[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԴԵՆ ԶԻՆՎՈՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ

Հունվարի 15-ին Քաշաթաղում ձյուն տեղաց, սակայն դա չխանգարեց, որ շրջանի տարբեր բնակավայրերից նորակոչիկները ժամանակին ներկանային շրջանային զինկոմիսարիատ ու մեկնեին հայոց բանակ։ Առավոտյան արդեն մարդաշատ էր զինկոմիսարիատի մոտ։ 

 Զորակոչային բաժնում զբաղված էին նորակոչիկների ընդունելությամբ. վերջնական տեսքի են բերվում նրանց փաստաթղթերը։ Շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը տեղեկացրեց, որ 2018-ի առաջին զորակոչն է, ժամանակին բավարար են կազմակերպվել աշխատանքները համայնքներում, և այժմ շրջանից հերթական երիտասարդներն են մեկնում հայոց բանակ՝ դառնալու երկրի պահապանը։ Նշվեց, որ ներկայացած տղաներն առողջական խնդիրներ չունեն, բոլորն էլ անցել են բժշկական հանձնաժողովով։ 

Բերձորի բնակիչ Հրայր Սարգսյանը երրորդ որդուն՝ Գոռին է ճանապարհում։ Ավագ որդին՝ Ժիրայրը, այս ամռան է վերադարձել բանակից, մասնակցել 2016-ի ապրիլյան ռազմական իրադարձություններին, պարգևատրվել։ Վլադիմիր որդին արդեն մեկ տարի է հայրենիքի զինվոր է, և շուտով կրտսեր եղբայրը կմիանա նրան, ու միասին կհսկեն Հայոց տան շեմը։ Բերձորի Վահան Թեքեյանի անվան միջնակարգը 2017-ի ամռանն է ավարտել Գոռը։ Կրթօջախից այսպես են բնութագրել նրան. ՙԸնկերների նկատմամբ հարգալից է, ներողամիտ, վայելում է ընկերների և ուսուցիչների սերը…՚։ Բոլոր զինվորներին իր հայրական օրհնանքը տվեց Գոռի հայրը՝ մաղթելով նրանց քաջություն, անվախ սիրտ, իմաստություն, հաջողություն և բարի վերադարձ։ 

Զորակոչային բաժնի պետ, կապիտան Հովհաննես Բայաթյանն ասաց՝ բոլոր զորակոչիկների տրամադրությունը բարձր է, գիտակցում են իրենց անելիքը, առաքելությունը։ 

Գանձայից Խ. Օսեյանը 7 երեխաների հայր է, ունի 3 աղջիկ, 4 տղա։ Ավագ որդի Դավիթն է զինվորացու և ներկայացել է զինկոմիսարիատ։ Բարձր է նորակոչիկի տրանադրությունը։ ՙԵս պետք է պաշտպանեմ քույրերիս ու եղբայրներիս՚, -ասաց Դավիթը։ Վաչագան Հովհաննիսյանին մայրն էր ուղեկցում։ Արտաշավիի Լ. Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Վաչագանն ընդունվել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Առաջին կուրսից է մեկնում բանակ, չի օգտվել տարկետման իրավունքից. դիմում է ներկայացրել, որ իրեն բանակ տանեն։ Լիդա Սոլոմոնյանն իր զավակին և բոլոր զինվորներին տվեց մայրական օրհնանքը՝ ծառայեն խաղաղությամբ և տուն գան անփորձանք, իսկ ծնողներին համբերություն ցանկացավ։ 

Երբ արդեն պատրաստ էին նորակոչիկների փաստաթղթերը, զինկոմի տեղակալ Կամո Ալավերդյանի հրահանգով տղաները շարվեցին զինկոմիսարիատի միջանցքում և ականջալուր եղան նրա հորդորներին, խրատներին։ Արդեն որերորդ զորակոչն է ճանապարհում Կ. Ալավերդյանը, և մշտապես հետաքրքրվում է նորակոչիկների անձնական, առողջական խնդիրներով։ Այս անգամ էլ կարևորեց, որ զորամասում լինեն կարգապահ, ենթարկվեն  բանակի կարգ ու կանոնին։ Քաշաթաղի շրջանում արդեն բարի ավանդույթ է, որ նորակոչիկները կենտրոնական հավաքակայան մեկնելուց առաջ այցելում են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, այնուհետև՝ Արցախյան գոյամարտի մարտիրոսներին նվիրված հուշահամալիր։ Այստեղ 3 խոնարհված պատերին 300-ից ավելի մարտիրոսների անուններ են փորագրված։ Քաշաթաղի տարածքի ազատագրման ու պաշտպանության համար մարտիրոսված քաջորդիների անունների մոտ զինվորացու տղաներին դիմավորեցին ՙԲերձոր՚ ժողգործիքների համույթի երաժիշտները։ Նորակոչիկներին ողջունեց, բարի ծառայություն և վերադարձ մաղթեց շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը։ Նորակոչիկներն ու նրանց ուղեկցող հարազատները պարեցին հուշահամալիրի տարածքում։ Ուրախ երաժշտության հնչյունների ներքո տղաները մեկնեցին Ստեփանակերտ, որտեղ որոշվելու է՝ ով որ զորամասում է ծառայելու։ 

Զոհրաբ Ըռքոյան 

ք. Բերձոր