[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ, ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ

Բարձրացված կարմիր դրոշը զորավարժությունների մեկնարկն է ազդարարում:

Հրամանատարական դիտակետում հայկական երկու հանրապետությունների նախագահներին զորավարժության մտահղացման մանրամասներն են ներկայացրել: Զորավարժության բեմագիրն անփոփոխ է. հակառակորդն անցել է հարձակման եւ ճեղքել պաշտպանության առաջնագիծը: 

Հայկական ուժերը խնդիր ունեն նախ կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, ապա անցնել հակահարձակման եւ գործողությունները տեղափոխել նրա տարածք: Վերջին տարիներին արված բարեփոխումների արդյունքում հայկական ուժերն այդ խնդիրը կատարելու համար ունեն նոր հնարավորություններ, կիրառվում է նոր մարտավարություն: Մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունն անցկացվել է համահավաք զորախմբի ընդգրկմամբ: Մասնակցել են նաեւ գումարտակային մարտավարական խմբերը: Դրանք ունակ են ունեցած կազմով եւ սպառազինությամբ սահմանված ժամկետներում ինքնուրույն մարտական խնդիրներ կատարել ինչպես ավելի մեծ ստորաբաժանումների կազմում, այնպես էլ առանձին ուղղություններում: Հրետանու աշխատանքին զուգահեռ զրահատանկային ուժերն են առաջ շարժվել: Ըստ բեմագրի` խաղարկվել են անընդհատ տեղաշարժվելու, հակառակորդին միաժամանակ թեւերից հարվածելու եւ խորքային հարվածներ հասցնելու տարբերակները: Գործողությունները հնարավորինս մոտեցվել են իրական պայմաններին, մանրամասն հաշվի են առնվել ապրիլյան պատերազմի յուրահատկությունները: 

Զորավարժության ընթացքին հետեւել եւ կատարվածը գնահատել են Հայաստանի եւ Արցախի նախագահները: Սերժ Սարգսյանի խոսքը զորավարժության բոլոր մասնակիցներին է ուղղված. ՙՄենք կարողանալու ենք եւ պաշտպանելու ենք մեր սահմանը: Մենք կարողանալու ենք եւ պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին: Բոլոր նրանց, ովքեր իրենց մասն են ունեցել ձեր կայացման գործին: Ձեզ մաղթում եմ բարի ծառայություն եւ հպարտ կեցվածք: Շնորհակալ եմ՚:

Շնորհակալության հետ` նաեւ պարգեւներ բարձրաստիճան ղեկավարների ձեռքից: ՀՀ Նախագահը սեղմում է շարքայինի ու սպայի, տանկիստի ու հրետանավորի ձեռքը: Յուրաքանչյուրն իր ավանդն ունի ընդհանուր գործի հաջողության մեջ:

Բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ երկու նախագահները նաեւ զորամասերի մշտական տեղակայման վայրերում բարեկարգման աշխատանքների ընթացքին են հետեւել: Առաջնագծից ոչ հեռու նոր ճաշարան է կառուցվել: Շենքային պայմանները, սննդի որակը, նաեւ քանակը. նախագահների ուշադրությունից ոչնինչ դուրս չի մնում: Զինվորներն արդեն ճաշարանում են: Նախագահներից անմիջապես հետո առաջին խումբն է մոտենում սննդի բաշխման կետին: 

Հաջորդ զորամասում նորակառույց զորանոց է շահագործման հանձնվել: Պահպանվել են բոլոր նորմերը, ստեղծված են բոլոր պայմանները` պաշտպանության նախարարները զեկուցում, նախագահները շրջում, անձամբ են համոզվում:

Կարմիր ժապավեն կտրելու առիթ եղավ նաեւ Հադրութ քաղաքում: Զինծառայողների եւ պահեստազորի սպաների 20 ընտանիքներ բնակարաններ ստացան նորակառույց շենքում: ՙ2003 թվականից ՊԲ-ում եմ ծառայում: Վարձով եմ բնակվել: Հիմա ստացա այս հրաշք բնակարանը, որը բառերով անհնար է նկարագրել՚,- պատմում եւ ուրախությունը չի թաքցնում ՊԲ փոխգնդապետ Մանուկ Մելքումյանը: Երկու դուստր ունեն: Նոր պայմանները թույլ են տալիս հեռուն գնացող ծրագրեր ունենալ: ՙԱրդեն տղա ունենալու մասին էլ կմտածենք՚,- կնոջ՝ Ելենա Համբարձումյանի խոստումն է:

Մինչ այդ, աղջիկները` Սոֆյան ու Մերին, բարձրաստիճան հյուրերին իրենց տուն են ուղեկցում: Բնակարանամուտի առթիվ առաջին բարեմաղթանքները երիտասարդ ընտանիքը հայկական երկու հանրապետությունների նախագահներից է ստանում: