Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ Ի ԶՈՐՈՒ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հարցազրույց ԱՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Վազգեն ԳՅԱԳՈՒՆՑԻ հետ

 - Պարոն Գյագունց, որո՞նք են ԼՂՀ ԴԱՀԿ ծառայության նպատակներն ու գործառույթները։

-Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը Արդարադատության նախարարության համակարգում գործող՝ նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որն ապահովում է ՙԴատական ակտերի հարկադիր կատարման մասին՚ ԼՂՀ օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարումը։ Ծառայության նպատակը ԼՂՀ դատարանների կողմից կայացված վճիռների, որոշումների ի կատար ածելն է։ Գործառույթների մեջ մտնում են գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելը, գույքի հետախուզումն ու իրացումը։ Կարող ենք փաստել, որ ծառայությունն իրականացնում է իրավական համակարգի ամրապնդման, օրինականության պահպանման, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության չափազանց կարևոր ու պատասխանատու առաքելություն։

- Ի՞նչ է իրենից ներկայացնում հարկադիր կատարումը և ինչպե՞ս է այն իրականացվում։

- Հարկադիր կատարումը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի գործունեության հիմքում ընկած են օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանումը։ Հարկադիր կատարումը հարկադրանքի միջոցների կիրառումն է, այսինքն` քաղաքացիներին, պարտապաններին պարտավորեցնել, որպեսզի դատարանի որոշման հիման վրա ի կատար ածեն դրանք, անկախ այն բանից` գույքայի՞ն, թե՞ ոչ գույքային բնույթի են այդ որոշումները։ 

- Այս տարի կատարողական վարույթներով ինչքա՞ն գումար է բռնագանձվել ԴԱՀԿ-ի կողմից։ Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։

- Հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ԴԱՀԿ ծառայության կողմից բռնագանձվել է շուրջ 700 մլն դրամ գումար, որոնք բաշխվել են իրավաբանական անձանց, պետության և ֆիզիկական անձանց օգտին, մասնավորապես՝ 53մլն դրամ՝  ֆիզիկական անձանց, 595մլն դրամ՝ իրավաբանական անձանց և  49մլն դրամ՝ պետության օգտին։ Նախորդ տարվա համեմատությամբ նկատելի է այն փաստը, որ տարեցտարի ավելանում է կատարողական թերթերի քանակը. 9 ամսվա կտրվածքով  ԴԱՀԿ-ն ստացել է 5 762 կատարողական թերթ։ Դրանցից յուրաքանչյուրում կա՜ պարտապան և կա՜ պահանջատեր, ինչը նշանակում է, որ ինն ամսվա ընթացքում մենք առնչվել ենք շուրջ 12 հազար քաղաքացու հետ։ Սա ահռելի գործ է, հատկապես եթե նկատենք, որ այդ քաղաքացիների շարքում կան տարբեր բնավորությամբ ու տարբեր մակարդակի մարդիկ, ինչպես կիրթ, համեստ, այնպես էլ օրենքը չըմբռնող անձինք։ Մենք փորձում ենք լեզու գտնել յուրաքանչյուրի հետ, տանել համապատասխան բացատրական աշխատանք, և, կարելի է ասել, դժգոհ մարդիկ գրեթե չկան։ Հիմնականում դժգոհություններ լինում են այն դեպքում, երբ տվյալ պարտապանը չունի ո՜չ գույք, ո՜չ եկամուտ, որպեսզի հնարավոր լինի մեր կողմից բռնագանձում տարածել։  Նման դեպքերում մենք ոչինչ անել չենք կարող։ Ամեն ինչ կատարվում է օրենքի սահմաններում։  

- Իրականացվող աշխատանքի արդյունավետությունն ու որակը բարձրացնելու նպատակով ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում ծառայության աշխատողների կողմից։

- Մեր աշխատողները հետևողական աշխատանք են տանում անգամ այն դեպքում, երբ հարկադիր կատարողը առնչվում է խրթին հարցերի կամ խոչընդոտների հետ. անմիջապես վերադասը միջամտում է,  և տվյալ հարցը գտնում է իր լուծումը՝ օրենքով սահմանված կարգով։ Մեկ նկատառում եմ ուզում անել. ծառայության որակն է՜լ ավելի բարձրացնելու նպատակով, կարծում եմ, որոշ բաժինների, բաժանմունքների  համալրում է անհրաժեշտ, որոնք կան Հայաստանում, բայց մեզ մոտ չկան։  

-Ընդհանուր առմամբ, ԴԱՀԿ-ն ունի՞ անհրաժեշտ ներուժ՝ իր գործառույթները պատշաճ մակարդակով իրականացնելու համար։

-Կադրերով ապահովված ենք, բայց, կարծում եմ, ժամանակի ընթացքում նոր կադրերով համալրվելու դեպքում աշխատողների վերապատրաստման անհրաժեշտություն կլինի:

- Ինչպիսի՞ն է համագործակցությունը հայաստանյան համանուն կառույցի հետ, հատկապես մասնագիտական փորձի փոխանակման,  ֆինանսատնտեսական և այլ առումներով։

- Շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք հայաստանյան մեր գործընկեր կառույցի հետ։  Հարկ է նշել, որ մեծ է նրանց ավանդն ու օգնությունը բոլոր տեսակի հարցերում։ Այն ակնառու է հատկապես մասնագիտական-մեթոդական, նյութատեխնիկական բազայի հարստացման ու վերազինման, էլեկտրոնային ծրագրերի մշակման ու ներդրման առումով։  Լինում են դեպքեր, երբ կատարողական վարույթի թերթիկը ՀՀ քաղաքացու է վերաբերում, նման դեպքերում գործն ուղարկում ենք հայաստանյան մեր գործընկեր կառույցին, որպեսզի նրանք զբաղվեն այդ հարցով։ Նույնն էլ նրանց կողմից է արվում։ Բացի այդ, փոխադարձ այցելություններ ենք կատարում փորձի փոխանակման, տարբեր միջոցառումների մասնակցելու նպատակով։ Արդեն քանի տարի Սեպտեմբերի 10-ը մեզ մոտ՝ Արցախում, պետականորեն նշվում է որպես Հարկադիր կատարողի օր, և ամեն անգամ տոնի կապակցությամբ ՀՀ գլխավոր հարկադիրի կողմից արժանանում ենք ուշադրության։ Նույնն էլ անում ենք մենք՝ Մայիսի 5-ին, նրանց մասնագիտական օրվա կապակցությամբ։ Մեր երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր էր ստորագրվել, բայց, կարծում եմ, այն թարմացվելու, նորացվելու կարիք ունի՝ այլ խնդիրներ ևս ընդգրկելու նկատառումներով։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, և, հուսով եմ, մոտ ժամանակներս  նորություն կլինի։ Մի խոսքով՝ ՀՀ համանուն կառույցի կողմից ջանքեր չեն խնայվում՝ Արցախի ծառայությունը միջազգային ասպարեզում ճանաչելի դարձնելու համար։

- Կարո՞ղ եք վստահաբար ասել. ԴԱՀԿ ինստիտուտը կայացել է Արցախում։

- Միանշանակ։ Արցախի ԴԱՀԿ ծառայությունն ի զորու է իրականացնել իր առջև դրված բոլոր խնդիրները։ Ուզում եմ նաև հավաստիացնել, որ մեր Գլխավոր հարկադիր կատարողը ջանք ու եռանդ չի խնայում ծառայությունը հասցնելու մի այնպիսի մակարդակի, որն ընդունելի կլինի թե՜ իշխանությունների և թե՜ ժողովրդի կողմից, քանզի ծառայության աշխատակիցների սկզբունքային, բարեխիղճ գործունեությամբ են նաև պայմանավորված մեր երկրի հաջողություններն ու ձեռքբերումները։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ