ԿԱՆԳՆԱԾ ՋՈՒՐԸ ՃԱՀԻՃ ԿԴԱՌՆԱ

 

 

 

Ինչպես ժողովուրդն է ասում ՝ մարդն աշխարհին անուն է թողնում, վագրը՝ մորթի։

 

Վաչագան Ավագիմյանը հայի այն տեսակն է, որը ծնվել է անուն թողնելու համար։ 

Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն համայնքում է ծնվել նա, անհոգ մանկություն ապրել, ու երիտասարդության ծաղկուն շրջանում  դեմը հառնում է Արցախյան շարժումը... 

Փոքրիկ համայնքի 32-հոգանոց զորաջոկատի կազմում Արցախի անկախության համար պաշտպանական ու հարձակողական մարտեր մղելիս, 1993-ի դեկտեմբերին վիրավորվում է Մարտակերտի ՙԹազա խաչ՚ կոչվող տարածքում։      

 Ապաքինվելուց հետո, մի ոտքից զրկված, Պաշտպանության բանակում ծառայում է  մինչև 1998 թվականի վերջը։ Զորացրվելուց հետո  չորս երեխաների հայր Վաչագանը, տարբեր աշխատանքներ է կատարում։

-2015 թվականին, երբ ընտրվեցի համայնքի ղեկավար, մտածեցի, ի՞նչ անեմ, որ հուսախաբ չանեմ համայնքի բնակչությանը, տեղում չդոփեմ, տեղապտույտներ չտամ, քանզի հայտնի ասացվածք կա՝ ՙկանգնած ջուրը ճահիճ կդառնա, կնեխի՚,-ասում է համայնքի ղեկավարը և ավելացնում,- սկսեցի համայնքային վարչական շենքի նորոգումից, քանի որ խարխուլ վիճակում էր։   

Այնուհետև հավաքեց աշխատակազմը,  համապատասխան զրույց ունեցավ նրանց հետ, ովքեր պետք է երեսպարզ անեին համայնքը, և հասկացան իրար։ 

Լուսաբեր Դավեյանը  երկար տարիներ է` համայնքի բուժկետի վարիչն է: Նրա մասին բոլորն էլ դրվատանքով են խոսում, բոլոր հիվանդները հսկողության տակ են։ Ժամանակին է նրանց մատուցում համապատասխան դեղերը, որոնք ստանում է շրջանային բուժմիավորումից։ Սակայն զրույցի ժամանակ Լուսաբերը դժգոհեց շենքային և գույքային պայմաններից, որոնք գրեթե չկան։ 

-Այո, ցավոք, ճիշտ է նկատել, -ասում է համայնքի ղեկավարը,- մտածում ենք, թե ինչպես լուծենք շենքի կառուցման հարցը, երևի բարերարի օգնությամբ։

Լիլիա Աթաբեկյանը  փոքր հասակում, Արցախյան պատերազմի ժամանակ, երբ ռմբահարվում էին մեր բնակավայրերը, մոր գրկին էր, ՙԳրադ՚ կայանքի համազարկից վիրավորվեց։ Տարիների հետ հասակ առավ Լիլիան, մշակութային կրթություն ստացավ, դարձավ համայնքի ակումբավար։ Գործնական աղջիկ է, մշտապես պրպտումների մեջ, թեև պայմաններն այն չեն, բարեխիղճ է, վստահված գործի նկատմամբ՝ պատասխանատու։ 

Լավ գիտենք նաև համայնքի Աշոտ Սարգսյանի անվան տարրական դպրոցի տնօրեն Վալենտինա Խաչատրյանին։ Տիկին Խաչատրյանին ճանաչում եմ դեռևս համայնքի ակումբավար եղած ժամանակներից, երբ արժանացավ ՙՇրջանի լավագույն ակումբավար՚ մրցանակին։ Հիմա դպրոցի տնօրենն է և հպարտությամբ նշում է, որ 2017-18 ուս. տարվա համեմատ 2018-2019 ուսումնական տարում աշակերտների թիվը հասնելու է 12-ի, 4-ով ավել, ինչը փոքր համայնքի համար ուրախություն է։

 Դասավանդող չորս ուսուցիչներն ունեն բարձրագույն կրթություն, իսկ դպրոցում առկա 2000 կտոր գեղարվեստական գրքերից օգտվում են աշակերտներն ու համայնքի բնակչությունը։ 

Ներքուստ հպարտանում ես, որ դրական է ներկայացվում համայնքի աշխատակազմը, որ 2015 թվականից ի վեր 15 տոկոսով ավելացել է բնակչության թիվը, որ կատարվում են բյուջեով նախատեսված հարկարարական գործառույթները։ Այսքանը բարի համբավ ունեցող համայնքի ղեկավար Վաչագան Ավագիմյանի արդյունավետ աշխատանքի արդյունքն է։

Նրա հետ կանգնած ենք գյուղի կենտրոնը տանող ճանապարհին։ Գեղեցիկ, խճապատված փողոց։

 -Միայն այս ճանապարհը չէ, որ բարեկարգվել է, գյուղամիջյան բոլոր փողոցները ևս բարվոք վիճակում են,- ասում է համայնքի ղեկավարը: -Ժամանակին գրություն եմ ուղարկել տարածքում գործող ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերության հանքարդյունաբերական կոմբինատի տնօրինությանը, մեզ ընդառաջել և լուծել են այս կարևոր խնդիրը, շուտով կլուծվի նաև լուսավորվածության հարցը։ 

Համայնքն ունի խմելու մշտական ջուր, այն գյուղ է հասցվել ՙՋրակն՚ տեղամասից, որը գտնվում է գյուղից 3 կմ հեռավորության վրա, իսկ մեկ թաղամասում արդեն առկա է ոռոգման ջուր։ Վերջերս հասցրել ենք փոխել համայնքի երկու բնակելի տների տանիքները, բազմանդամ ընտանիքի համար կառուցել բնակարան,- նշեց Վ. Ավագիմյանը։

Գյուղի իշխող բարձունքում Արցախյան պատերազմի 12 զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրն է, որն ուխտատեղի է բնակչության համար, իսկ հյուսիսային մասում վեր է խոյանում պատերազմը հիշեցնող հուշարձան-կոթողը։ Ափսոսանքով ենք նշում, որ նման գեղեցիկ մոնումենտալ կառույցի կողքին գտնվող հանդիսությունների սրահը փլուզման վտանգի տակ է, վերանորոգման խիստ կարիք ունի։ Այն կարծիքին ենք, որ համայնքի համար այդքան կարևոր օբյեկտի վերանորոգումը երկար սպասեցնել չի տա, բարի մարդիկ անպայման ձեռք կմեկնեն։

Օրն արդեն կիսվել էր, և Ծաղկաշենից  հեռացանք՝ ակնկալիքով, որ ավելի կզարգանա գյուղը և կլուծվեն առկա խնդիրները։

 

Հենրիխ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ք. Մարտակերտ