[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՇՏ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ, ՄԻՇՏ` ՄԵԶ ՈՒՂԵԿԻՑ

Կան մեծություններ, որոնց կորստյան ցավն ազգովի ենք սգում:

 25 տարի  առաջ՝ 1993թ. հունիսի 12-ին, զոհվեց Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, ՙՈսկե արծիվ՚ շքանշանի ասպետ, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Մոնթե Մելքոնյանը: Հերոսի անմահ հիշատակին Մարտունու մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվել է հուշ-ցերեկույթ: Նախքան միջոցառման մեկնարկը հանրապետության պետական այրերը, հերոսի հարազատները՝ կինը, եղբայրը, քույրը, մարտական ընկերները՝ շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանի  գլխավորությամբ, այցելել են հերոսի զոհվելու վայրը` Մարզիլու, այնուհետև Մարտունի քաղաքում ծաղիկներ խոնարհել հրամանատարի, Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան գոյապայքարում նահատակված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշարձան-կոթողների պատվանդաններին: 

Հուշ-ցերեկույթի ընթացքում ՊԲ գնդապետ Կարեն Գրիգորյանը ներկայացրել է հերոսի անցած փառավոր մարտական ուղին: Հանգամանքների բերումով, հայրենիքից ֆիզիկապես հեռու ծնված ու հասակ առած Մոնթեն անվերապահորեն միաձուլված էր հայրենիքին: Դեռևս պատանի` Մոնթեն հասկացել էր, որ հայրենիքը լոկ տարածք չէ, այն նաև կյանք է, երազանք է, պատիվ է:  Արցախյան  գոյապայքարը Մեծ հային բերեց հայրենի երկիր: Նրա գալուստը սկզբում, իհարկե, ոչ բոլորը ողջունեցին, բայց ազնիվ, անկողմնակալ մարդկային հատկանիշների ու ռազմական խորը և կայուն գիտելիքների շնորհիվ կարճ ժամանակում վայելեց շրջապատի սերն ու հարգանքը: 1992թ.-ին Մոնթե Մելքոնյանին վստահվեց Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը: Իր մարտիկների հետ Ավոն մասնակցել է Արցախի բոլոր շրջանների համար մղված մարտական գործողություններին. որտեղ Ավոն էր, այնտեղ հաղթանակն անխուսափելի էր: Նրա ռազմական ունակությունների շնորհիվ Մարտունին դարձավ անխոցելի,  անառիկ  ամրոց: Միջոցառման մասնակիցների հուզմունքը վկայությունն էր այն բանի, որ սերունդը հավատարիմ է լեգենդար հրամանատարի գաղափարախոսությանը: 

Արդեն քառորդ դար  է, ինչ Ավոն ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն նրա անունը, հայ ազգի համար թողած անգնահատելի ավանդը, նրա ամեն մի խորհուրդը, բառը, հայացքը  մեզ հետ են, մեր բոլորի մեջ՝ նոր ծնվող ամեն մի հայ մանկան մեջ: 

Այսօր Մոնթեի անունով են կոչում նորածին մանուկների, հանրապետության փողոցներ ու կրթական օջախներ: Մարտունու Մոնթե Մելքոնյանի անվան և հ.1 մանկապարտեզների սաների ելույթները հնչեցին որպես երդում: Խոստացան, որ հերոսի պատգամները կյանքի կկոչեն:

Մելքոնյան ընտանիքի կողմից հերոսի հիշատակը վառ պահելու համար ներկաներին շնորհակալություն հայտնեց Ավոյի եղբայր Մարգարը: Իսկ հերոսի կնոջ՝ Սեդայի ելույթը ջերմ հիշողություններ էին. Ավոն տարբեր էր բոլորից, օգնելու համար սահմաններ չէր ճանաչում: Նա շնորհակալություն հայտնեց Մոնթե Մելքոնյանի մարտական ընկերներին, քանի որ Ավոն հաղթանակների է հասել նաև զինակից ընկերների շնորհիվ: Եվ վստահ է, որ այսօրվա սերունդը կշարունակի և ավարտին կհասցնի նրանց կիսատ թողած գործը:

Հերոսության, բարության, համեստության, նվիրվածության, հավատարմության այն բարեբեր հունդերը, որ Մոնթեն շաղ տվեց Արցախ աշխարհում, ծիլեր են տալիս յուրաքանչյուր հայի հոգում: 

Հուշ-ցերեկույթի ընթացքում, լեգենդար հերոսի անվան հետ զուգահեռ, հիշատակվում էր նրա հավատարիմ ընկեր, հետախուզության պետ Ռաջ  (Սարիբեկ) Մարտիրոսյանի անունը: 1993թ. հունիսի 12-ը ճակատագրական եղավ նաև նրա համար: 25 տարի անց Սարիբեկի թոռը՝ 4-ամյա Սարիբեկը, բեմից ասում է, որ չի հավատում հերոս պապիկի մահվանը, ասելով, որ պապիկն այլևս արեգակ է երկնքում, ով նոր արշալույսներ է պարգևում իր սիրելիներին:

Հայրենասիրական երգ ու պարով զուգակցված հուշ-ցերեկույթը փաստեց, որ լեգենդար հերոսը միշտ մեր կողքին է, նրա պատգամները՝ միշտ մեզ ուղեկից:

 

 

Անուշ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ

ք. Մարտունի