[ARM]     [RUS]     [ENG]

ՈՐՊԵՍ ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Արցախի Հանրապետության Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունն (ԱԿԱՀՄ) արդեն 19 տարեկան է։ Իր հիմնադրման օրից կազմակերպությունը համագործակցում է տարբեր հասարակական կազմակերպությունների, գերատեսչությունների, առանձին անհատների հետ։

ԱԿԱՀՄ անդամների` ամենից առաջ բարոյական սատարն են եղել տարբեր մասնագիտությունների տեր հազարավոր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրի հանդեպ կազմակերպության արձագանքը միշտ էլ եղել է երախտագիտությունը։ 

Հոկտեմբերի 20-ին միության գրասենյակում կազմակերպված միջոցառումը՝ նվիրված Արցախի գրողներին, նույնպես երախտագիտության արտահայտման  յուրօրինակ միջոց էր։ ԱԿԱՀՄ հարկի տակ հյուրընկալվել էին երկու տասնյակ գրողներ՝ ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի գլխավորությամբ։ Միջոցառմանը ներկա էին անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչը։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԼՂՀ ԱԿԱՀՄ նախագահ Վերա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց արցախցի գրողներին՝ անցած 19 տարիներին կազմակերպության գործունեությանը ցուցաբերած ուշադրության և աջակցության համար։  Նրա խոսքով՝ նրանցից ամեն մեկը դա արել է յուրովի. Դավիթ Միքայելյանն, օրինակ, իր հոդվածով առաջինն է հանրությանն իրազեկել կազմակերպության ստեղծման մասին, ՙՀույսի ճանապարհ՚ թերթը (միության օրգան) երեք տարի խմբագրել է Ռոբերտ Եսայանը, Վ. Գրիգորյանի՝ որոնողական աշխատանքների մասին պատմող 1-ին և 2-րդ գրքերը խմբագրել է Նվարդ Սողոմոնյանը, ՙԳթասրտության ժամանակը՚ կինոֆիլմի գլխավոր խմբագիրը Նվարդ Ավագյանն է…Նրանց շարքը երկար է և բոլորին մեկ առ մեկ չես թվի։ Բացի այդ, նրանք տարբեր առիթներով այցելում են միության հուշաթանգարան, հարգանքի տուրք մատուցում, հետաքրքրվում անհայտ կորածների ճակատագրերով և նրանց ընտանիքների վիճակով։ 

ՙՄեզ՝ անհայտ կորած տղաների մայրերիս ու մյուս հարազատների համար, ուշադրության մեծ ու փոքր արարք չկա, և սատարման ամեն ջանք ու օրինակ  անցնում է մեր սրտի միջով, եթե չասենք՝ մտնում և մնում են մեր վիրավոր սրտի կարմիր մատյանում՚,-ասաց Վ. Գրիգորյանը։ ԱԿԱՀՄ նախագահի հավաստմամբ՝ որպես ավանդույթ կազմակերպության յուրաքանչյուր տարելից նշանավորվում է հոգևոր կամ մշակութային որևէ նորությամբ։ Այս տարվա նորույթը Արցախի գրողների լուսանկարներով պատրաստված ստենդն է, որը կազմակերպության հետ սերտ կապի վկայություն է, և, իհարկե, երախտագիտության արտահայտում։ 

Ստենդի բացման պատիվը տրվեց Վարդան Հակոբյանին։ Շնորհակալական խոսքում նա ասաց. ՙՄեծ առաքելություն է կատարում Վ. Գրիգորյանը՝ շուրջ երկու տասնյակ տարի իր շուրջը համախմբելով անհայտ կորածների հարազատներին։ Մեր մտավորականներից յուրաքանչյուրի պարտքն է՝ եթե ոչ նյութապես, գոնե բարոյապես սատարել նրանց, սփոփել, սպեղանի դառնալ վերքերին։ Եկեք մաղթենք, որ բոլոր նրանք, ովքեր անհայտության մեջ են, վերադառնան իրենց օջախները։ Արցախի գրողների միության անդամները հետայսու ևս կշարունակեն համագործակցել, այցելել ու աջակցել ցավի ու վշտի մեջ հայտնված անձանց։ Դա ոչ միայն հարգանքի տուրք է, այլև հոգու անսպառ պարտք՚։ Որպես հավաստումն ասվածի՝ Վ. Հակոբյանը Արցախի գրողների միության պատվոգիր հանձնեց ԱԿԱՀՄ նախագահին։     

Վ. Գրիգորյանը համագործակցության համար պատվոգիր ստացավ նաև ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմահայրենասիրական դաստիարակության բաժնի կողմից։ Բաժնի պետ կապիտան Նունե Աբաղյանը՝ հանձնելով պատվոգիրը՝ միաժամանակ կարևորեց նման միջոցառումներն ու ասաց, որ դրանք յուրատեսակ խորհուրդ ունեն ու մեկ անգամ ևս վկայում են, որ հայն իր ընտրած ճանապարհից երբեք չի նահանջի։ Իսկ ԱՀ պատերազմի և աշխատանքի վետերանների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանն էլ մաղթեց, որ հաջորդ նման հավաքի համար առիթ դառնա անհայտությունից տուն վերադարձած որևէ մեկի հետ հանդիպումը։

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ