ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ Է ՀԵՐՈՍԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳԻՆ
Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվերով բարեկարգման աշխատանքներ են սկսվել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անունը կրող զբոսայգում:
Զբոսայգին, որ կառուցվել էր խորհրդային տարիներին` Ստեփանակերտի նախկին պոլիկլինիկայի հարևանությամբ, Արցախյան պատերազմից հետո անվանակոչվել է Բեկոր Աշոտի անունով: Այգու կենտրոնում տեղադրվել է հերոսի հուշարձանը: Անցած տարիների ընթացքում այստեղ, սանմաքրման ու կանաչապատման աշխատանքներից բացի, լայնածավալ բարեկարգում չի իրականացվել: Խափանված էր տարածքի գիշերային լուսավորությունը, վերանորոգման անհրաժեշտություն ունեին աստիճանները, խնամքի և ուշադրության կարիք` պուրակին հարակից ծառուղին։
Այս օրերին զբոսայգու բարեկարգման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում: ՙՆարինե և Գեղանի՚ ընկերությունն արդեն կատարել է Բեկոր Աշոտի անվան պուրակի նախագիծը, ըստ որի այն ամբողջությամբ կվերանորոգվի: Առաջին փուլում նախատեսվում է կատարել այգու ներքին հատվածի (Ա.Մկրտչյան փողոցի ուղղությամբ) հողային հարթեցում, սիզամարգերի կառուցում և կանաչապատում, լուսարձակների վերանորոգում և վերականգնում:
Շինարարների հավաստմամբ՝ բոլոր տեսակի աշխատանքների ավարտից հետո այգին հրաշալի տեսք կստանա:
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ