[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎՆԵՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

 

 

 

Յուրաքանչյուր նոր տարվա սկիզբ համայնքներում նշանավորվում է իրականացված աշխատանքների վերլուծությամբ. ի՞նչ է արվել, ի՞նչ է մնում ու հետագա ի՞նչ ծրագրեր կան, ի՞նչ ձեռքբերումներ և ի՞նչ թերացումներ են արձանագրվել: Այս ամենի պատասխանները տրվում են համայնքային հաշվետու ժողովներում:

Շրջանում օրերս տրվեց համայնքների հաշվետու ժողովների մեկնարկը:  Այդ օրը եղանք շրջանի երկու համայնքներում՝ Ջիվանիում և Շեխերում: Ներկա էր շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Բարսեղյանը: 

Ջիվանիում իրականացված աշխատանքների վերլուծությունը համայնքային ակտիվին ներկայացրեց համայնքի աշխատակազմի ղեկավար Կայծեր Մաթևոսյանը: Նշվեց, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքում հաշվառված է 41 ընտանիք՝ 169 բնակչով: Կենսաթոշակառուները կազմում են բնակչության ընդհանուր թվի 4,7, մինչև 14 տարեկան երեխաները՝ 29,6 տոկոսը: Հիմնարկ-ձեռնարկություններում  աշխատում է 38, գյուղատնտեսության բնագավառում՝ 42 հոգի, այլ բնույթի ոչ գյուղատնտեսական աշխատանքով՝  42 մարդ: Ջիվանիում գործում են միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ, փոստ, մեկ խանութ: Բնակչությունն ապահովված է խմելու ջրով՝ վերակառուցված արտաքին ջրատարով, համայնքը գազիֆիկացված է, բոլոր ընտանիքները և գործող օբյեկտներն ապահովված են անլար հեռախոսակապով, հեռուստատեսային կապով, 30 ընտանիք օգտվում է համացանցից: 

Ջիվանիի գյուղական համայնքի 2017թ. տարեկան բյուջեն կատարվել է 111,2 տոկոսով: Պլանով նախատեսված 7064900 դրամի փոխարեն մուտքագրվել է 8535300 դրամ, 4638400 դրամ` առանց դոտացիայի, որը կազմում է սեփական եկամուտների 125,1 տոկոսը: Նախատեսված դոտացիան տրամադրվել է 88,1 տոկոսով, ծախսերը կատարվել են 91,2 տոկոսով: Հաշվետու տարում կատարվել են ոռոգման ջրանցքի նորոգում, գերեզմանոցի տարածքի մաքրում թփուտներից, ցանկապատի, գյուղամիջյան ճանապարհների մասնակի նորոգումներ: 

Ջիվանի համայնքի վարչական տարածքը 1301,48հա է, այդ թվում գյուղնշանակության հողեր՝ 1172,56հա, որից վարելահող՝ 392,77հա, այդ թվում սեփական՝ 68 հա, վարձակալած՝ 324,77հա, վարձակալած խաղողայգի՝ 1հա, արոտավայրեր՝ 236,2հա: 2017թ. բերքի տակ համայնքում կատարվել է 232,4հա աշնանացան ցորենի ցանքս, հնձվել 189,3.2հա, ստացվել 4080ց համախառն բերք՝ հեկտարից 21,5ց միջին բերքատվությամբ: Կարկտահարության պատճառով չի հնձվել 43,1հա: Կատարվել է նաև 133հա գարնանացան մշակաբույսերի ցանքս՝ եգիպտացորեն՝  50,5հա, հատիկաընդեղեն՝ 20հա, կարտոֆիլ՝ 20հա, հնդկացորեն՝ 2,5հա, սոխ՝ 1հա, բանջարեղեն՝ 15հա և այլն: 2018թ. բերքի տակ կատարվել է 327,8հա աշնանացան, նախատեսված է կատարել 60 հա գարնանացան:

Համայնքում առկա են մեկական հերկի տրակտոր, կոմբայն, դաշտային գութան և շարքացան: 

2018թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքում կան 182 գլուխ խոշոր և  680 գլուխ մանր եղջերավոր անասուն, 850 թև թռչուն՝։

 Ջիվանիում 2017թ. որոշակի հաջողությունների են հասել սոցիալ-տնտեսական, գյուղատնտեսության բնագավառներում, սակայն անելիքներ կան հատկապես բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, նրա կենսամակարդակի բարձրացման գործում: 

Ժողովի  ընթացքում հաճելի էր տեսնել, որ ներկաները հիմնականում երիտասարդներ են, ովքեր ամուր կառչած են հայրենի հողին, և ապագան պատկերացնում են միայն հայրենիքում: 

Հաջորդ հաշվետու ժողովը տեղի ունեցավ Շեխեր համայնքում: Տարվա ընթացքում իրականացված աշխատանքների վերլուծությունը կատարեց համայնքի ղեկավար Մխիթար Մանգասարյանը: Նշվեց, որ համայնքում գործում են դպրոց, ակումբ, բուժկետ, փոստ, 2 խանութ, գինու վերամշակման տեղամաս: Համայնքը գազիֆիկացված է, ունի խմելու ջրատար ցանց, բոլոր ընտանիքներն ու գործող օբյեկտներն ապահովված են անլար հեռախոսակապով, հեռուստատեսային կապով, 40 ընտանիք օգտվում է համացանցից: 2018թ. հունվարի 1-ի դրությամբ գրանցված է 110 ընտանիք, բնակչության թիվը կազմում է 392 մարդ, մինչև 15 տարեկան՝ 89 երեխա, որը կազմում է ընդհանուրի 22,7 տոկոսը:

Համայնքի հիմնարկներում աշխատում է 51, գյուղատնտեսության ոլորտում՝ 149 մարդ:

Շեխեր համայնքի վարչական տարածքը կազմում է 919հա, գյուղատնտեսական նշանակության  հողեր՝ 547,2հա, որից վարելահող՝ 254,9հա, այդ թվում սեփական՝ 206հա, վարձակալած՝ վարելահող՝ 45,9հա, խոտհարք՝ 25,7հա, թթայգի՝ 1,3հա, արոտ՝ 6,5հա, պտղատու այգի՝ 3,2հա։  2017թ. կատարվել է 24հա հերկ, 82,1հա գարնանացան:  Բազմամյա խոտաբույսերի ցանքսերի համար հայտ է ներկայացվել և ցանվել 9հա:

2017թ. հնձվել է 75,8հա ցորեն, ստացվել 2274ց բերք, արևածաղիկ՝ 15,5հա, որից հավաքվել է 105ց բերք, 3հա կարտոֆիլի ցանքսից ստացվել է 300ց բերք, 7,8հա բանջարեղենի ցանքսից՝ 404ց բանջարեղեն և այլն:

Համայնքում 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կա 171 գլուխ խոշոր և 190 գլուխ մանր եղջերավոր անասուն, 69 գլուխ խոզ, 1600 թև թռչուն, 81 մեղվաընտանիք և այլն:

2017թ. բյուջեն եկամտային մասով կատարվել է 100,3 տոկոսով, ծախսային մասով` 96,2 տոկոսով: 

Որոշակի հաջողությունների են հասել սեփական եկամուտների հավաքագրման և գյուղատնտեսության բնագավառում, սակայն այստեղ էլ, ինչպես Ջիվանիում,անելիքները շատ են հատկապես բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, նրա կենսամակարդակի բարձրացման ուղղություններում: 

Երկու համայնքների հաշվետու ժողովների ավարտին տեղի ունեցան քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները բարձրացրին համայնքային և անձնական նշանակության մի շարք խնդիրներ: Իրականացված աշխատանքների շուրջ վերլուծություն կատարեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Բարսեղյանն, առանձնահատուկ նշելով բացթողումները, անդրադառնալով ձեռքբերումներին, որից հետո պատասխանեց ժողովականների կողմից բարձրացված հարցերին:

 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

ք. Մարտունի