[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հունիսի 14-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու հերթական նիստը, որտեղ օրակարգային հարցերի հետ մեկտեղ բարձրացվեցին և քննարկվեցին այլ հարցեր: 

Նշենք, որ նիստի ձևաչափը փոփոխություն է կրել. առաջին անգամ և այսուհետ` շարունակական, նիստին կմասնակցեն Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակծառայությունների տնօրենները և համապատասխան բաժնինների պետերը, որպեսզի տեղեկացված լինեն ավագանու կողմից բարձրացված հարցերին և հնարավորինս արագ լուծում տան դրանց: 

Ամենահրատապ հարցը չասֆալտապատված փողոցների անմխիթար վիճակն է, որն առաջացել է հորդառատ անձրևների հետևանքով: Խնդրի առնչությամբ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց քաղաքապետարանի հնարավորությունները. ըստ տարեկան ծրագրի` ճանապարհների խճապատման համար հատկացված է 10մլն դրամ: Խճապատման աշխատանքները կսկսվեն անձրևների դադարումից հետո: Կապիտալ շինարարություն պահանջող խնդիրները կընթացքավորվեն և կուղարկվեն ԱՀ քաղաքաշինության նախարարություն, որն էլ իրավասու է դրանք լուծելու: Քաղաքապետն իրազեկեց, որ վերջերս ստեղծված Հանրային խորհրդից բազում գրություններ են ուղարկվել քաղաքապետարանի հասցեով, որտեղ զետեղված են քաղաքացիների զանազան խնդիրներ, որոնք ընթացքավորվում են և հետզհետե լուծում ստանում: 

Անդրադարձ եղավ շուրջօրյա ջրամատակարարման ծրագրի իրագործման հետևանքով ասֆալտապատ փողոցների քանդման և ժամանակին չվերանորոգելու խնդիրներին: Ֆինանսների սղության պատճառով ամեն տարի միայն մի քանի փողոց է ասֆալտապատվում, ինչի համար գործը դանդաղ է ընթանում: 

Հաջորդ հարցը վերաբերում էր Թումանյան 121 նորակառույց 10-հարկանի շենքին, որտեղ ապահովված չէ գազամատակարարումը, չի աշխատում վերելակը, բարեկարգված չէ բակը, բայց բնակարանները բաշխված են: Պարզաբանում տրվեց, որ շենքի շինարարությունն ավարտված չէ, բայց մարդիկ համաձայնել են ապրել նման պայմաններում: Եվ քանի որ հարցը վերաբերում է կապիտալ շինարարությանը, գրություն կուղարկվի Քաղաքաշինության նախարարություն: 

Շատ լուրջ հարց է թիվ 1 մանկապարտեզում հակահրդեհային համակարգի բացակայությունը: Թերացումն Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է, խնդրի լուծման համար համապատասխան գրություն կուղարկվի ԱԻՊԾ: 

Եզրակացությունը մեկն էր՝ ուժեղացնել վերահսկողությունը և գործել օրենքի տառին համապատասխան:

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ