Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԿԱՏԵԼԻ ԵՆ՚

ՀՕՄ-ի Արցախի միավորի կողմից ՙԴիրքապահ զինծառայողին օգնություն հասցնելու ծրագրի՚ շրջանակում իրականացված միջոցառմանը ներկա էին իրանահայ բարեսիրական ՙԹևանիկ՚  խմբի ներկայացուցիչներ Նարբե Իսրայելյանը և Րաֆֆի Զարիֆյանը, ովքեր սիրալիր կիսվեցին իրենց տպավորություններով և պատասխանեցին մեզ հետաքրքրող հարցերի:

 -Պարոն Իսրայելյան, պատմեք, խնդրեմ, ՙԹևանիկ՚ խմբի ստեղծման գաղափարի, Ձեր անդամակցության և համախոհների մասին:

-2014 թվականի մայիսի 9-ի տոնակատարությանը մասնակցելու նպատակով Իրանից ժամանեց մի խումբ հայորդի, որոնց մեջ էին ՙԹևանիկ՚-ի պատասխանատու և ղեկավար Իվետա Դանիելյանը և ես: Դա մեր առաջին այցն էր Արցախ. մենք շատ տպավորված էինք արցախցիների աներեր կամքով, նրանց ջերմ վերաբերմունքով: Մենք տեսանք, որ ժողովուրդի մի հատվածը կարիքի մեջ է, ու ծնվեց գաղափարը՝ մեր հնարավորությունների չափով օգնել Արցախի սոցիալապես անապահով խավերին, հատկապես երեխաներին: 

Կազմակերպական գործերն իր վրա վերցրեց տիկին Իվետան, որի շուրջ համախմբվեցին սկզբնական փուլում Արցախ ժամանածները, իսկ հետո միացան շատերը, որոնց մեջ էր նաև Րաֆֆի Զարիֆյանը: Սկզբից խումբն անուն չուներ, անունը ծնվեց, երբ դիտեցինք Ջիվան Ավետիսյանի ՙԹևանիկ՚ ֆիլմը: Շատ ազդվեցինք ֆիլմի երեխաների ճակատագրով, ովքեր իրենց վրա կրում էին պատերազմի անողորմ դրոշմն ու նաև իրենց ներդրումն ունեցան մեր հաղթանակում: Անհատներ և ընտանիքներ միացան ՙԹևանիկ՚-ին, և այդ փոքրաթիվ խումբը դարձավ մի հզոր ուժ, տարեցտարի ՙԹևանիկ՚-ին օժանդակող շրջանակն ընդլայնվեց, որը հնարավորություն տվեց մեծացնել նաև ներդրման ու աշխատանքային ոլորտները: Գումարներ հայթայթվեցին նաև ՀՕՄ-ի Արցախի միավորի և ՀՀ կառավարության հետ համագործակցության շնորհիվ: 2017-ի մայիսից արդեն ունենք մեզ պատկանող հավաքատեղի՝ ՙԱրամ՚ սրահը, որտեղ կարող ենք կենտրոնացնել աշխատանքները: Այսօրվա դրությամբ խմբում ընդգրկված է մոտ 40 մարդ, իսկ համագործակցում են մոտ 300-ը, որոնց թվում են նաև բավականին հայտնի ձեռներեցներ: Հարկ է նշել, որ դիրքապահ զինծառայողին հասցրած օգնությունը մեծապես կազմված էր ձեռներեց Հակոբյանի ներդրումից, ով նվիրաբերել է 828 հատ վերարկուներ ու կոստյումներ: Ի դեպ, շեշտենք, որ պարոն Հակոբյանի կարած ապրանքն իրացվում է միջազգային շուկայում` 23 պետություններում: Երեխաներին նվիրաբերած խաղալիքներն էլ բարերար Դանիելյանի ներդրումն է. նա նույնպես ունի սեփական բիզնեսը՝ զբաղվում է խաղալիքների արտադրությամբ: ՙԹևանիկ՚-ի բոլոր աշխատանքները համադրվում են Արցախի ՀՅԴ և ՀՕՄ-ի Արցախի միավորի հետ:

-Ի՞նչ ուղղություններով է ծավալվում համագործակցությունը,- հարցնում են Ռ. Զարիֆյանին:

-ՙԹևանիկն՚ իր աշխատանքն սկսեց օգնություն ցուցաբերելով Արցախի մանկապարտեզներին, բազմազավակ և կարիքավոր ու սոցիալապես անապահով ընտանիքներին, հիմնականում հագուստ, խաղալիքներ ու այլ պիտույքներ ուղարկելով: Օգնությունները բաժանվում են ՀՕՄ-ի Արցախի միավորի միջոցով բոլոր շրջաններում՝ ըստ առաջնահերթության: 2017-ից խումբն սկսել է դպրոցները զինել արդիական սարքավորումներով՝ համակարգիչներ, մարզական և այլ իրեր: Առաջին նվիրատվությունը ստացել է Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղի դպրոցը:

2016թ. մայիս ամսվանից սկսած ՙԹևանիկը՚ նյութական օժանդակություն է ցուցաբերել քառօրյա պատերազմի հետևանքով և հետագայում զոհվածների և վիրավորների ավելի քան 90 ընտանիքների: Նյութական օժանդակությունը կշարունակվի ցուցաբերվել նաև բազմազավակ ընտանիքներին:

Օրեցօր ավելացող օգնությունը, ինչպես և անվճար մաքսազերծումը, խթան հանդիսացան, որպեսզի հավաքված գումարներն ուղղվեն հեռանկարային ծրագրերին: Ծագեցին նոր ծրագրեր, որոնցից է Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչների համար դասընթացների կազմակերպումը: 2017թ. օգոստոսին Շուշիում և Ստեփանակերտում կազմակերպվեցին ձեռագործության դասընթացներ՝ նպատակ ունենալով ծանոթացնել ձեռքի աշխատանքների մասով դրսի շուկայի մրցունակության և համապատասխանության հետ: Այդ օրերին Արցախի 60 կանայք կարճ ժամանակում անցան ասեղնագործության, հելունագործության վարպետության դասեր: Այդ ձեռագործ աշխատանքները ՙԹևանիկը՚ ոչ շահադիտական վաճառքի է հանում իրանական շուկայում և գումարն ուղարկում նպատակին: Իսկ ամենակարևորը, այդ շփման ընթացքում ջերմ հարաբերություններ ստեղծվեցին ուսուցիչների և դասընթացներին մասնակից կանանց միջև:

Մյուս հեռանկարային ծրագիրն աջակցությունն է Արցախի գյուղմթերք արտադրողներին: Այսօրվա դրությամբ այդ ծրագրի հիմնական ուղղություններն են չորացրած մրգերի և մեղրի իրացումն իրանական շուկայում: Ի դեպ, ասենք, որ մեղրի վաճառքն սկսել է իրացվել 2015 թվականից, և տարեցտարի դրա քանակն ավելանում է: Այդ մեղրը մեծ պահանջարկ ունի իրանական շուկայում: Իսկ չորացրած մրգերի իրացման գաղափարը նոր է: Այն կիրառելու նպատակով 2017թ. Ասկերանի շրջանի մրգաշատ Ուղտասար գյուղում տեղադրվել է նոր տեխնոլոգիաներին համապատասխան սարք, որը 24 ժամում մեկ տոննա միրգ է չորացնում: Դա գյուղացուն թույլ կտա իր արտադրանքը ներկայացնել շուկայի պահանջներին համապատասխանող որակով:

-Արցախից ապրանք արտահանելու և իրանական շուկայում իրացնելու ծրագիրն ընդլայնվելու միտո՞ւմ ունի:

-Այո, արդեն արվել են որոշ ուսումնասիրություններ այդ ուղղությամբ. կան ապրանքներ, որոնք պահանջարկ կունենան իրանական շուկայում: Դրանք տարբեր մրգերի հյութեր են, մուրաբաներ, չրեղեն, պահածոներ… 

-Մե՞ծ է կենսամակարդակների տարբերությունն Արցախում և Իրանում:

-Աղքատների կենսամակարդակի նշաձողն Իրանում ավելի բարձր է, քան Հայաստանում, Արցախում, բայց միջին խավի կենսամակարդակի տարբերությունն այդքան մեծ չէ: Ուղղակի երկիրը կայուն է, հարուստ  և ապահով:

-Ձուլվելու վտանգ նկատվո՞ւմ է,- հարցնում եմ Ն. Իսրայելյանից:

-Այդ վտանգը, կարելի է ասել, չկա ու չի եղել, քանի որ հայկական համայնքն ապրում է իր հետաքրքրություններով, շփվում ՙԱրարատ՚ մարզամշակութային համալիրում, որը պետության կողմից տրամադրված է որպես սեփականություն հայկական համայնքին: Այնտեղ կան թատրոն, երաժշտական դպրոց, գրական խմբեր, թողարկվում է երկու ամսագիր, մի խոսքով՝ մշակութային ու մարզական ուղղությամբ զարգանալու համար առկա են բոլոր հնարավորությունները: Սակայն վտանգը գալիս է այլ իրավիճակից: Իրանական հեղափոխությունից հետո երկրից հեռացողների թիվը տարեցտարի մեծանում է, ինչը թուլացնում է հայ համայնքի կարողություններն ու հնարավորությունները:

-Դուք մինչ այդ Արցախի զորամասեր այցելություններ կատարե՞լ եք: Եթե այո, կա՞ն նկատելի փոփոխություններ:

-2011-ին առաջին անգամ այցելեցինք զորամասեր: Եվ այժմ ստեղծվեց համեմատելու հնարավորություն: Պետք է ասել, որ փոփոխությունները բավականին նկատելի են. զինվորական կարգապահությունը խստացված է, պայմանները բարելավված են, տպավորված ենք նաև նորակառույց զինանոցի պայմաններով: Շատ ոգևորված ենք տեսածով, այդ ամենի մասին կպատմենք ՙԹևանիկի՚ անդամներին և, ընդհանրապես, իրանահայ համայնքին:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ