[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ԵՌԱՏՈՆ Է` ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՒ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՏՈՆ

…Եվ նորից մեծագույն հաղթանակների եռատոն է նորանկախ մեր հանրապետությունում։

 Տոն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, որն ի չիք դարձրեց աշխարհի տիրակալը  դառնալու ֆաշիստական Գերմանիայի նկրտումները  եւ  աշխարհը փրկեց  դարչնագույն աղետից, տոն Շուշիի ազատագրման, որը շրջադարձային պահ հանդիսացավ մեր ազատամարտի հետագա   հաղթանակների համար, տոն Արցախի պաշտպանության բանակի ստեղծման, հազվագյուտ երևույթ Արցախ աշխարհի պատմության մեջ՝ ունենալ նման հզոր և կազմակերպված բանակ, որը միջազգային հանրության և ռազմական փորձագետների կողմից  ճանաչվեց որպես  տարածաշրջանի ամենամարտունակ բանակը և իր ձեռքբերումներով ու հաղթանակներով դարձավ մեր ժողովրդի արժանապատվությունն ու հպարտությունը։Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939-1945 թթ.) սանձազերծեց  ֆաշիստական Գերմանիան։ Այն  իմպերիալիստական, զավթողական  բնույթ ուներ։ 

 Հիտլերյան Գերմանիան 1939թ. օգոստոսից չհարձակման և համագործակցության  դաշինք ուներ ԽՍՀՄ¬ի հետ։ Սակայն, առանց պատերազմ հայտարարելու,  1941թ. հունիսի 22-ի առավոտյան ժամը 4-ին, նրա զորքերը, ստանալով հարձակման պայմանական ազդանշանը, հանկարծակի ներխուժեցին ԽՍՀՄ տարածք՝  միանգամից նետելով 158 մարտական դիվիզիա, մոտ 4000 տանկ, ավելի քան 5000 ռազմական ինքնաթիռ, այլ զինտեխնիկա։ Ֆաշիստները նախ հրետանային հզոր հարված հասցրին խորհրդային պետության սահմանամերձ ամրություններին։  Ապա՝ օդից ու ցամաքից հազարավոր տոննաներով մահացու բեռներ  թափեցին օդանավակայանների, երկաթուղիների, ռազմական բազաների, կապի գծերի վրա։

Հիտլերականները պլանավորել էին  պատերազմն ավարտել 3-3,5 ամսում։ Սակայն  խորհրդային բազմազգ ժողովուրդն իր  դիմադրությամբ ի չիք դարձրեց արագ և դյուրին  հաղթանակ ձեռք բերելու  նրանց հույսերը։ Այն  ձգվեց եւ տևեց ուղիղ 1418 օր։

Երկարատև ու դաժան պատերազմում  ֆաշիստական Գերմանիան լիովին ջախջախվեց ու ստորագրեց պարտության  ակտը։

Մեծ Հայրենականի տարիներին մարտական փառավոր ուղի անցավ նաև հայ մարտիկը։ Մարտնչում էր նա հայկական հինգ դիվիզիաներում և համազգային տարբեր զինվորական ստորաբաժանումներում։ Արյան, ավերի ու հայրենիքի պաշտպանության այդ օրհասական օրերին հայ ժողովուրդը ոչ միայն ռազմադաշտ էր ուղարկում իր հազարավոր որդիներին  (600 հազարից ավելի՝ Հայաստանից և բնակչության մեկ երրորդը՝ Արցախից), այլև նամակներով նրանց կոչ էր անում սխրանքի ու հերոսության։ Եռակի շքանշանակիր 89-րդ  Հայկական Թամանյան դիվիզիան, որի շարքերում  թշնամու դեմ մարտնչում էին նաև ղարաբաղցի մեր հայրենակիցները, կովկասյան լեռներից  թշնամու դեմ մարտնչելով հասան  մինչև Բեռլին։

Հայ զինվորն այդ պատերազմում իրեն փառքով պսակեց։ Երկու  հոգի արժանացան Խորհրդային Միության մարշալի և երեք հոգի՝ տարբեր զորատեսակների Գլխավոր մարշալի զինվորական  կոչման (ի դեպ՝ բոլորն էլ ծննդով կամ արմատներով արցախցի), ավելի  քան 65 հոգի` տարբեր աստիճանի գեներալների, 1000-ից ավելին՝ սպաների  կոչման։ 106 հայորդիներ արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման, 66302 հոգի պարգևատրվեցին խորհրդային և արտասահմանյան երկրների շքանշաններով ու մեդալներով։ 

Ցավոք, նաև մեծ  էր զոհերի թիվը։ 

 

* * *

…1980-ականների երկրորդ կեսերին խորհրդային կայսրապետությունը հայտնվել էր տնտեսական և քաղաքական խոր ճգնաժամի մեջ։ Պետական   մարմինների կողմից  ձեռնարկված  միջոցառումները չօգնեցին երկիրը ճգնաժամից դուրս  բերելու համար։ ԽՍՀՄ-ը փլուզման եզրին էր…

ԼՂԻՄ հայ բնակչությունը, կանխագիտակցելով իր հետագա ճակատագիրն Ադրբեջանի կազմում, ղեկավարվելով խորհրդային պետության գործող օրենքներով, հանդես եկավ պահանջով. ՙԼեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դուրս բերել Ադրբեջանի կազմից և մտցնել  մայր Հայաստանի կազմ՚, որին,  մեղմ ասած, Ադրբեջանը պատասխանեց սվիններով,  իսկ Մոսկվան այն որակավորեց որպես  ՙմի  խումբ  ծայրահեղականների  սադրանք՚։

Պայքարը Ղարաբաղը Հայաստանին միացնելու համար կար  ի սկզբանե և երբևիցե  չէր մարել, սակայն այն այլ ձև ու  բովանդակություն ստացավ այս անգամ։ 

Արցախի հայ  բնակչոււթյունը  դարձավ մի բռունցք,  դուրս եկավ փողոց։  Ստեփանակերտում, շրջկենտրոններում, գյուղերում, ամենուրեք  բազմաթիվ  խաղաղ  ցույցեր  ու միտինգներ  եղան՝  ՙՄիացում՚ և ՙԱրդար պահանջ,  ոչ մի նահանջ՚ կարգախոսներով։ 

 Համերաշխության,  խաղաղ ցույցեր եղան  նաև Շահումյանի շրջանում, Գետաշենում, Ադրբեջանի հայաբնակ այլ բնակավայրերում։ 

…Հայ բնակչության պահանջով  հրավիրված Ժողովրդական դեպուտատների ԼՂ ԻՄ խորհրդի արտահերթ նստաշրջանը, հիմք  ընդունելով  շրջանների, այդ թվում նաև Շահումյանի շրջանից ու Գետաշենից  ստացված որոշումները, ընդունեց որոշում մարզը, նրա կազմում նաև Շահումյանի շրջանն  ու Գետաշենը, դուրս բերել Ադրբեջանի կազմից և  մտցնել Հայաստանի կազմ։  Արտահերթ նստաշրջանի որոշման պատճեններն ուղարկվեցին ԽՍՀՄ, ՀԽՍՀ և Ադր ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ դրական  լուծում տալու խնդրանքով։ 

Ադրբեջանական կողմը, ինչպես և սպասվում էր,  դիմեց հակաքայլերի.

-վերացվեց ԼՂ ինքնավար մարզը՝ որպես  վարչական միավոր,

-Ստեփանակերտ քաղաքը  վերանվանվեց ՙԽանքենդի՚, 

-Շահումյանի շրջանը միացվեց Գերանբոյի շրջանին և  այլ  ձեռնարկումներ։ 

 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը  մերժեց Ղարաբաղի   բնակչության պահանջ-խնդրանքը, այն որակավորեց որպես անջատողականության դրսևորում  և  դատապարտեց։ 

Ղարաբաղը  չհաշտվեց նման վերաբերմունքի  հետ,  շարունակեց իր պայքարը` այս անգամ արդեն  ՙՄահ կամ ազատություն՚ կարգախոսով։

Ադրբեջանը  դիմեց  ահաբեկչական  քայլերի։

1991թ. նոյեմբերից  ազերիներն սկսեցին Ստեփանակերտը գնդակոծել հրետանիով և մարտական հրթիռներով։ Որոշ ժամանակ անց գործի դրվեց նաև ՙԳրադ՚ հրթիռային կայանքը։ Այն կատարվում էր քաղաքի բոլոր կողմերից` Շուշիից, Խոջալլուից, Մալիբեկլվից, Քյոսալարից, այլ վայրերից։ Եվ այս բոլորը  կատարվում էր Կրեմլի թողտվությամբ, ինչ-որ տեղ նաև  նրա հովանավորությամբ։

Օտար այցելուների  բնութագրմամբ` այդ օրերին Ստեփանակերտը  հիշեցնում էր Մեծ Հայրենականի տարիներին պաշարված Լենինգրադը։ 

Հայաստանի օդուժը, որը  մինչև 1991-ի գարունը կարողանում էր  պաշարված քաղաքին  օգնել ամենաանհրաժեշտ նյութերով (սննդամթերք, վառելիք, դեղամիջոցներ), աշնանը հարկադրված եղավ  թռիչքները դադարեցնել։ Խոջալլուի օդանավակայանն արդեն  դարձել էր վտանգավոր, իսկ որոշ ժամանակ անց ադրբեջանական ՕՄՕՆ-ը լրիվ դադարեցրեց նրա գործարկումը։ Փաստորեն, ամբողջ Արցախ  աշխարհն էր պաշարված։ 

* * *

Վիճակից դուրս գալու միակ ելքը նախ Շուշին  ազատագրելն  էր,  որն  ունի   ռազմավարական անառիկ  դիրք։ Ադրբեջանն այստեղ տեղադրել էր ժամանակակից զինտեխնիկայով զինված 4-5¬ հազարանոց զորախումբ։  

ԼՂՀ իշխանությունները երկրում հայտարարեցին  ռազմական դրություն, ստեղծեցին Պաշտպանության պետական կոմիտե, հավաքագրեցին  որոշ զորախմբեր։ Հայաստանից և այլ վայրերից մեզ մոտ եկան ազգությամբ հայ և այլազգի կամավորականներ։ Հայ փորձառու, տաղանդավոր ռազմագետներ  կարողացան խորապես ուսումնասիրել  իրավիճակը, ճշգրտել,  հաշվարկել, խելամիտ պլան-ծրագիր մշակել ու 1992թ. մայիսի 9-ին ազատագրել Շուշի անառիկ  բերդը:  Այդ օրն էլ  հռչակվեց  Արցախի պաշտպանության բանակի ծննդյան օր։ Ազատագրվեցին նաև Լաչինն ու հարակից այլ բնակավայրեր,  որով էլ  բացվեց Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ավտոմայրուղին՝ ՙԿյանքի ճանապարհը՚։ Լռեցվեցին  նաև Ստեփանակերտը շրջապատող ադրբեջանաբնակ մյուս վայրերում տեղակայված  կրակակետերը,  շրջափակումից ազատվեց Ստեփանակերտը։

Ռազմաճակատում մի պահ դադար եղավ։  Սակայն այն կարճատև էր։ Ադրբեջանական կողմը հարձակողական  նոր գործողություններ ձեռնարկեց ամբողջ ճակատով։ 

 Նորաստեղծ Պաշտպանության բանակն իր մի շարք հուժկու  հարվածներով ազատագրեց ազերիների կողմից գրավված  ղարաբաղյան  որոշ  տարածքներ, ոչնչացվեցին  Արցախի  համար վտանգ  հանդիսացող ադրբեջանական  յոթ շրջանների ռազմական հենակետերն ու կրակակետերը։ 

Մեր  բանակը շարունակում էր առաջխաղացումը՝ ազատագրելով նաև  Արցախի հինավուրց հողերի մի մասը։ Թշնամին հարկադրված զինադադար խնդրեց։ 1994-ի մայիսի սկզբներին ստորագրվեց  մարտական գործողությունների դադարեցման փաստաթուղթ։

Պատերազմում հաղթեցին արցախահայության հզոր և անկոտրում կամքը, հայրենիքի նկատմամբ նրա ունեցած անսահման սերն ու անմնացորդ նվիրումը։ Ցավոք, ունեցանք նաև անդառնալի կորուստներ, նահատակներ, ում անուններն ու չխամրող  հիշատակը ոսկե  տառերով են  գրված նորագույն մեր պատմության տարեգրության մեջ։ 

Անցնելով  փառապանծ մարտական ուղի, արցախյան բանակն աճել, հզորացել  և դարձել է հայրենիքի անվտանգության հուսալի երաշխավորը, խաղաղության ու  կայունության գործոնը։ Երբեմն-երբեմն  հանդիպումներ ունենալով շարքային ու սպայական անձնակազմի հետ, ամեն անգամ համոզվում ենք, որ մեր երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը գտնվում են ամուր եւ հուսալի ձեռքերում, որ մեր բանակը մշտապես պատրաստ է ուժգին հարված հասցնելու ոսոխին, եթե նա փորձի ոտնձգություն կատարել մեր չքնաղ երկրի նկատմամբ։

Վկան 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում հակառակորդին հասցրած պատժիչ հարվածն էր, հանրապետության սահմանների անառիկ պաշտպանությունը։

Եռատոնը շնորհավո՜ր, հարգարժան արցախցիներ։

Փա՛ռք ու պատիվ և բարի՛ ծառայություն  հայրենիքի քաջարի պաշտպաններին։  

 

Սերգեյ  ԲԱՐՍԵՂՅԱՆ

ԼՂՀ պատերազմի  և աշխատանքի 

վետերանների միության խորհրդի նախագահ