[ARM]     [RUS]     [ENG]

ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ` ՀՈԳԵՎՈՐ ՍՆՈՒՆԴ

ԼՂՀ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպության ու Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի համագործակցությամբ օրերս Կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում տեղի ունեցավ գրքի մասսայականացմանն ու հանրահռչակմանը նվիրված միջոցառում։

Կազմակերպիչները նպատակ ունեին զորամասի գրադարանին գրքեր նվիրելով, հայ դասական ու ժամանակակից գրողների ստեղծագործությունները ներկայացնելով  դրանք հասու դարձնել զինծառայողներին, հոգևոր սնունդ  մատուցելով նրանց փոքր-ինչ կտրել լարված զինվորական կյանքից և նպաստել նրանց ակտիվ  հանգստի կազմակերպմանը։

Միջոցառման նախաձեռնող Հասմիկ Միքայելյանը հանդիպումն անվանեց յուրահատուկ` այն առումով, որ միջոցառման  ընթացքում  չի խոսվելու պատերազմի, զինվորական  կարգապահության, ծառայության նշանակության ու պատասխանատվության  կրման մասին, մայրական խորհուրդ-խրատներ չեն  հնչելու, այլ իրար հետ շփվելու, խոսելու են բացառապես գրքի, պոեզիայի լեզվով, ասել է թե`  փառաբանելու են գեղեցիկն ու բարին, սերն ու կյանքը, գիտելիքների անսպառ աղբյուր հանդիսացող գրքի դերն ու ու նշանակությունը մարդու կյանքում։ 

Մուրացանի անվան քաղաքային  գրադարանի տնօրեն  Մարիա Խաչատրյանը ողջունեց զինվորներին, նրանց Գևորգ Մարզպետունու պատվիրանը փոխանցեց. ՙՄիաբանվեք, միակամությունն է մեր ազգի փրկությունը՚։ Մարիա Խաչատրյանի հավաստմամբ, սեպտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի  օրը, նրանք հանդես  են եկել  նախաձեռնությամբ, որը լինելու է շարունակական։ ՙԿյանքը՝ գրքերով՚ նշանաբանով անցկացվելիք միջոցառումների շրջանակներում նրանք նպատակադրվել են մինչև տարեվերջ  հանդիպումներ կազմակերպել մի շարք  զորամասերում և այդ ընթացքում գրքեր նվիրել զորամասերի գրադարաններին։ Գրող-լրագրող Սոֆյա Սարգսյանն ու բանաստեղծուհի Սիրվարդ Մարգարյանը զինվորների համար արտասանեցին իրենց ստեղծագործություններից ու զորամասի գրադարանին նվիրեցին իրենց հեղինակած գրքերից։ Մայրաքաղաքի մի շարք դպրոցների աշակերտներից կազմված ասմունքողների  խումբը  հիացմունք  պատճառեց զինծառայողներին,  իսկ երգչուհի Մարիա Դավթյանն իր անկեղծ ու արհեստավարժ  կատարումներով արժանացավ  ներկաների համակրանքին։ Զինվորների շրջանում ոգևորությունն այնքան մեծ էր, որ շարքայիններ Գայ Խեչոյանն ու Վահե Ղուլյանը իրենց երգ ու  նվագով միացան դպրոցականներին` նոր լիցք, երանգ ու տրամադրություն հաղորդելով միջոցառմանը։

Զորամասի հրամանատարի  ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Հովիկ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման  կազմակերպիչներին ու մասնակիցներին` հույս հայտնելով, որ նման հանդիպումները  կդառնան ավանդական, խոստացավ, որ հաջորդ հանդիպումներին իրենք ևս ակտիվ մասնակցություն կունենան և միայն դիտողի դերում չեն լինի։ 

Զորամասի հրամանատարի տեղակալը միաժամանակ ողջ անձնակազմի անունից հավաստիացրեց, որ իրենք ամուր կանգնած են Արցախի պաշտպանության դիրքերում և թույլ չեն տա, որ մեր ժողովրդի անդորրը խաթարվի։ 

 

ՙԱԱ՚