Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅՑ ԶՈՐԱՄԱՍ

Մեր Նախաձեռնող խումբն օրերս այցելեց ԱՀ ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանի զորամաս։ 

 Այս անգամ խմբում ընդգրկված էին հանրապետության Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության գլխավոր մասնագետ Սամվել Գասպարյանը, Զոհված ազատամարտիկների հարազատների միությունից՝ Լաուրա Նասիբյանը, ՊԲ բուժակ (այժմ՝ թոշակառու) Տանյա Առստամյանը, ՊԲ ռազմահայրենասիրական բաժնի սպա, կապիտան Դավիթ Սաֆարյանը, ՊԲ ՙԳոյամարտ՚ հեռուստածրագրի օպերատոր Դավիթ Քեշիշյանը, ՊԲ ՙԱսպետ՚ համույթի յոթ կատարողներ, խմբի մշտական անդամ՝ Ստեփանակերտի Շ. Ազնավուրի անվան մշակութային կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը։

Այցը, որի առավել տպավորիչ պահերի մասին պատմել եմ ուզում, նվիրված էր Հայոց բանակի օրվան։

Զորամաս հասնելուց հանդիպեցինք հրամանատարի՝ գնդապետ Կարեն Ջալավյանի եւ հրամկազմի անդամների հետ։ Հանդիպումը կրում էր այցի ծրագրի հետ նրանց նախապես ծանոթացնելու, համատեղ քննարկման բնույթ։

Այնուհետեւ արդեն հանդիպեցինք զորամասի զիվորական քանակակազմի հետ։ Մեր ու տղաների միջեւ կայացավ հետաքրքիր ու բովանդակալից զրույց` հայրենասիրական շեշտադրումներով։ Զրույցում ներառվել էին նաեւ զինվորների առողջական խնդիրներին վերաբերող հարցեր, որոնց մի մասը ներկայացրեց Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, ընդ որում՝ նաեւ պատասխանելով զինվորների հնչեցրած հարցերին։ Քանզի ոչ միայն բարոյապես, այլեւ ֆիզիկապե՜ս առողջ բանակն է, որ ի զորու է լուծելու առկա խնդիրները, անհրաժեշտության դեպքում` հետ մղելու ագրեսորին։

Այնուհետեւ խումբը բաժանվեց երկու մասի. զորամասի տարածքում համերգ իրականացնողների եւ դիրքայիններին այցելողների։ Հասկանալի է, ոչ դատարկ ձեռքերով։ Մենք 23 արկղերում նվերներ էինք բերել Բանակի տոնի նախօրյակին երկրի սահմանների պաշտպաններին շնորհավորելու եւ ուրախացնելու համար։ Արկղերից 2-ն Առողջապահության նախարարությունն էր ուղարկել, այն հանձնեցինք զորամասի բուժկետին, ընդսմին՝ ծանոթանալով բուժկետի պետ, ավագ լեյտենանտ Լեւոն Յավրիյանի, դեղատան պետ, լեյտենանտ Հայկ Հովհաննիսյանի, ինչպես նաեւ բուժկետում բուժվող տղաների հետ։ 23-ից 8 արկղ առանձնացնելով դիրքայինների համար, մնացածը բաժանեցինք զորամասի ստորաբաժանումներին։

Ինչպես միշտ, այս անգամ ևս մեծ տպավորություն թողեց այցելությունը դիրքեր։ Խորապես տպավորվել ենք նաեւ սահմանը հսկելու եւ պաշտպանելու համար նախատեսված՝ ժամանակակից սարքերով զորամասի ապահովվածության աստիճանից… Շատ տարողունակ գործ է կատարվել եւ այդ ամենը` տեղադրող-կարգաբերող մասնագետների կողմից։

Մեզ հիացրեց տղաների բարձր տրամադրությունը։ Հենց նրանց՝ մարտական հերթապահությունում գտնվողներին, (ընդհանուր թվով` 13 հոգու) պարգեւատրեցինք պատվոգրերով ու շնորհակալագրերով։ Ընդ որում՝ պարգեւատրվածների շարքում կային այնպիսիք, ովքեր մի քանի օրից հետո տուն պիտի վերադառնան, քանզի ավարտվում է նրանց պարտադիր զինծառայության ժամկետը: Կային եւ այնպիսիները, ովքեր նոր են սկսել ծառայությունը, բայց արդեն իսկ ցուցաբերել են մարտական բարձր ոգի եւ զինվորական պարտականությունների գերազանց կատարում։ Այցը՝ այց, նվերը՝ նվեր, մշակութային ժամանցը՝ ժամանց, բայց ուզում եմ նշել, որ զինվորների հետ մեր անկեղծ շփումները՝ զրույց ու ելույթների տեսքով համարում եմ մեր յուրաքանչյուր այցելության ՙմեխը՚։ Նման պահերի է, որ զինվորականի հոգին ներկայանում է քեզ՝ ինչպես բաց գիրք, եւ նման պահերի է, որ ինքդ էլ ձգտում ես նրա հետ անկեղծ ու ջերմ լինել այնպես, ինչպես դա կանեին նրա սեփական մայրը, հայրը, եղբայրը, քույրը, կինը։ Զգում ես, թե ինչով է ՙշնչում՚ բանակում ծառայող երիտասարդը. առանձին վերցված ՝ ա՜յդ օրը, եւ ապա երկու տարվա բոլոր օրերին իր պարտականությունների հանդեպ լուրջ պատասխանատվությամբ, հարազատների նկատմամբ տածած ամենօրյա կարոտով, ապագայի նկատմամբ երազանքով …

Կարճ ասած՝ մեր խմբի յուրաքանչյուր անդամ գտնում է, որ նման այցերը բավականին օգտակար են:  

Ի դեպ, նույն կարծիքին է եւ զորամասի հրամանատարությունը:

Շարունակվող ծառայության անփորձանք ընթացք ձեզ, սիրելի սպանե՜ր եւ զինվորնե՜ր։

Նվիրված Հայոց բանակի օրվան

Վերա ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՙՍատարում հարազատ բանակին՚ կոչի Նախաձեռնող խմբի ղեկավար,

ԼՂՀ ԱԿԱՀՄ նախագահ