[ARM]     [RUS]     [ENG]

Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Ապրիլի 28-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ հանդիպումը կկայանա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով։ 
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների սպասվող հանդիպման մասին՝ նշելով, որ կա ընդհանուր ըմբռնում, որ այդպիսի հանդիպում է պետք կազմակերպել:
«Ադրբեջանը միշտ փորձում է հրաժարվել անգամ մինիմալ համաձայնեցված քայլերի իրականացումից, դրա հետ մեկտեղ պահանջում է առավելագույնը, մաքսիմալիստական ինչ-ինչ պահանջներով է հանդես գալիս։ Բոլորի մոտ հաստատվում է այն տպավորությունը, որ Ադրբեջանը ունակ չէ բանակցելու: Բայց, չնայած Ադրբեջանի՝ հանդիպումներից հրաժարվելու փորձերին, ինչին վերջերս ականատես եղանք դրան Մյունխենում, դրանից առաջ Համբուրգում, Հայաստանը միշտ եղել ու մնում է բանակցություններին կողմնակից, որովհետև բանակցային գործընթացին այլընտրանք չկա»,- ասել էր ԱԳ նախարարը: