[ARM]     [RUS]     [ENG]

Գ. ԲԱԲԱԽԱՆՅԱՆ. ՙՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ ՏԱՐԱԾՎԵԼ Է ԹԱՏՐՈՆԻ ՎԱՐԱԿԸ՚

Այս օրերին Քարվաճառում է բեմադրիչ, նկարիչ Գևորգ Բաբախանյանը։  Նա Քարվաճառի ՙՄիջնաբերդ՚ թատերախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։ Խումբը հիմնադրվել է նախորդ տարվա մարտ ամսին և հանդիսատեսին ներկայացել Հովհաննես Թումանյանի 4 հեքիաթների բեմադրությամբ։

Այս տարվա սկզբից թատերախումբը պատրաստում է երկու նոր՝ ՙՄոխրոտը՚ և ՙ44 աստիճանի վրա՚ ներկայացումները։ Բեմադրական աշխատանքներն արդեն մոտենում են  ավարտին,  և երկու ներկայացումները շուտով դիտելու հնարավորություն կունենա ինչպես Քարվաճառի, այնպես էլ Արցախի այլ համայնքների հանդիսատեսը։ Նախատեսվում է  ներկայացումները ցուցադրել նաև Էջմիածնում և Երևանում։ 

ՙԱյսօր արդեն երեխաները շատ հղկված են. նրանց հետ աշխատելիս տարբերությունն ինձ համար ակնհայտ է՚,¬ մեզ հետ զրույցում նշեց Գևորգ Բաբախանյանը։ Ըստ բեմադրիչի, թատրոնն անշուշտ  ազդում է նաև երեխաների ճաշակի վրա։  ՙՓոխվում է նրանց խոսակցության նյութը, նշաձողն է  փոխվում, կարևորի ու անկարևորի ընկալումը՝ նույնպես՚,¬ ընդգծում է բեմադիրչն ու հավելում, որ հիմա փորձերի ժամանակ համարյա թե ուղղումներ չի անում պատանի դերասաններին։ Նրանք արդեն գիտեն՝ իրենց ինչպես պահել բեմի վրա, հասկանում են, թե ինչ են ուզում բեմից, և բեմն ինչ է ուզում իրենցից։ 

ՙ44 աստիճանի վրա՚ բավականին բարդ ու հասուն ներկայացման ընտրությունը թատերախմբի համար պատահական չէր։ Բեմադրիչը համոզված է՝ խմբում կան այնպիսի դերասաններ, ում հետ կարելի է աշխատել ու հասնել ցանկալի արդյունքի անգամ նման խոր ու լուրջ բեմագրի դեպքում։ Ներկայացումը պատմում է երիտասարդ զույգի՝ Մգրոյի ու Սիրանույշի կյանքի պատմությունը, ովքեր թողել են բարեկեցիկ կյանքն Ամերիկայում ու տեղափոխվել  Հայաստան։ Մգրոն մեղվապահ է և իր կյանքն առանց հայրենիքի ու իր մեղուների չի պատկերացնում։ Ներկայացման մեջ բացահայտվում են  բոլոր այն  դժվարությունները, որ զույգը հանդիպում է հայրենիքում, երևում են  դատարկվող գյուղի, արտագաղթի ողջ ցավն ու հայրենիքում ապրելու ու արարելու մեծ ցանկության հաղթանակը։ Ներկայացման առաջնախաղը կկայանա Քարվաճառում, հետո խումբը կլինի Ասկերանում և Ստեփանակերտում։  

Գևորգ Բաբախանյանը շատ ուրախ է տեսնել, որ այսօր Քարվաճառում երեխաների մեջ տարածվել է թատրոնի վարակը։ ՙՇատ երեխաներ այսօր ուզում են միանալ թատերախմբին. թատրոնը մեծ վարակ է, որ տարածվել է Քարվաճառի երեխաների մեջ։ Իսկ թատրոնը հրաշքներ կարող է գործել նոր ձևավորվող մարդու հետ՚,¬ համոզված է բեմադրիչը։

Տեղեկացնենք, որ թատերախմբի կայացման գործում իրենց ներդրումն ունեն Լոս Անջելեսում գործող ՙԱրարատ՚ հիմնադրամը, Շահումյանի շրջվարչակազմը, դպրոցի տնօրինությունը, անհատ անձինք։

Թամարա ԳՐԻԳՈՐՅԱՆ

ք. Քարվաճառ