[ARM]     [RUS]     [ENG]

Tert.am: Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայ ժողովուրդը ցնցված է Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներից, մենք գործ ունենք երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն երևույթի հետ:

Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-իբացահայտումներին:

«Տեղյակ եք իրադարձություններից, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են տեղի ունեցել, և առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու՝ ուզում եմ արձանագրել, որ մենք գործ ունենք երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն երևույթի հետ: Ցնցող են բացահայտումները, շոկային են հայ հանրության համար: Երեկ շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին և խնդրել եմ շնորհակալության խոսքեր փոխանցել այն աշխատակիցներին, ովքեր մշակել ու իրականացրել են այս օպերացիան»,-ասաց Փաշինյանը:

Խոսքն ուղղելով Արթուր Վանեցյանին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլորը հասկանում են, որ գործողությունը մեկ օրում չի կազմակերպվել, և դրան նախորդել է ծավալուն աշխատանք:
Վարչապետը հույս հայտնեց, որ գործի նախաքննությունը կընթանա պատշաճ մակարդակում, դատախազությունը կապահովվի պատշաճ քննություն, որպեսզի գործի բոլոր մասնակիցները պատասխանատվության կանչվեն՝ անկախ կոչումներից ու հարակից հանգամանքներից:
«Այս աշխատանքի ընթացքում մենք նաև որոշակի խնդիրներ և օրակարգ ենք ձևակերպել, որը վերաբերում է նաև իրավապահ համակարգի փոխգործակցության խնդիրներին: Առաջիկա օրերին խորհրդակցություն կհրավիրեմ այս թեմայով, որպեսզի մենք այս հարցում որոշ հստակեցումներ մտցնենք և զարգացնենք իրավապահ համակարգի փոխգործակցության մակարդակը: Հույս ունեմ, որ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով: Գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայությանը, ես հույս ունեմ, որ քննությունը կընթանա պատշաճ մակարդակով և գլխավոր դատախազությունը կապահովի քննության պատշաճ մակարդակը: Ասեմ, որ ինչպես ես, այնպես էլ հայ հանրությունը չի տեսնում որևէ խոչընդոտ, որպեսզի այս գործի բոլոր մասնակիցները բացահայտվեն և կանչվեն պատասխանատվության, անկախ նրանց կոչումներից, կարգավիճակներից և այլ հարակից հանգամանքներից: Այս գործը պետք է բացահայտվի մինչև վերջ և ինչպես մյուս բոլոր դեպքերում որևէ արգելակներ և խոչընդոտներ չկան և չեն կարող լինել»,- ասաց ՀՀ վարչապետը: Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ինչի մասին ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն անմիջապես տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին:  Ելնելով քրեական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 17-ին քրեական գործը վերցրել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթից և հանձնել ՀՀ ՀՔԾ վարույթին, ինչպես նաև հանձնարարվել է երկու ծառայությունների քննիչներից ստեղծել քննչական խումբ և շարունակել նախաքննությունը:

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար:
Հիշեցնենք նաև, որ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել պատգամավորի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Մանվել Գրիգորյանի տանը նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք էր հայտնաբերվել։

 

Tert.am

 

 

 

Media