[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՍԽՐԱՆՔԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ

Նոյեմբերի 24-ին ԱրՊՀ-ում տեղի ունեցավ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՊԲ կապիտան Հրայր Փաշայանի ՙՊաշտպանության բանակի լավագույն դիրքապահները՚ գրքի շնորհանդեսը։ Այն հրատարակվել է  ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից  ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում՝ Արցախի գիտական կենտրոնի գիտխորհրդի  երաշխավորությամբ։ 

 Գրքում ներկայացված են հրապարակումներ Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից 32 ժամկետային դիրքապահ զինվորների  հայրենանվեր առաքելության, կյանքի ու մահվան սահմանագծում իրենց պարտականությունները պատվով կատարելու, հայրենիքի սահմաններն անառիկ, իսկ հարազատների անդորրն անխախտ պահելու մասին։

 Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը։ Նրա կարծիքով` շնորհանդեսի ներկայացված գրքի միջով անցնում է մի կարմիր գիծ,  որն ունի ամբողջական իմաստ։ Դա այն առաքելությունն է, որն իրականացնում  է գրքի հերոսը՝ խիզախ, համարձակ, մտածող, ազգային արժեքներն իր մեջ կրող երիտասարդը։ Բանախոսի կողմից կարևորվեց նաև այն հանգամանքը, որ գրքի տպագրությանն աջակցել են տարբեր ընկերություններ, ինչի շնորհիվ էլ հնարավոր է դարձել հաջողված գրքի հրատարակությունը։

ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Զինաիդա Բալայանն ուսանողության և իր կողմից շնորհավորեց գրքի հեղինակին, նշելով, որ հայի ազգային ըմբռնումներին խորթ չէ գրքի պաշտամունքը։ Ապա անդրադառնալով ՙՊաշտպանության բանակի լավագույն դիրքապահները՚ գրքին, ասաց, որ հեղինակը բավականին մեծ աշխատանք է կատարել, և չի բացառվում, որ այն հետագայում  կարող է գեղարվեստական գործերի ազդակ հանդիսանալ։ Ըստ բանախոսի՝ հաճելի է ունկնդրել 18-20 տարեկան դիրքապահներին, որոնց դասերից մատաղ սերունդը օգուտ կքաղի։

Ըստ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիլվա Խաչատրյանի` գիրքը պահանջված է մեր օրերում և կնպաստի երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Ցանկալի է, որ այն շարունակություն ունենա։ 

ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու Զարինե Սառաջյանը գիրքն անվանեց ճիշտ ժամանակին ծնված։ Նրա դիտարկմամբ` այն պահանջված է հատկապես վերջին իրադարձությունների համատեքստում, երբ շատ է խոսվում զինծառայողներին տարկետում տրամադրելու մասին և որոշ երիտասարդների կողմից ծառայությունը շահարկվում ու ներկայացվում է որպես խնդիր։ Գրքի հերոսներից շատերն ուսանողներ են, բայց այսօր լավագույն դիրքապահներ են, և չնայած կերպարները տարբեր են, նրանց միավորում է մեկ գաղափար ու մեկ նպատակ։ Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման նախագահ Ավետիք Հարությունյանի կարծիքով` գաղափարն ինքնին հետաքրքիր է և ընտրվել են ՊԲ զինծառայողներից լավերից լավագույնները, սրանով տրվեց նաև ֆեյսբուքյան օգտատերերից մեկի վերջերս կատարած գրառման պատասխանը։ Վերջինս գրել էր. ՙՄի՞թե մնացած դիրքապահները լավագույնը չեն՚։ 

Բանասիրական ֆակուլտետի գրականության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Պետրոսյանը մեծ ոգևորությամբ խոսեց գրքի հերոսների մասին, նրանց մասին, ովքեր մարտական վարպետության դասերը սերտել են խրամատում և ովքեր լավագույն օրինակ են սերունդների համար։ Մելինեին ոգևորել է այն փաստը, որ գրքի հերոսներից շատերը տուն են վերադարձել օտար ափերից և ծառայության անցել հայրենիքում, մեկ անգամ ևս վերահաստատելով, որ իրենք ոչ միայն խոսքի, այլև գործի տեր են։ 

Դիմելով շնորհանդեսի  մասնակիցներին, գրքի հեղինակ Հրայր Փաշայանը  շնորհակալություն հայտնեց իր համեստ աշխատանքը բարձր գնահատելու և տպագրությանն աջակցելու համար։ Ապա խոսեց այն դժվարին ու վեհ առաքելության մասին, որ իրականացնում են նրա գրքի մերօրյա հերոսները։ Իսկ գիրքը, նրա հավաստմամբ, բարոյակամային բարձր հատկություններով օժտված այդ հերոսների հավաքական կերպարի արժևորումն է։ 

Վերջում Հր. Փաշայանը պատասխանեց ուսանողների տարաբնույթ հարցերին։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ