[ARM]     [RUS]     [ENG]

ԵՂԱՎ, ՈՐ ԼԻՆԵՆՔ

Աշուն էր, Արցախի բազմաթիվ աշուններից մեկը, որն իր կախարդական վրձնով ոսկեզօծում ու երփներանգում է շուրջբոլորը՝ լեռնաշխարհս դարձնելով էլ ավելի հրաշագեղ։ 

 Ամեն տարվա այս նույն օրը տերևածածկ ծառուղով քայլում էր պապը՝ Արցախյան ազատամարտի նվիրյալ զինվորը, իսկ այսօր թոռան՝ փոքրիկ Մոնթեի հետ։ 

Աշնան արևի չարաճճի շողերը ցոլարձակում էին պապի՝ մեծ հպարտությամբ կրծքին կրած շքանշանները՝ ստիպելով փոքրիկին օդում որսալ նրանց անդրադարձը, իսկ տերևները վերջին ՙհոգոցն էին հանում՚ պապի հաղթական քայլերի տակ։

Հյուրընկալ ծառուղին նրանց ուղեկցեց դեպի հերոսի արձանը, այն հերոսի, որն արյան կանչով ու սրտի թելադրանքով, կտրելով օվկիանոսներ, զինվորագրվեց հանուն վեհ գաղափարի՝ ազատ ու անկախ Արցախ ունենալուն, այն հերոսի, որին ժողովուրդն էր ծնել արյան գնով՝ հազարամյակներով խոշտանգվող հավատի մորմոքից, ով զսպաշապիկ հագցրեց մեր դարավոր ոսոխի գազանային բնազդներին ու արծվային թռիչքով ակոսեց նրանց անհոգության երկնքի թմբիրը։

Պապը հայացքը հառեց հրամանատարի քարացած, սակայն սևեռուն հայացքին և հպարտությամբ պատիվ առավ։ Ակամայից խոնարհվեց և փոքրիկ Մոնթեն։ Նա, որ արդեն յուրացրել էր հայոց ոսկեղենիկ այբուբենը, կարդաց հերոսի անուն-ազգանունը՝ Մոնթե Մելքոնյան՝ Ավո։ 

Զարմանքի և ուրախության զգացումը համակեց փոքրիկին, և խնդրեց, որ պապիկը մի քիչ պատմի հերոսների հերոս Մոնթեի մասին։

- Դարերի ընթացքում հայ ժողովուրդը հերոսների մի աստղաբույլ է տվել, և Ավոն ամենավառ աստղերից մեկն էր։ Նա դեռ մանկուց արյան կանչով էր զգում, որ տիրոջ կողմից մարդ արարածին տրված չէ ավելի մեծ երջանկություն, քան գիտակցված մահը՝ հանուն հայրենիքի, իսկ արդեն պատանեկության տարիներին Մոնթեն հասկացել էր, որ հայրենիքը լոկ տարածք չէ, այլ նաև կյանք է, հոգի, մարմին, լույս է ու հույս, երազանք, պատիվ ու փառք։

Նա եկավ հեռուներից, եկավ փրկելու հայոց վիրավոր հողը, հայի պատիվը։ Նրա ներկայությունն արևի ճառագայթների նման թափանցեց և ջերմացրեց ողջ հայության սիրտը ու ոգու մեծ ուժ տվեց մեր հերոսական ժողովրդին, ճակատագրի հեգնանքով մեր Տեսակի արյանը ծարավ ոխերիմ թշնամուն ջախջախելու և հաղթելու համար։

Մոնթեն հաղթեց…Մոնթեի տեսակը պարտվելու իրավունք չուներ…

Նրա հրեղեն քայլերի շարանը մայր հողի վրա անվերջանալի հետքեր է արարել, որը սերունդներին գոտեպնդելու է մեր երկիրն ամուր պահելու, թշնամու հարևանությամբ պատվով ապրելու և երկիրը հպարտորեն առաջ տանելու առաքելությամբ։

Հերոսության, բարության, նվիրվածության, հավատարմության այն մեծ պաշարը, որ Մոնթեն շաղ տվեց Արցախ աշխարհում, հենց այն հավերժող սերմն է, որը պետք է ծիլեր տա յուրաքանչյուր արցախցու հոգում, որի պտուղները` որպես մեր հոգու միջավայրի արդյունք, պետք է մեզ պարգևեն հպարտությամբ առաջնորդվելու առաքինություն։ 

 Հասարակ հերոս չէր Մոնթեն։ Նա փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, բազմաթիվ գրքերի հեղինակ, Հայ Դատի աննահանջ զինվոր։ Նա եկավ Արցախ` նժդեհյան ոգով բոցավառ, բազմապատկեց հայ զենքի փառքը և դարձավ դպրոց ու դաս, երգ ու լեգենդ, առասպելացած իրականություն։ 

Դե ինչ, փոքրի՜կս, դու պետք է հպարտ լինես, որ կրում ես մեծ հրամանատարի և ազգի նվիրյալ հերոսի անունը, որն ընկավ, որ ելնենք, եղավ, որ լինենք, և անմահացավ, որ անմահանանք…

Աշնան արևը կորցրեց իր ուժը, փոխարենը փայլատակում էին փոքրիկ Մոնթեի սևորակ աչքերը՝ անթաքույց հպարտությամբ և բերկրանքով։

Պապ ու թոռ բռնեցին տունդարձի ճամփան, սակայն այս անգամ փոքրիկ Մոնթեն գնում էր առջևից՝ հպարտ քայլքով` հոգում ունենալով մի մեծ երազանք՝ դառնալ հայրենիքի զինվոր։

 

Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

ԱրՊՀ  լրագրության բաժնի ուսանողուհի