[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱՆՍԵՆ՝ ՀԱՅԵՐԻ ՓՐԿԻՉԸ

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զանգվածային սպանություններից հետո ողջ մնացած հայերի կյանքի փրկության համար պայքարը եղել է Ֆրիտյոֆ Նանսենի վերջին ու ամենամեծ սխրագործությունը։ 

Յան ԻՆԳԱՐ ՏՈՒՆ

 19-րդ դարի վերջին Կնուտ Համսունն այցելեց Թուրքիա։ Նրան շատ էին գրավում իսլամն ու թուրքերը։ ՙԿիսալուսնի երկրում՚ պատմվածքում նա պատմել է թուրքերի ու քրիստոնյա հայ փոքրամասնության միջև հարաբերությունների վերաբերյալ իր ունեցած կարծիքի մասին։ Նրա խոսքով՝ մինչ արևմտյան թերթերը լի են այդ ժողովրդի դաժան ճակատագրի համար սգով, Արևելքում դժվար չէ լսել, որ նրանք արժանի են այդ ճակատագրին... Հենց Թուրքիայում հայերը թուրքերին դուրս են քշում մի տեղից մյուսն ու իրենք են զբաղեցնում այդ տեղերը։  ՙՆրանց ձեռքում են հայտնվում առևտուրը, վաշխառությունն ու փողերը։ Եվ՝ մարդկանց շահագործումը՚,- նշել է Համսունը։ Համսունի նկարագրությունը հեռու է ճշմարտությունից։ Հայերի մեծամասնությունը  հասարակ գյուղացիներ էին, թեև նրանց շարքերում կային նաև հարուստ վաճառականներ։ Այնուամենայնիվ, Համսունի պատմվածքը ցույց է տալիս հայերի նկատմամբ գոյություն ունեցող նախապաշարմունքներից որոշները, որոնք էլ շուտով հանգեցրին հայ ժողովրդի համար աղետալի հետևանքների։ 

Ազգայնականության ալիքը

Համսունի կողմից այդ տարածքն այցելելուց տասը տարի առաջ թուրքական կայսրությունը կորցրել էր իր եվրոպական տիրույթների մեծ մասը, որոնք նրա տիրապետության տակ էին 15-րդ դարից։   Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան և Սերբիան, մեկը մյուսի հետևից դուրս եկան նրա իշխանությունից։ Ազգայնականության ալիքն անդրադարձավ նաև Թուրքիայի հայ փոքրամասնության վրա։ Հայերն իրենց համարում էին հավատարիմ քաղաքացիներ, խռովություններ չէին կազմակերպում ու անկախություն չէին պահանջում, նրանք միայն բարեփոխումներ ու ավելի շատ իրավունքներ էին ցանկանում։ Դրան ի պատասխան` սուլթանը ճնշեց բարեփոխումների համար բարձրացված շարժումը։ Ավելի քան 200 հազար հայեր սպանվեցին։ 

1908թ. սուլթանը գահընկեց արվեց, այսպես կոչված, ՙերիտթուրքերի՚ կողմից, որոնք աստիճանաբար սկսեցին շարժվել ազգայնական ծայրահեղականության ուղղությամբ։ Կառավարական խորհրդակցություններից մեկի ժամանակ քաղաքական գործիչ Նազիմ Բեյը հայտարարեց. ՙԵս ցանկանում եմ, որ միայն թուրքեր ապրեն։ Եվ ես ցանկանում եմ, որ նրանք ապրեն այստեղ` այս տարածքում, ու անկախ լինեն։ Բոլոր տարրերը՝ բացառությամբ թուրքերի, պետք է ոչնչացվեն` անկախ այն կրոնից, որին պատկանում են։ Այս երկիրը պետք է մաքրվի օտար տարրերից՚։ 

Այժմ այն բանից հետո, ինչ կայսրությունը կրճատվել էր մինչև թուրքական տարածքի նախնական չափերը, այստեղ առանձնանում էր ազգային փոքրամասնության մեկ մեծ խումբ՝ քրիստոնյա հայերը։

Խռովություն

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիան միավորվեց Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի հետ ու պատերազմի մեջ էր գտնվում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի  ու հարևան Ռուսաստանի հետ։ Հայերի մեծամասնությունը հավատարիմ էր (թուրքական կառավարության հանդեպ) ու խիզախորեն կռվում էր թուրքական բանակում։ 

Գոյություն ուներ նաև արմատական փոքրամասնություն, որը համաշխարհային պատերազմը համարում էր ազատագրվելու հնարավորություն: Այդ փոքրամասնության ներկայացուցիչներից ոմանք ծառայության անցան Թուրքիայի թշնամիների մոտ ու դարձան նրանց գործակալներ։ Նրանք շատ չէին, սակայն բավարար էին, որպեսզի երիտթուրքերի ատելությունը նրանց հանդեպ ավելի սաստկանար։ 

1914-1915թթ. ձմռանը ըմբոստացան Վանի նահանգի հայերը։ Նրանք հայտարարեցին, որ ապստամբել են, որպեսզի իրենց պաշտպանեն թուրքական չարաշահումներից։ Նրանք դեռ հիշում էին 19-րդ դարի զանգվածային սպանությունները։ Թուրքերը, ընդհակառակը, համարում էին, որ խռովությունը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ հայերը դավաճաններ են, ովքեր պատրաստվում էին թշնամու ներխուժմանը, քանի որ Վանի նահանգը սահմանակից էր Ռուսաստանին։ 

Վախը միայն ուժգնացավ այն բանից հետո, երբ որոշ հայ ծայրահեղականներ այդ տարածքում կազմակերպեցին մահմեդականների զանգվածային սպանություններ թուրքերի ու քրդերի շրջանում։ ՙԵրիտթուրքերը՚ որոշեցին, որ ՙհայկական հարցը՚ պետք է  վերջնականապես լուծվի։ 

1915թ. մարտին Թուրքիայի բոլոր նահանգապետերը Թալեաթ փաշայի կողմից ստորագրված հեռագիր ստացան. ՙՋեմիեթը (երիտթուրքերի ժողով) վճռել է արմատախիլ անել ու ոչնչացնել այն ուժերին, որոնք դարեր շարունակ հանդես էին գալիս մեր դեմ։ Դա անելու համար մենք ստիպված ենք դիմել արյունալի մեթոդների կիրառմանը՚։ 

Մահապատիժներ

Հաջորդ հեռագրերում տեքստն ավելի հստակ էր. ՙՋեմիեթի հրամանով կառավարությունը որոշել է ոչնչացնել Թուրքիայում ապրող բոլոր հայերին... Նրանց ֆիզիկական գոյությանը պետք է վերջ դրվի՝ ներառյալ կանանց, երեխաների, հաշմանդամների ու հիվանդների՝ հաշվի չառնելով, թե որքան  ողբերգական կարող է լինել տեղափոխման եղանակը՚։ Թալեաթ փաշան հերքում էր այդ հեռագրերի ուղարկման հանգամանքը, և դրա հետ համաձայն են շատ պատմաբաններ։ Անկախ այն բանից, թե ով է դրանք գրել, հեռագրերը դարձան հայերի մեծ ողբերգության սկիզբը։ 

Առաջին հերթին հետապնդումները վրա հասան թուրքական բանակի հայազգի զինվորներին։ Նրանց ուղարկում էին ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածներն ու ինքնակործան գրոհների։ Ողջ  մնացածներին մահապատժի ենթարկեցին։ 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին շուրջ 250 հայ առաջնորդներ ու մտավորականության ներկայացուցիչներ։ Նրանցից շատերին ավելի ուշ մահապատժի ենթարկեցին։ Այդ ժամանակից ի վեր ապրիլի 24-ը հայերի շրջանում սկսվեց անվանվել ՙԿարմիր կիրակի՚։ Ղեկավարների ու զինծառայողների խավի ոչնչացումից հետո հայկական համայնքը մնաց անպաշտպան։ 

Նանսենի աշխատանքը

Ֆրիտյոֆ Նանսենը մեկն էր նրանցից, ով բոլորից ավելի ակտիվ էր հանդես գալիս հայերի աջակցությամբ։ 1927թ. հրատարակված ՙՀայաստանով՚ գրքում նա տվեց տեղի ունեցածի իր նկարագրությունը. ՙԲոլոր սարսափները, որոնց նմանը չկա պատմության մեջ, իրականություն դարձան։ Կիլիկիայի, Անատոլիայի ու Միջագետքի բոլոր գյուղերից հայերին քշեցին դեպի մահվան երթ...Ամեն ինչ պետք է մաքրվեր հայկական գոյությունից։ Քանի որ տղամարդկանց մեծամասնությանը ուղարկել էին ռազմաճակատային աշխատանքների, տներից հիմնականում արտաքսում էին կանանց, երեխաներին, ծերերին ու հաշմանդամներին... Բոլոր գյուղերից այդ դժբախտներին միավորում էին մեծ շարասյուների մեջ, և առանց ջրի և ուտելիքի լեռներով քշում արաբական անապատներ, որտեղ ոչինչ չէր արվում, որպեսզի ընդունեն ու աջակցեն այդ խեղճ ու սոված մարդկանց բազմությանը։ Չէ՞ որ ծրագիրն այն էր, որպեսզի նրանք, ովքեր չգլորվեցին անդունդը և չմահացան ճանապարհին, մեռնեին սովից՚։

Փախստականներ

1915թ. գարնան ու ամառվա ընթացքում ոչնչացվեց մոտավորապես մեկուկես միլիոն հայ։ Իրական թվերը, հավանաբար, երբեք չենք իմանա։ Սակայն դա բավական էր, որպեսզի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան 1915թ. օգոստոսի վերջին կարողանար ասել. ՙՀայկական հարց այլևս  գոյություն չունի՚։

Բայց Ֆրիտյոֆ Նանսենի համար այդ  թեման միայն զարգանում էր։ 1920թ. հայտնի բևեռախույզը ՄԱԿ-ին  նախորդած Ազգերի Լիգայի կողմից նշանակվեց փախստականների հարցերով հանձնակատար։ 

Գլխավոր խնդիրներից մեկը Թուրքիայում զանգվածային սպանություններից հետո ողջ մնացած մոտավորապես 300 հազար հայ փախստականներն էին։ Նրանք չէին կարող Թուրքիա վերադառնալ և  չունեին սեփական ազգային պետություն։ ԱՄՆ  նախագահ Վուդրո Վիլսոնն առաջարկեց հայերի համար սեփական երկիր ստեղծել Ռուսաստանի ու Թուրքիայի սահմանին գտնվող շրջանում, բայց արևմտյան գերտերությունները ոչ մի ցանկություն չհայտնեցին այդ նախագծին աջակցելու համար` ո՜չ ռազմական ուժով, ո՜չ էլ տնտեսական միջոցներով։ Վշտացած Նանսենը գրում է, որ ՙԵվրոպայի արևմտյան գերտերությունների ու Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հետևեցին …միայն խոսքեր՚։ 

Փորձեց ստանալ խորհրդային աջակցությունը

Արդյունքում Նանսենը դիմեց սոցիալիստական Խորհրդային Միությանը։ 1920թ. կոմունիստները Կովկասում ստեղծեցին հայկական ԽՍՀ՝ Երևան մայրաքաղաքով։ Դա հայերի պատմական հայրենիքն էր՝ մեծ թվով հայ բնակչությամբ։ 

1925թ. Նանսենը մեկնեց այդ շրջան, որպեսզի ծանոթանա հայ փախստականների ընդունման պայմաններին ու հնարավորություններին։ Նանսենը հիացմունքով ընդունեց այն, ինչ արել էին կոմունիստները. ՙԱյնտեղ, որտեղ եղել է քաոս, աղքատություն ու սով, կարգուկանոն է հաստատվել ու նույնիսկ ինչ-որ չափի բարեկեցություն, իսկ հասարակությունը մշտապես զարգանում է բազմաթիվ նոր ու կարևոր միջոցների շնորհիվ` արդյունավետ ղեկավարության ներքո՚։ 

Նա նաև սուր դիտողություն արեց արևմտյան գերտերությունների հասցեին. ՙՏարօրինակ է, որ հենց նրանց կողմից, ովքեր չկատարեցին իրենց պարտավորություններն ու չարեցին ոչինչ հայերին օգնելու համար, ում շատ անհրաժեշտ էր այդ օգնությունը, երբ դրա կարիքը կար, հետևում են հանդիմանություններ հայերի հասցեին այն բանի համար, որ նրանք ընդունել են խորհրդային իշխանությունը, որպեսզի փրկեն երկիրն ու ժողովրդին՚:

Նանսենն այդ շրջանում 50 հազար փախստականների տեղավորելու հույսեր ուներ, մասնավորապես՝ կառուցելով ջրանցքներ ու ջրամատակարարման օբյեկտներ, որպեսզի Հայաստանի անապատային տարածքները բարեբեր դարձներ։ Խորհրդային իշխանությունը սատարեց այդ նախագծին, բայց նրան տնտեսական աջակցություն էր անհրաժեշտ, քանի որ հեղափոխությունն ու քաղաքացիական պատերազմը սնանկացրել էին երկիրը։ 

Ազգերի Լիգան հրաժարվեց աջակցություն ցուցաբերել կոմունիստական Հայաստանին։ Գումար գտնելու համար Նանսենը ստիպված էր ուղևորություններ կատարել ու զեկույցներով հանդես գալ,  ինչպես նաև փորձել ստանալ անհատական դոնորների աջակցությունը։ 1928թ. Նանսենը բավականաչափ գումար հավաքեց իր համեստ նախագիծը գործի դնելու համար։ 

Պարտության զգացողությունը

Շուրջ  20 հազար հայ փախստականներ նոր հայրենիք ստացան,  բայց դա ամենևին էլ այն չէր, ինչի հետ հույսեր էր կապում Նանսենը։ Նա դառնությամբ գրում է. ՙԻնչո՞ւ է Ազգերի Լիգան  հանձնաժողովներ ստեղծում, որ իմանա՝ կարելի՞ է, արդյոք, ինչ-որ բան անել անտուն հայ փախստականների համար։ Նա դա անում է այն բանի համար, որովհետև նրան տանջո՞ւմ է խիղճը (եթե այն դեռ մնացել է)...Վա՛յ հայ ժողովրդին, որին ներքաշեցին եվրոպական քաղաքականության մեջ: Լավ կլիներ, եթե ոչ մի եվրոպացի դիվանագետ չարտասաներ այդ անվանումը՚։ 

Ֆրիտյոֆ Նանսենը մահացել է 1930թ.՝ համոզված, որ հայերի համար կատարած աշխատանքը եղել է իր կյանքի ամենամեծ պարտությունը։ Բայց այսօր հայերը դժվար  թե համաձայնեն նրա հետ։ 

Երևանում Նանսենի 150-ամյակի առիթով հուշարձանի բացման ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. ՙՆանսենն օգնել է հայ ժողովրդին մեզ համար ամենադժվար ժամանակաշրջաններից մեկում։ Նա փրկել է ոչ միայն հարյուր հազարավոր հայերի, այլ նաև հավատն այն բանի հանդեպ, որ մարդկանց մեջ կա ինչ-որ բարություն։ Հավատն առ այն, որ  ապրիլի 24-ից հետո կգա 25-ը՚։  

 

inosmi.ru