[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑ ԶՈՐԱՄԱՍ

ՙՍատարում հարազատ բանակին՚ կոչի նախաձեռնող  խմբի ղեկավար, ԼՂՀ  ԱԿԱՀՄ  նախագահ

 ՙՍատարում հարազատ բանակին՚ կոչի նախաձեռնող խումբը վերջերս  եղավ  Պաշտպանության բանակի  հարավ-արեւելյան ուղղության  զորամասերից մեկում։ Այցը նվիրված էր Արցախյան շարժման  30-ամյակին։

Խմբի կազմը,  մշտական անդամներ Արմեն Հովսեփյանից, Արթուր Գրիգորյանից եւ տողերիս հեղինակից բացի,  այս անգամ  ներկայացնում էին նաեւ Լաուրա Նասիբյանը՝  Զոհված ազատամարտիկների հարազատների միությունից,  ԱՀ մշակույթի նախարարության կրոնի եւ ազգային փոքրամասնությունների  բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանը, Ստեփանակերտի թիվ 10 դպրոցի փոխտնօրեն Անահիտ  Սարգսյանն ու դպրոցի զինղեկ Վարուժան Աղաջանյանը,  թիվ 6 դպրոցի զինղեկ  Արմեն Մարտիրոսյանը, ՊԲ ռազմահայրենասիրական բաժնի սպա, մայոր  Դավիթ Օհանջանյանը,  ՊԲ ՙԳոյամարտ՚ հեռուստածրագրի օպերատոր Դավիթ Քեշիշյանը։ 

Ընդունված կարգի համաձայն,  մեր հանդիպումը զորամասում տեղի ունեցավ նախ  հրամանատարության հետ։ Օրվա  ծրագրին ծանոթացրինք հրամանատար, գնդապետ Արամ Չիլինգարյանին, նրա ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Պետրոսյանին եւ շտաբի պետ, փոխգնդապետ Արամ Խաչատրյանին։ Զրուցեցինք նաեւ  հրամկազմի մյուս սպաների հետ։

…Ահա եւ սպասված պահը՝ հանդիպումը  զինվորական ընդհանուր կոնտինգենտի հետ, ինչին  տալիս ենք հատուկ նշանակություն։ Երբ զինվորների առջեւ ելույթ են ունենում օրվա հյուրերը, բոլորի խոսքի մեջ շեշտը միշտ էլ դրվում է հայրենասիրության եւ հայրենապահության, տվյալ դեպքում՝ սահմանապահության կարեւոր խնդրի վրա, եւ հնչում են հոգեկան արիության ու ծնողական պատգամներ,  հորդոր՝ բանակային կանոնադրությանն ու կարգապահությանը սրբորեն հետեւելու կոչով եւ այլն։

Բայց այս անգամ  հանդիպմանը մի նոր երանգ ավելացրին  Աշոտ Սարգսյանի ներկայությունն ու խոսքը։ Եվ, պատկերացրեք, նրան շատ ուշադիր էին լսում ոչ միայն ՙտանտերերը՚, այլեւ մենք, որովհետեւ միշտ չէ, որ կարող ես լսելու  հնարավորություն ունենալ, ասենք, Արցախում հավատացյալներին վերաբերող տեղեկությունների՝ թվերի ու փաստերի, կամ՝ աղանդավորության տարածման դեմ եթե ոչ ակտիվ պայքարի (լավ է, թե վատ՝ գոյություն ունի խղճի ազատություն), ապա գոնե նրա  սահմանափակման անհրաժեշտության մասին։ 

Այդ օրը մեզ հետ  էր եւ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ՙԱրցախի բալիկներ՚ համույթը, որի ուժերով կազմակերպված համերգը ջերմորեն ընդունվեց զինվորականության կողմից։

Նման միջոցառումները շատ են նպաստում ժամանակակից բանակին բնորոշ  զինվորական բարդ ու դժվար  ծառայությունում  տղաներին ներքին լարվածությունից  մասամբ լիցքաթափելուն…

Խմբի ճանապարհվելու նախօրյակին  Ստեփանակերտի թիվ 6 դպրոցի տնօրեն Արթուր Ավետիսյանը մեզ էր հանձնել իրենց կրթօջախի առաջին դասարանցի Սեւակ Խաչատրյանի նամակը։ Իր իսկ՝ երեխայի խնդրանքով  նամակը զորամաս տանելու  համար, որովհետեւ  տղեկի հայրը ծառայում է հենց նույն զորամասում…

 Եվ ահա բարձրաձայն հնչում են նամակի հուզիչ, անգամ կասեի` ցնցող, տողերն, ու հարյուրավոր ձեռքեր ծափերով են ընդունում փոքրիկի բառերը։ Երեխան գրել էր, որ կարոտում է հորը, բայց քանի որ գիտի, որ նա զինվորներին սովորեցնում է պաշտպանել սահմանը, դրա համար էլ սիրելի հայրիկի ՙերկու այտը՚ համբուրում է…  հեռակա եւ խոստանում, որ միշտ  լավ կսովորի։ Մենք էլ էինք հուզվել, բայց տեսնելու՛ բան էր  նամակի հասցեատիրոջ  տվայտանքը…

Զորամասում երկու հաճելի նորույթի հանդիպեցինք. նկատի ունեմ  նախ նոր ու  ժամանակակից ակումբը, որով պարզապես հիանալ կարելի է։ Այն, իրոք,  աչք է շոյում բոլոր  առումներով։  Երկրորդ գնահատելին այն էր, որ նույնպես գեղեցիկ ու հարմարավետ բուժկետում, ինչպես պարզեցինք,   բուժում ստացող  զինվորականների թիվն ընդամենը 3 էր։ Ասել է թե՝ զորամասում  մյուս բոլորը ֆիզիկապես  առողջ  են, եւ դա  լավ ցուցանիշ  է։

Զորամասի տարածքում երկու խաչքար կա,  մեկը փոքր ու վնասվածքներով (ապրիլյան պատերազմի օրերին քարն էլ է  տուժել թշնամու  լկտի գործողությունից), իսկ մյուսը՝ անհամեմատ մեծ, անվնաս  ու  շքեղ։ Իմացանք, որ երկուսն էլ  պատվիրել ու տեղադրել է տվել գեներալ-լեյտենանտ (փոքր խաչքարի ժամանակ՝ դեռ գնդապետ) Մանվել Գրիգորյանը։

 Իսկ  զինվորական ճաշարա՞նը։ Այնտեղ ոտք դնելուց  ակամայից նայում ենք մեր կոշիկներին՝ համոզվելու որքանով են մաքուր…Ահա եւ երրորդ՝ լրացուցիչ անակնկալը. զինվորական ճաշարանում  ներդրված է ճաշելու  նոր տեխնոլոգիա՝  ինքնասպասարկում, որ համարյա, այսպես կոչված,  ՙշվեդական սեղան՚ է հիշեցնում։ Մեզ  բացատրում են,  որ բանակի հրամանատարության կողմից խնդիր է դրված աստիճանաբար նման սպասարկման անցնել բոլոր  զորամասերում։ Սա առաջընթաց է, և ծնողներն, այո,  պետք է իմանան, որ բանակում արվում է ամեն ինչ՝ իրենց զավակների  առողջության ու լիարժեք կյանքի ապահովման համար։

Վերջում նշեմ, որ մեզ հետ զորամաս էինք տարել  33 արկղ նվերներ, որոնց մի մասի ձեռքբերմանն աջակցել էին թիվ 10, թիվ 5 եւ թիվ 6  դպրոցների ներկայացուցիչները,  մյուս մասն էլ ապահովել էինք ինքներս՝  մեր խմբի մշտական անդամները։ Դրանք  բաժանվեցին ստորաբաժանումներին։ Եղան նաեւ պարգեւատրումներ։ Մասնավորապես, մեր կազմակերպության մեդալով պարգեւատրվեց  զորամասի հրամանատարը, պատվոգրով ու  գրքով՝ նրա ԱՀՏԱ գծով տեղակալը, շնորհակալագրով՝  ծառայությունում աչքի ընկած 5 զինվոր։   ԶԱՀՄ պատվոգիր էլ ստացան երկու  եւ  շնորհակալագիր՝  3 զինծառայող։

Ստեփանակերտ վերադարձանք  հարուստ տպավորություններով։

 

Վերա ԳՐԻԳՈՐՅԱՆ