[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԺԱՆԻ ՀԵՐԹԱՓՈԽ

Նորակոչիկները հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականության մասին գիտեն ինչպես իրենց պապերի ու հայրերի պատմություններից, ովքեր ստեղծել են Արցախյան գոյամարտի տարեգրությունը, այնպես էլ ավագ ընկերների ոչ վաղ անցյալի և օրվա սխրանքներն ուսումնասիրելով:

Այս ամենը և՜ լավագույն օրինակ են, և՜ պարտավորեցնող հանգամանք:

Օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի ունեցավ Մարտունու մշակույթի և երիտասարդության պալատում, շնորհավորանքի և բարի երթի խոսքեր ասացին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Էդ. Բարսեղյանը, Մարտունու զինկոմիսար Գ.Հակոբջանյանը, զորակոչիկի պապիկ Վ. Շիրինյանը, զորակոչիկ Ա. Սարգսյանը: Յուրաքանչյուր խոսք հպարտություն էր, ամեն մեկն իր օրհնանքի ու բարեմաղթանքի խոսքն էր հղում՝ տղաներին մաղթելով խաղաղ ծառայություն և  բարի վերադարձ: Շրջվարչակազմի ղեկավար Կ. Թովմասյանի անունից շնորհավորանքի և ողջույնի խոսք ասաց Էդ. Բարսեղյանը: ՙԱրցախի ժողովրդի պատմական ընթացքը հավերժ է, քանի դեռ սահմանին կանգնած եք դուք` հայրենիքի ու ժողովրդի ծառայությանը պատրաստ զինվորներդ՚,- իր ելույթում նշեց նա ու ցանկացավ, որ առաջիկա երկու տարիները նրանց համար լինեն կայացման և ինքնահաստատման տարիներ` լեցուն հայրենասիրության ու հայրենապաշտության բազում դասերով:

Շրջանի զինկոմիսարը զինվորականի իր կոչն ու մաղթանքն ուղղեց. լինել լավ զինվոր, պատրաստ` բոլոր դժվարություններին, սիրել հող հայրենին, լինել ավագներին արժանի հերթափոխ։  

Նժդեհյան ՙԹշնամին տեսավ թիկունքդ` կորած ես՚ խոսքն իր ելույթի առանցքը դարձրեց Վլադիկ պապը: Նա ծառայության մեկնող իր և բոլոր թոռնիկներին պատգամեց` երբեք թիկունք ցույց չտալ թշնամուն, միշտ լինել պատրաստ, վճռական և անհաղթ, մեծն Ավոյի հայրենապաշտությամբ սիրել և պաշտպանել հայրենիքը: 

Զորակոչիկ Արմանի խոսքը երդումի պես հնչեց ու վստահեցրեց. հայրենիքն ամուր և վստահելի ձեռքերում է, ու իր ընկերների հետ անպայման կավելացնեն այդ ձեռքերի զորությունը: Նա և իր հասակակիցները հստակ գիտակցում են իրենց պարտականության կարևորությունը, որը կկատարեն ամենայն պատասխանատվությամբ ու նվիրումով: 

Հանդիսավոր միջոցառման վերջում խրոխտ ու հայրենասիրական երգերի կատարումներով ներկաներին ոգևորեցին  երգիչ-երգահան Ռ. Բաբայանը, Մարտունու մշակույթի և  երիտասարդության կենտոնի մեներգիչ Ա. Առստամյանը:

Եկավ հրաժեշտի պահը. հարաբերական խաղաղ պայմաններում երգով և ուրախությամբ զինվոր ենք ուղարկում հայրենիքի պաշտպանության դիրքերը, ասել է թե` մեր դարավոր երթը շարունակվում է:

 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

ք. Մարտունի