[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՄԲ ՎԵՐԱԾՆՎԵՑ ՀԱՅԻ ՈԳԻՆ

Մայիսը հայ ժողովրդի համար հնուց անտի եղել է հարության, հարատևության ու հաղթանակների ամիս. մեր հերոսական տարեգրության մեջ մենք ունեցել ենք Ավարայր, Սարդարապատ, Մեծ Հայրենական, Շուշիի ռազմագործողություն...

Ու բոլորն էլ ավարտվել են հաղթանակով: Մենք խոր իմաստ ու խորհուրդ ենք տեսնում բոլորիս համար թանկ այս հաղթանակների յուրահատուկ ընդհանրության մեջ։ Իսկ գուցե նախախնամության մատն էր խառը, որ հատկապես մայիսի 9-ը դարձավ հայոց մտքի ու բազկի անպարտելիության խորհրդանիշը։ 1992թ. մայիսի 9-ին Արցախի քաջազուն զավակները ռազմական հաղթանակների ամենափայլուն էջը գրեցին հայոց պատմության մեջ. 25 տարի առաջ այդ օրը, ցուցադրելով փայլուն մարտարվեստ և հմուտ մարտավարություն, արցախցի խիզախ զինվորներն ու սպաները երկարամյա գերությունից ազատագրեցին հայոց հինավուրց Շուշին։ Մայիսի 3-ին Շուշիում տեղի ունեցած միջոցառումը, որ նախաձեռնել էր ՙՂարաբաղի կանանց ասոցիացիա՚ հասարակական կազմակերպությունը, նվիրված էր Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին։ Միջոցառմանը ներկա էին Շուշիի ռազմագործողության մասնակիցներ, Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։ Ներկա էր Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

Միջոցառումը մեկնարկեց Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց՝ Տերունական աղոթքով, Ներսես քահանայի գլխավորությամբ կատարված օրհնանքի արարողակարգով։ Այնուհետև մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Շուշիի գնդի հրամանատար Վաչագան Իշխանյանի հիշատակին՝ ծաղիկներ դնելով նրա հուշարձան-կիսանդրուն։ 

Մայիսյան եռատոնի կապակցությամբ ներկաներին շնորհավորեց և բացման խոսք ասաց ՙՂարաբաղի կանանց ասոցիացիա՚ ՀԿ նախագահ Նազիկ Նալբանդյանը։ 

ՙՇուշին մեր պատմության, մեր փառքի վկան է։ Շուշիի ազատագրմամբ կրկին վերածնվեց հայի ոգին ու հավատը սեփական ուժերի հանդեպ։ Մեր բանակը պատվով կատարեց և այսօր էլ շարունակում է կատարել հայրենիքի պաշտպանի իր սրբազան առաքելությունը։ Հայոց բանակի շնորհիվ է պահպանվում նաև խաղաղությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանում։ Սա անժխտելի իրողություն է, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել՚,- ասաց նա։ 

Մեկ րոպե լռությամբ հարգվեց Արցախյան ազատամարտում նահատակված քաջորդիների հիշատակը։

Խոսքի իրավունքը վերապահվեց Շուշիի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի սաներին, որոնց շուրթերով փառաբանվեցին Ազատամարտի նվիրյալները, մեր անկախության ու խաղաղության երաշխավոր Հայոց զինված ուժերը։ 

Պատմելու, հերոսական անցյալը վերհիշելու հերթը Շուշիի ռազմագործողության մասնակիցներինն էր։ Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը հիշելու շատ բան ուներ, բայց համեստ պահվածքի պատճառով շրջանցում էր իրեն վերաբերող  դրվագներից։ Նա ամենից շատ ուզում էր խոսել մյուսների սխրանքի մասին, նրանց մասին, ովքեր իրենց մարմինը վահան դարձրին թշնամու առջև. ՙՇուշիի ազատագրումը միայն բերդաքաղաքի ռազմագործողության մասնակիցների շնորհքը չէ,- ասաց նախկին հրամանատարը,- Արցախի չորսբոլորը, նրա սահմանում կանգնած տղաների շնորհիվ է նաև ազատագրվել հայոց հինավուրց ոստանը։ Այդ օրը թշնամին բոլոր ուղղություններով հարձակողական գործողություններ էր ծավալել՝ մեր հիմնական ուղղությունից մեզ շեղելու համար։ Եվ մենք միասին՝ մեր ինքնապաշտպանական ուժերի միջոցով կռեցինք  Շուշիի հաղթանակը՚։    

Կին-ազատամարտիկ, կանանց ջոկատի ներկայացուցիչ Մարգարիտ Թարանյանը հուզմունքով է վերհիշում ամեն ինչ։ 25 տարի առաջ նա և իր ընկերուհիները, չնայած երիտասարդ տարիքին, պռնկեպռունկ լցված էին հայրենասիրությամբ, վախ ասվածը կարծես գոյություն չուներ նրանց համար։ Բերդաքաղաքն ազատագրելուց կանանց ջոկատը տեղակայվեց Օրիորդաց դպրոցի շենքում (ներկայում ԼՂՀ ՄԵՀ նախարարության) և մասնակցեց հետագա մարտական գործողություններին։ Նա առանձին հպարտությամբ է տալիս իր մարտական ընկերուհիների՝ Մարգարիտայի, Կարինեի, Եվգենյայի, Գայանեի, երկու Անահիտների՝ Թամրազյան և Պետրոսյան, Արեգայի, Վարդուհու անունները։ ՙՄենք բոլորս, թող որ փոքր, բայց մեր լուման ենք ներդրել մեր հայրենիքի ազատության գործին։ Շուշին իմ և մեր բոլորիս հպարտությունն է՚,-ասաց Մ. Թարանյանը։

Հիրավի, պատերազմում մեծ դեր է խաղացել բուժանձնակազմը։ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բուժքույր Գայանե Հայրապետյանը, ով այն ժամանակ 19 տարեկան էր, անթաքույց հուզմունքով է պատմում վիրաբույժ Արշակ Գասպարյանի գլխավորությամբ իրենց՝ չորս հոգուց բաղկացած անձնակազմի կատարածի մասին։ Քանի՛-քանիսի կյանքն են փրկել…

Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի փոխհրամանատար Հրայր Բաղդասարյանի խոսքով՝ Շուշիի ազատագրումը օդի ու ջրի պես էր անհրաժեշտ բոլորին. Մայիսի 9-ի հաղթանակի մեջ խտացված են մեր ժողովրդի սխրանքն ու պատիվը։ Հայը վերածնվեց և՜ ֆիզիկապես և՜ հոգեպես... Շուշիի գրավումը ազերիների համար խայտառակ պարտություն էր։ 

Աֆղանստանի պատերազմի վետերանների միության աշխատակազմի ղեկավար Արմենն իր ելույթում ներկայացրեց այդ պատերազմին մասնակից տղաներից կազմված ջոկատի՝ Շուշիի ազատագրմանն ունեցած դերի մասին։ Նրա հավաստմամբ՝ 1-ին վաշտի առաջին դասակը ներկայացնողները հենց նրանք էին՝ պատերազմի բովով անցած այդ տղաները։ 

ՙՀայկի Սերունդ՚ ԵՀԿ նախագահ Արմինե Պետրոսյանի խոսքով՝ այսօրվա երիտասարդներն են, որ պիտի առաջ տանեն մեր երկիրը։ Եվ որպես այդ սերնդի ներկայացուցիչ, նա հավաստիացրեց, որ պատրաստ են վաղը Արցախ-Հայաստանով հավուր պատշաճի ներկայանալ աշխարհին։

Ելույթների շարքը եզրափակեց ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը, ով, մասնավորապես, ասաց. ՙՔաջ հայորդիների սուրբ արյամբ գրվեց մեր ժողովրդի պատմության փառավոր էջերից մեկը։ Մենք պարտավոր ենք միշտ վառ պահել մայիսյան հաղթանակների խորհուրդը, սիրել ու փայփայել մեր հայրենիքը, կառուցել հզոր ու բարգավաճ  երկիր,  լինել ուժեղ ու միասնական։ Գլուխ ենք խոնարհում հայրենիքի բոլոր այն նվիրյալների պայծառ հիշատակի առջև, ում արյան գնով կռեցինք հաղթանակը: Այսօր մեծով-փոքրով երդվում ենք հավատարիմ մնալ նրանց սուրբ պատգամին, երդվում ամուր ու անսասան պահել հայրենիքի սահմանները՚: 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ