[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂ, ՈՐ ԿԱՆԳՈՒՆ Է ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐՈՎ

Հանդիսավորությամբ նշվեց Սզնեք գյուղի 300-ամյակը

 Արցախի հնագույն բնակավայրերից է Ասկերանի շրջանի Սզնեք գյուղը՝ շրջապատված  կուսական անտառներով: Աշխատասեր, պատվասեր, բարի ու համեստ սզնեքցին հազար ու մի թելով կապված է հարազատ գյուղի հետ։ Տարեցները կարոտով ու երանությամբ են խոսում նախկին Սզնեքի մասին, որ հայտնի էր իր ստեղծագործ, ուսումնատենչ մարդկանցով։ Պատահական չէր, որ գյուղը հաճախ կոչում էին ՙՓոքր Թիֆլիս՚։

Սեպտեմբերի 10-ին սզնեքցիները նշեցին գյուղի 300-ամյակը։ Ուղիղ մեկ տարի առաջ այս նույն օրը համագյուղացի, ռուսաստանաբնակ Վալերի Ասծատրյանի հովանավորությամբ գյուղի բնակչության համար միջոցառում էր կազմակերպվել, որի ժամանակ երիտասարդության կողմից առաջարկություն է ներկայացվել սեպտեմբերի 10-ը նշել որպես Գյուղի օր։ Նախաձեռնությունը մեծ խանդավառությամբ ընդունվեց համայնքի բնակչության կողմից, և առհավատչյան օրվա գեղեցիկ միջոցառումն էր:

Այստեղ էին արմատներով սզնեքցի, ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Առստամյանը, բարերար Վալերի Ասծատրյանը։ Մարդիկ, ովքեր մշտապես ապրում են գյուղի կյանքով և ուշադրության կենտրոնում պահում նրա բարեկեցությունը:

Սզնեքցիներին շնորհավորելու էին եկել նաև Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը, ՙԲերդ՚ թերթի խմբագիր Վալերի Պետրոսյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը:

Մինչ հանդիսավոր միջոցառման սկսելը ներկաներն այցելեցին Հայրենական Մեծ և Արցախյան պատերազմներում զոհված սզնեքցի հայորդիների հիշատակին կառուցված հուշահամալիր, ծաղիկներ տեղադրեցին ու մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը։ 

Տոնական միջոցառումը շարունակվեց Ներքին Սզնեքի Գրիշա Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցում։

Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մելիքսեթ Սահակյանը, շնորհավորանքի խոսքով` համայնքի ղեկավար Էդուարդ Մուսայելյանը։ 

Ըստ վկայությունների, գյուղն իր անվանումն ստացել է շրջապատում մեծ քանակությամբ սզնի ծառերի առկայությունից։

1890-ական թվականների սկզբներին գյուղում կար 92 տուն և 727 բնակիչ, իսկ 1979 թվականին՝ 36 տուն և 109 բնակիչ։ Այսօր գյուղն ունի 32 տուն և 127 բնակիչ:

Էջմիածնի սինոդին ներկայացված Արցախի թեմի զեկուցագրում նշված է, որ 1873 թվականին Շուշի գավառի Սզնեք գյուղում բացվել էր նախակրթարան՝ 31 աշակերտով, դասավանդում էր մեկ ուսուցիչ։ 1874-75 ուս.տարում գյուղի հասարակության խնդրանքով բացվեց  եկեղեցական ծխական դպրոց, որտեղ սովորում էր 20 աշակերտ։ 1880-ական թվականների վերջերին գործում էր ծխական դպրոց՝ 35 աշակերտների ընդգրկմամբ։ Գործում էր երկու բաժանմունք, դասավանդում էր մեկ ուսուցիչ։

1896 թվականին ցարական կառավարության կողմից Արցախում փակվում են բոլոր հայկական դպրոցները, սակայն Սզնեքում գաղտնի գործում էր դպրոցը, որը հաճախում էին նաև հարևան գյուղերի երեխաները։

1907-08 ուս.տարում գյուղում բացվեց ծխական երկսեռ դպրոց՝ 45 աշակերտով։ Մինչև 1950 թվականը գյուղի դպրոցը գործել է մասնավոր տներում։ 1950 թվականին կառուցվել է նոր 8-ամյա դպրոցի շենք, որտեղ սովորում էր 65 աշակերտ։ Այն գործել է մինչև 1982 թվականը։ Դպրոցը փակվելուց հետո աշակերտները հաճախում էին հարևան Կարմիր գյուղի դպրոցը։ Սզնեքի դպրոցը վերաբացվեց 1988 թվականին, սկզբից  որպես տարրական, իսկ 1991 թվականից՝ 8-ամյա։ 2000 թվականից առ այսօր դպրոցը միջնակարգ է։ 2017 թվականին այն ճանաչվել է Ասկերանի շրջանի լավագույն դպրոցներից մեկը։ Վերջին տարիներին կրթօջախի աշակերտները շրջանային և հանրապետական օլիմպիադաներում գրավել են առաջնային տեղեր, այնուհետև մասնակցել Երևանում կազմակերպված եզրափակիչ փուլին։ Արժանացել են դիպլոմների, գովասանագրերի և հանրապետության նախագահի կողմից ստացել պարգևներ:

Ի սկզբանե, սզնեքցիները հայտնի էին որպես հմուտ արհեստավորներ։ Հիմնականում տարածված էր դերձակությունը և ոսկերչությունը։ 1930-1950 թվականներին այստեղ գործում էր կարի ֆաբրիկա, որտեղ կար 40 մեքենա։ Մեր ժողովուրդը միշտ էլ հայտնի է եղել որպես աշխատասեր և շնորհաշատ ժողովուրդ։ Մենք հպարտանում ենք մեր նշանավոր զավակներով. Սերգեյ Արզումանյան, Գեորգի Իսրայելյան, Հայկ Արզումանյան, Արտավազդ Ավագյան, Միքայել Առաքելյան, Տեր Միքայել Միքայելյան, Սերգեյ Դավթյան, Արմեն Իսագուլով, Վալերի Ասծատրյան…

Սզնեք գյուղն ակտիվորեն նվիրվել է Հայրենիքի համար մղվող պայքարին, ինչպես Մեծ Հայրենականում, այնպես էլ` Արցախյան ազատամարտում։ 105 սզնեքցի անմահացան Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ, իսկ Արցախյան ազատամարտում 12 տղաներ իրենց մատաղ կյանքը զոհաբերեցին հանուն այս սուրբ հողի, մեկ սզնեքցի համարվում է անհայտ կորած։

Արցախյան պատերազմից հետո սզնեքցին կարողացավ դիմակայել բոլոր դժվարություններին, չկորցրեց հավատն ապագայի հանդեպ և ավելի մեծ նվիրումով մասնակցեց հայրենիքի շենացմանն ու բարգավաճմանը։ Իրականացվել են աշխատանքներ գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ։ Գյուղում գործում են գյուղացիական անհատական տնտեսություններ, որոնք հիմնականում զբաղվում են հացահատիկի, բանջարեղենի մշակությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։ Հուզմունքով էր պատված գյուղաբնակ մտավորական Շահեն Մարգարյանի խոսքը։ Շնորհավորելով համագյուղացիներին հիշարժան տոնի առթիվ՝ նա հպարտությամբ նշեց, որ կրթությունն ու արհեստը, դերձակագործությունն ու ոսկերչությունը միշտ էլ հարգի էին Ներքին Սզնեքի բնակչության համար, և դրա վառ ապացույցն է, որ գյուղը տվել է բազում նշանավոր մարդիկ։

Զոհված ազատամարտիկի հայր Արտյուշա Միքայելյանը տոնական այս օրվա մեջ մեծ իմաստ էր տեսնում.

-Այսօրվա միջոցառումը մի յուրօրինակ դաս է բոլորիս։ Մեր կողքին տեսնելով բարերար համագյուղացիների, պետական այրերի՝ ավելի մեծ հույսով ու հավատով ենք լցվում։ Երիտասարդ սերունդը համակվում է հայրենի գյուղը պահելու և պահպանելու տենչով։ Այդ սերունդն ունի այնպիսի արմատներ, որոնցով միայն հպարտանալ կարող է։ Մենք միասին, համատեղ ուժերով կշենացնենք մեր գյուղը, և համոզված եմ` կլինենք միահամուռ և ուժեղ։ 

Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի և անձամբ իր անունից շնորհավորելով սզնեքցիներին նշեց, որ գյուղի բնակչությունը միասնական է, իսկ որտեղ միասնություն, համերաշխություն, այնտեղ` ապագայի հանդեպ մեծ հավատ ու լավատեսություն։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ