[ARM]     [RUS]     [ENG]

ՏՈՆ ՎԵՐԱՑՄԱՆ Ս. ԽԱՉԻ

Հայ Առաքելական եկեղեցին սեպտեմբերի 17-ին նշում է Խաչվերացի կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, Սրբխեչի տոնը որը խաչին նվիրված ամենագլխավոր, ինչպես նաև Հայ եկեղեցու տաղավար վերջին` հինգերորդ տոնն է: Տոնը շարժական է և նշվում է սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակի օրը:

 Խաչվերացը հիշատակն է Քրիստոսի խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): 

Եկեղեցական պատմագրության համաձայն` 610թ. պարսից Խոսրով Բ արքան մեծաքանակ զորքով հարձակվում է Բյուզանդական կայսրության վրա: Սկզբնական հաջողություներից ոգևորված՝ պարսկական զորքերը 614թ. մտնում են Երուսաղեմ: Շատերը սրի են քաշվում, շատերն էլ գերեվարվում: Վերջինների մեջ էր նաև Երուսաղեմի Զաքարիա հայրապետը: Բայց պարսիկներն այսքանով չեն բավարարվում. մտնում են Ս. Հարության տաճար և, ի նշան քրիստոնյաներին ուղղված անարգանքի, գերի վերցնում այնտեղ պահվող խաչափայտը, որը Դ դարի սկզբում Կոստանդիանոս կայսեր մոր` Հեղինեի կողմից գտնվել և պաշտամունքի առարկա էր դարձել բոլոր քրիստոնյաների համար:

Խաչափայտը 14 տարի մնում է գերության մեջ:  628թ. Հերակլ կայսեր գլխավորությամբ բյուզանդական զորքերը խաչափայտը վերադարձնելու համար պատերազմի են դուրս գալիս պարսիկների դեմ: Պատերազմին մասնակից է դառնում նաև հայկական զորախումբը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Բյուզանդացիները հաղթանակ են տանում, խաչափայտն ազատվում է գերեվարությունից: Այն հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը, խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ. Պոլսում պահելուց հետո, անձամբ` կառքի մեջ ծնկած ու այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` ի տես բոլոր քրիստոնյաների բարձրացնում է Ս. Հարության վերանորոգված տաճարում: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվում և սկսվում է մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը` Խաչվերացը:

Խաչվերացի տոնը քրիստոնյաների համար նախ և առաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Պատահական չէր, որ գտնվելուց հետո Քրիստոսի խաչափայտը մյուս երկու` ավազակների խաչերից տարբերելու համար միջոց ընտրվեց մահացած մարդու վրա հերթով դնելը: Փրկչի խաչափայտի հպումից հանգուցյալը հարություն առավ, քանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի Սուրբ Արյունով ստացավ նորոգելու, բժշկելու և հարություն տալու զորություն: Քրիստոս, խաչի վրա մեռնելով, հաղթեց մարդկությանը սարսափեցնող մահվանը: Ըստ Գրիգոր Տաթևացու, խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, ՙդրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը՚: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի և բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը: 

Խաչվերացը մեծ հանդիսավորությամբ է տոնվում Հայ եկեղեցում: Եկեղեցու հայրերը, տաղավար տոներին առավել մեծ ժողովրդականություն հաղորդելու նպատակով, որոշ տաղավար տոների կցել են տոնի խորհրդին համահունչ որոշ հավելյալ արարողություններ: Այսպես Ս. Ծնունդին կատարվում է Ջրօրհնեքը, Վերափոխմանը` Խաղողօրհնեքը, իսկ Խաչվերացին` Աշխարհօրհնեքը կամ Խաչվերացի թափոր անդաստանը: Անդաստանն աշխարհի չորս կողմերի օրհնության կարգն է, որը սովորաբար կատարվում է եկեղեցու ներսում: Իսկ Խաչվերացի տոնին այն կատարվում է ավելի մեծ հանդիսավորությամբ. խաչը կամ խաչի մասունքը կրող ճաճանչը զարդարվում է ռեհանով (ավանդության համաձայն` երբ խաչափայտը գտնվել է աղբանոցի վերածված Գողգոթայում, այն ամբողջովին պատված է եղել ռեհանով, որը զերծ է պահել խաչափայտը փտումից ու աղտոտումից) և ծաղիկներով: Հանդիսավոր թափորը շարականների երգակցությամբ հաղթական սուրբ նշանը դուրս է բերում եկեղեցուց և հանդիսապետ հոգևորականի առաջնորդությամբ կարգ է կատարում` պտտվելով եկեղեցու շուրջը, կանգ առնելով և օրհնելով աշխարհի չորս կողմերը ու օրհնված վարդաջուր ցողելով հավատացյալների վրա: 

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այց է կատարվում հանգուցյալների շիրիմներին:

 

Տ. Ներսես քահանա ԱՍՐՅԱՆ

Հայ Առաքելական Եկեղեցու 

Արցախի թեմի Տեղեկատվական համակարգի տնօրեն