[ARM]     [RUS]     [ENG]

Ս. ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՈՒՓԻ ԳՅՈՒՏԻ ՏՈՆ ՕՐԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՍՈՒՐԲ ՀՈՎԱՆԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԵՐԻ ՕԾՄԱՄԲ (Տեսանյութ)

Հունիսի 24-ին  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ տեղի ունեցավ Ստեփանակերտի նորակառույց Աստվածամոր Սուրբ Հովանի եկեղեցու  խաչերի, զանգերի օծում: 

Արարողությանը ներկա էին Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, այլ բարձրաստիճան այրեր, հոգևորականներ, զինվորականներ, հավատացյալներ, մտավորականներ: Տեխնիկական խնդիրների պատճառով  գլխավոր գմբեթի խաչը չտեղադրվեց, իսկ զանգակատան խաչն ու զանգը տեղադրվեցին: 

Այս գեղեցիկ արարողությունը համընկավ Սբ. Աստվածածնի տուփի գյուտի տոն օրվան: Ըստ եկեղեցու  սրբազան ավանդության Սբ. Կույսը իր զգեստներից մեկը նվիրել էր իր հետ ապրող մի հրեուհու: Պատմվում է, թե Կ. Պոլսեցի երկու ազնվատոհմիկ հույն եղբայրներ՝ ալբիասը և Կանտիտասը, որոշում են ուխտի գնալ Երուսաղեմ՝ Պաղեստինի սրբավայրերը: Երբ Նազարեթում էին, ուր Ավետումն էր եղել, նրանք նկատում են, որ տեղաբնակ հիվանդների ու կույրերի հոծ բազմություն է հավաքվել մի տնակի առջև: Հետաքրքրությունից մղված՝ նրանք մոտենում են ամբոխին և տեղեկանում, որ այնտեղ, մի տուփի մեջ է պահպանվում Աստվածամոր զգեստը, որ նախնիներից ժառանգաբար հասել էր տանտիրուհուն և որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Երուսաղեմ հասնելով՝ նրանք նմանօրինակ տուփ են պատվիրում և, վերադառնալով Նազարեթ, ծածուկ կերպով փոխանակում են հրեա կնոջ տան նախօրինակի հետ: Այսպես, լքելով սրբազան վայրերը՝ նրանք ժամանում են Կ. Պոլիս՝ իրենց հետ բերելով այդ սրբությունը: Շուտով ազնվականների տանը սկսվում են հրաշքներ կատարվել, որոնց նախապատճառի մասին նրանք հայտնում են թագավորին: Բյուզանդացի Լևոն Մեծ կայսրի (457-474թթ.) հրահանգով քաղաքի եպիսկոպոսը հիշյալ սրբությունը հանդիսավորապես զետեղում է Սբ. Աստվածամոր անունը կրող եկեղեցում: Այդ հիշարժան դեպքի պատրվակով սահմանվում է ''Գյուտ տփոյ Սբ. Աստվածածնի'' տոնը, որը Հայ եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից:

Նշենք, որ նվիրատվություններով կառուցվող եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2006 թ. հուլիսի 19-ին` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ: Մայր տաճարի օծման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 1-ին:


 Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

 

Media