրիստինեն է ընկերուհիների անունից պատասխանում. ՙՄեզ վրա բարկանում են, երբ տեսնում են  մեր անթաքույց տագնապները: Ժամերով, օրերով լուր չենք ունենում, զանգում ենք, նրանք շատ հանգիստ ասում են` ամեն ինչ լավ է, ի՞նչ եք իրար խառնվել։ Նույն կերպ էին մեզ հետ  խոսում նաև ապրիլյան այդ չարագույժ օրերին։ Սիրտներս կանգնում էին, իսկ նրանք մեզ հանգստացնում էին. ամեն ինչ նորմալ է, շուտով կտեսնվենք՚։

Քրիստինեն վերհիշում է, թե ինչպես են ապրիլյան այդ օրերին մի քանի օրով Երևան գնացել, և չի կարողացել իր հարազատ  քաղաքում, իր ծննդավայրում գոնե մի շաբաթ մնալ, այնտեղ ուրիշ աշխարհ է, իսկ Մեխակավանում՝ ուրիշ։ Երևանի անհոգ կյանքից նա ապշել էր։ Քրիստինեն գտնում է, որ իրենք էլ  ծառայության մեջ են, և թեթև ու անհոգ կյանքն այլևս իրենց համար չէ։ Իրենք սպայի ընտանիք են, այն սպայի, որ կենդանի վահանն է իր երկրի, իր ընտանիքի ու ժողովրդի, ահա թե ինչու նրանք երիցս պարտավորված են թև ու թիկունք կանգնելու իրենց ամուսիններին։  Սպայի տիկնայք զարմանում են, երբ տեսնում են, թե ինչպես են անհոգ, դիրքերից հեռու, կրակոցներից, սահմանից հեռու մարդիկ անվերջ դժգոհում ու նվնվում վատ կյանքից, իսկ իրենք մենակ, ծնողներից, հարազատներից հեռու երեխա են մեծացնում, սպասում փորձանքի բերանից տուն դարձող ամուսիններին, ու մտքներով էլ չի անցնում դժգոհել, տրտնջալ: Նրանք գտնում են, որ իրենց տեղը ամուսինների կողքին է, նրանց թիկունքն ամուր պահելն է և իրենց կողակիցների համար օր ու գիշեր աղոթելը։

Այդ կյանքը նրանք ընտրել են գիտակցաբար և գտնում են, որ ճիշտ են ապրում, այնպես, ինչպես ճշմարիտ ապրում են իրենց ամուսինները՝ ծառայությանն ու երկրին անմնացորդ նվիրված ու իրենց զավակների գալիք օրը կերտող հայրերը։ Արմինեն, Վարդուհին ու Քրիստինեն, ասես խոսքները մեկ արած, պնդում էին, թե երեխաներին դաստիարակում են նաև հայրերի փոխարեն. սպաների զավակներն էլ նրանց նման ուժեղ ու ամուր պիտի լինեն: Տղաները, կարծես, իրար հետ պայմանավորված, ասացին, որ իրենք ևս սպա են դառնալու, իսկ աղջիկները՝ բժշկուհիներ։ Հրաժեշտից առաջ նաև խոստովանեցին, որ Մեխակավանը շատ են սիրում: Իսկ Կարենն իր ընկերների՝ Էրիկի ու Սուրենի անունից հավաստիացրեց, որ իրենք էլ շատ են ցանկանում դիրքերում հայրիկների կողքին լինել, սակայն դեռևս իրենց կարծիքի հետ հաշվի չեն նստում։ Բայց համբերատարությամբ սպասում են այն օրվան, երբ կդառնան իրենց հայրերի, ավագ եղբայրների արժանի հերթափոխը...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ