Logo
Print this page

ՇՈՇԻ ԱԳՈՆ. ՆԱ ԿԴԱՌՆԱՐ 50 ՏԱՐԵԿԱՆ

Հունվարի 15-ին գնդապետ Արտյոմ Առաքելյանի հրամանատարությամբ գործող զորամասի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Արցախյան գոյապայքարի նվիրյալ, ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանակիր Արգամ Հարությունյանի (Ագո) ծննդյան 50-ամյակին:

Ներկա էին ԱՀ պաշտպանության նախարար, գեներել-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղեկալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, ԱԺ պատգամավորներ Ժաննա Գալստյանը, Դավիթ Իշխանյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱԿԱՀՄ նախագահ Վերա Գրիգորյանը, հերոսի հարազատներն ու մարտական ընկերները:

Մեծարման միջոցառումը մեկնարկեց Արցախի պետական օրհներգով: Այնուհետև ցուցադրվեց տեսաֆիլմ Արգամ Հարությունյանի կյանքի և անցած մարտական ուղու մասին: 

Արգամ Սերգեյի Հարությունյանը ծնվել է 1968թ. հունվարի 15-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Ծառայել է խորհրդային բանակում՝ Խաբարովսկի երկրամասի գաղտնի ավիազորամիավորումում: Զորացրվելուց հետո ընդունվել է Չարենցավանի հաստոցաշինական ուսումնարանը: 1988թ. սկսած ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման մեջ: ՀՅԴ անդամ էր: Կազմակերպել է Շոշի ու ենթաշրջանի մի քանի գյուղերի միացյալ ջոկատ: Մասնակցել է Քարինտակի շուրջ ծավալված մարտերին, Մալիբեկլվի, Ղուշչիլարի, Խոջալվի, Ջանհասանի, Կրկժանի կրակակետերի ոչնչացմանը, Ասկերանի պաշտպանությանը, Շուշիի ազատագրմանը, Լաչինի մարդասիրական միջանցքի բացմանը: 1992թ. սեպտեմբերին, երբ առանձին վաշտերից կազմավորվեց առաջին մոտոհրաձգային գումարտակը, ընտրվել է այդ գումարտակի շտաբի պետ:

Մասնակցել է Շահումյանի, Ղուբաթլուի, Զանգելանի, Քելբաջարի, Մարտակերտի շրջաններում տեղի ունեցած մարտերին: 1993թ. Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հրամանատարությամբ գործող գումարտակի շտաբի պետն էր: Ղեկավարել է 1993թ. հոկտեմբերի 10-ին Ջաբրայիլի շրջանում թշնամական կրակակետերի վերացման համար կազմակերպված մարտը, որտեղ 2-րդ անգամ ականի պայթյունից վիրավորվել է: Դեռևս լրիվ չբուժված՝ շարք է վերադարձել ու մասնակցել Ֆիզուլիի շրջանում ծավալված մարտական գործողություններին: Զոհվել է 1994թ. մարտի 8-ին ականի պայթյունից՝ Ֆիզուլիում: Հետմահու պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանով և ՙՇուշիի ազատագրման համար՚ մեդալով: Ամուսնացած էր, ունի մեկ զավակ: Հանգչում է Շոշ գյուղում, որտեղ կանգնեցվել է իր հուշարձանը:

ՙԲացառիկ արժանիքներով օժտված անձնավորություն էր Արգամ Հարությունյանը, -իր ելույթում նշեց զորամասի հրամանատար Արտյոմ Առաքելյանը: - Շոշի Ագոյի հետ պատիվ ունեցա մասնակցելու մի շարք մարտագործողությունների: Այն ժամանակ ես 17 տարեկան էի, նա իմ ավագ ընկերն էր և հաճախ էր ինձ ռազմարվեստի դասեր տալիս: 

Նրա ներկայությունն իսկ բավական էր, որպեսզի միանգամից փոխվեր մթնոլորտը: Շոշի Ագոյի անունը ոսկե տառերով գրվեց Արցախյան գոյապայքարի տարեգրության մեջ՚:

Հերոսի մասին խոսք ասաց նրա ուսուցիչը՝ Վիտյա Յարամիշյանը. ՙՀասցրել եմ լինել Արգամ Հարությունյանի ստեղծած վաշտի զինվորը: Եվ հպարտորեն ասում եմ՝ երանի՛ նրանց, ովքեր ճանաչել են Արգամին: Նրա երակներում հոսում էր իր հայտնի տոհմի խիզախ արյունը՚:

Ուշագրավ էր նաև Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդվարդ Խաչատրյանի խոսքը. ՙԱյսօր Արգամ Հարությունյանը կդառնար 50 տարեկան, -ասաց նա,- բայց նրա կոչումն ու առաքելությունը այլ էին. ինչպես Հայրենիքի շատ նվիրյալներ, նա սեփական կյանքի գնով փրկեց հող-հայրենին, ազատագրեց հայոց ոստան Արցախը: Արգամ Հարությունյանն իր ազգանվեր գործով մշտապես կապրի սերունդների հոգում` որպես հավատի և կյանքի հավերժական ուղեցույց՚:

Այնուհետև Էդ. Խաչատրյանը Արցախի ազատամարտիկների միության անունից խորին երախտագիտություն ու շնորհակալություն հայտնեց Ազատամարտի նվիրյալ Արգամ Հարությունյանի հարազատներին, Շոշի համայնքին և դպրոցին՝ նման հայրենասեր զավակ դաստիարակելու համար: Ավարտելով խոսքը` ԱԱՄ աշխատակազմի ղեկավարը Միության հուշանվերը հանձնեց հերոսի որդուն՝ Սերգեյին:

Ճշմարիտ է ասված. ՙՄեռնում են հերոսները՝ Մանուելները, Մուշեղները, Վարդանները. մնում է, սակայն, նրանց ոգին, որն իր մարմնավորումը գտնելով այլ հայերի մեջ՝ շարունակում է ապրել ու ներգործել՚:

Անշուշտ, Արգամի պես քաջորդիներն իրենց մահով անգամ ծառայեցին հայրենիքին՝ նոր սերնդին թողնելով նշանակալի ավանդներ: Ապրիլյան իրադարձությունները ևս մեկ անգամ վկայեցին, որ հերոսների զավակներն էլ հերոսներ են և նույնքան քաջ են ու համառ, ինչքան Արցախյան գոյապայքարում հաղթանակներ կռած իրենց հայրերն ու եղբայրները:

Արգամ Հարությունյանի անունը կրող վաշտի զինվոր Նարեկի հավաստմամբ՝  ՙհերոսի ավանդները պահպանվում են՝ որպես գործող արժեքներ՚:

Վերջում շնորհակալանքի խոսք ասաց Արգամ Հարությունյանի մայրը՝ տիկին Թամարան:

Հանդիսավոր միջոցառման ժամանակ ելույթներն ընդմիջվում էին հերոսի մասին տեսաֆիլմերով, երաժշտական կատարումներով և Շոշի միջնակարգ դպրոցի աշակերտների ասմունքով:

Ռոբերտ ԵՍԱՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.