[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՐՈՒՆԴ, ՈՐ ՎՍՏԱՀԱԲԱՐ ԿԿԱՏԱՐԻ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Այդ օրը` հունվարի 15-ին, Շուշիի զինվորական կոմիսարիատի հարակից տարածքը մարդաշատ էր.  ծանոթ թե անծանոթ, մեծ թե փոքր հավաքվել և բանակ էին ճանապարհում 2018 թվականի Շուշիի առաջին նորակոչիկներին: Նրանք, ովքեր երեկ ընդամենը պատանիներ էին, իսկ այսօր զինվորագրվում են Հայոց բանակին…

 Շրջանից բանակ զորակոչվող երիտասարդներին բարի ծառայություն մաղթելու էին եկել շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Մ. Խաչատրյանը, քաղաքապետ Ա. Սարգսյանը: Բոլոր ներկաների ցանկությունը մեկն էր` խաղաղ ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախ:

Մեզ հետ զրույցում Շուշիի զինվորական կոմիսարի տեղակալ Դավիթ Հակոբյանը նշեց. ՙԱյս նույն պատանիներն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ գալիս էին զինկոմիսարիատ և խնդրում կամավոր նրանց ուղարկել առաջին գիծ: Սա այն սերունդն է, որը քաջ գիտակցում է հայրենիքի գինը և ամուր պետություն ունենալու համար վստահաբար կկատարի իր սուրբ առաքելությունը: Ես շնորհակալություն եմ հայտնում զինակոչիկների ծնողներին և ուսուցիչներին` հայեցի սերունդ դաստիարակելու համար՚: Իսկ ծնողներին ոգևորելու համար Դ. Հակոբյանը նշեց, որ օրեցօր բանակը համալրվում է կադրային սպաներով, և այդ երկու տարիների ընթացքում նրանք կլինեն հոգատար ձեռքերում:

Ստանալով Տեր Անդրեաս քահանայի օրհնությունը, նորակոչիկները ճանապարհվեցին դեպի ՊԲ կենտրոնական հավաքակայան, որտեղ վիճակահանությամբ որոշվեց նրանց ծառայության վերջնական վայրը:

 

Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ք. Շուշի