[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՃԻՐՆԵՐԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ

20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվեց մի ծրագիր, որը հայ ժողովրդի բնաջնջման և հայրենազրկման նպատակ էր հետապնդում։ Աննախադեպ ազգաջինջ այդ քաղաքականությանը զոհ գնաց ողջ արևմտահայությունը, ավերակների վերածվեց Հայաստան աշխարհի մեծ մասը։

Բնիկ ժողովուրդը, որ այդ հողի վրա ապրել էր հազարամյակներ շարունակ, տեղահանվեց իր բնօրրանից, քշվեց անապատներ... Թուրքի յաթաղանին զոհ դարձավ ավելի քան 1,5 միլիոն հայ...Հազվադեպ փրկվածները  ցաքուցրիվ եղան աշխարհով մեկ... Հայոց լեզվի մեջ մտավ ՙՍփյուռք՚ հասկացությունը։

1915թ. հայերի դեմ կատարված ոճրագործությունը, որը տարիներ հետո միջազգային իրավունքի շրջանակներում գտավ իր ճշգրիտ ձևակերպումը՝ Ցեղասպանություն, 20-րդ դարի մարդկության ամենաողբերգական էջերից մեկն է։

Ցեղասպանության խնդրով և, ընդհանրապես, հայկական հարցով վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ են զբաղվում միջազգային կազմակերպությունները։ Այլ խոսքով՝ հայերի ցեղասպանության ճանաչման և դատապարտման խնդիրը ձեռք է բերել քաղաքական կարևոր նշանակություն։ Եղեռնը դատապարտող բանաձևեր են ընդունել մի շարք երկրներ։ Եվ դրանց թիվն աստիճանաբար ավելանում է։ 

Մեկ դար ու երկու տարի է անցել Հայոց մեծ եղեռնից։ Ամեն տարի ապրիլի 24-ին հիշատակի և ոգեկոչման արարողություններ են տեղի ունենում աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այնտեղ, որտեղ  գեթ մեկ հայ է ապրում։ Մեկուկես միլիոն անմեղ զոհերի հոգու հանգստության համար աղոթք է բարձրանում առ երկինք և նույնքան  մոմ վառվում։ Հիրավի, օրվա խորհուրդն ու դրա բարոյական, հոգեբանական, քաղաքական իմաստն ու նշանակությունը ներկայիս սերունդների համար չափազանց մեծ են։ 

Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Արցախում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներն սկիզբ առան ապրիլի 23-ի երեկոյան։ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ Ստեփանակերտի սուրբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցավ Սրբոց նահատակների բարեխոսության կարգ, որից հետո Աստծո տան բակից սկիզբ առավ ՀՅԴ Արցախի երիտասարդական և ՙԱրամ Մանուկյան՚ ուսանողական միությունների նախաձեռնությամբ ավանդական դարձած ջահերով երթը դեպի մայրաքաղաքի Հուշահամալիր։ Որ տարեցտարի ակցիան նոր ձև ու բովանդակություն է ստանում, և խտանում են պահանջատերերի շարքերը՝ դա փաստ է։ Ջահերթին մասնակցում էին  հանրապետությունում գործող երիտասարդական կազմակերպությունները, հասարակական-քաղաքական կուսակցությունների և մտավորականության ներկայացուցիչներ։ Ցեղասպանությունը դատապարտող պաստառներով, վառած մոմերով ու ջահերով, պայքարի ու հաղթանակի տրամադրությամբ մասնակիցները հավաստեցին, որ երբեք չեն ընկրկելու և շարունակելու են պայքարը մինչև վերջ՝ քանի դեռ փոխհատուցումն իր տրամաբանական ավարտին չի հասել։

ՙՄեր սերունդն իր մեջ այսօր էլ կրում է այդ վրեժը։ Մեր հայրենիքի մի հատվածը գերեվարված է, ոճիրն՝ անպատիժ։ Բայց մենք չենք լռելու։ Ու միշտ արթուն ենք պահելու պահանջատիրությունն ու Հայոց Դատը՚,-հավաստիացրին երթի մասնակիցները։

Արցախի երիտասարդները հանդես եկան Թուրքիայի կողմից կատարված ցեղասպանությունը և Ադրբեջանի կողմից ապրիլյան ռազմագործողությունները դատապարտող հայտարարությամբ, որում կոչ է արվում միջազգային կառույցներին՝ դատապարտել այդ ոճրագործությունները։ 

Հաջորդ օրը՝ Ապրիլի 24-ին, Ստեփանակերտում վաղ առավոտից  սկսվեց մարդկանց հոսքը դեպի Հուշահամալիր։ Կրթօջախների, հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվներ, Պաշտպանության բանակի զինծառայողներ, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչներ, առանձին անհատներ գալիս էին ոչ միայն Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլև իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, պահանջելու ճանաչել մարդկության դեմ կատարված ոճրագործությունը՝ ամենից առաջ այն չկրկնվելու նպատակով։ 

Հայոց մեծ եղեռնի զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար Հուշահամալիր այցելեց Արցախի բարձրաստիճան ղեկավարությունը՝ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հուշահամալիրում կանգնեցված կոթողին՝ Զանգակատանը,  ծաղկեպսակներ դրվեցին երկրի իշխանությունների և տարբեր գերատեսչությունների կողմից։ 

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմակալ Առաջնորդի գլխավորությամբ տեղի ունեցավ Սրբոց նահատակաց ոգեկոչման  կարգ։ 

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ իր տեսակետը հայտնելով՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մասնավորապես ասաց. ՙԸստ իս՝ ժամանակի առումով մենք որևէ եզրեր չպիտի դնենք, որովհետև այս գործընթացը երկարատև, տևական պայքար է։ Եվ կարծում եմ` ոճրագործության 100-րդ տարելիցից հետո անգամ իրավիճակը մնում է նույնը. Ցեղասպանության ճանաչման գործընթացը պետք է ոչ միայն հայ ժողովրդին, այն շատ կարևոր է այսօր աշխարհում տեղի ունեցող բոլոր տեսակի խժդժությունների դեմն առնելու, մարտահրավերներին դիմակայելու համար։ Եվ որքան էլ տարօրինակ հնչի՝ Ցեղասպանության ճանաչումն ու հատուցումն այսօր շատ ավելի պետք են Թուրքիային, քանզի այս երկիրը գնում է դեպի անհասկանալի զարգացումների։ Դրանք՝ այդ զարգացումները, վկայում են, որ Ցեղասպանության ժխտումը և այդ ուղղությամբ տարվող կործանարար քաղաքականությունը կամա թե ակամա՝ այս երկրին փաստորեն մղում են տարածաշրջանային  ահաբեկչությունների կազմակերպիչ և մասնակից երկրի կարգավիճակի։ Ասվածի մասին են վկայում Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին նրա անմիջական մասնակցությունը, Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ահաբեկչություններին եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի մասնակցությունը։ Եվ, վստահ եմ, որ ամեն տարի ապրիլին մենք մեր այս միջոցառումներով, խոնարհվելով ու խնկարկելով մեր սրբադասված նահատակներին՝ շատ մեծ գործ ենք անում ի պաշտպանություն նաև մարդկության պահանջատիրության։ Որպեսզի չկրկնվի, որպեսզի ոչ մի ուրիշ երկիր ոճրագործությունը չկրկնի, ոչ մի երկիր չունենա այնպիսի ողբերգական իրադարձություն, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն էր՚։

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ