[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՎ ԱՄՈՒՐ, ԱՌԱՎԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ

Ացախում նշվեց հանրապետության հռչակման 27-րդ տարեդարձը

 Սեպտեմբերի 2-ը հիշարժան օր է ոչ միայն արցախցիների, այլև ողջ հայության համար։ 1991թ. հենց այդ օրն էլ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորումն ազդարարող Հռչակագիրը։ Արցախի խիզախ ժողովուրդն այդ փաստաթղթով արտահայտեց սեփական հողի վրա տիրոջ իրավունքով և ազատորեն ապրելու իր վճռականությունը։ Անկախության հռչակմամբ բռնության ու բռնապետության ճիրաններից դուրս բերվեց հայության տառապյալ, բայց և հերոսական հատվածներից մեկը։  

Քսանյոթ տարի է անցել պատմական այդ օրից։ Արցախի Հանրապետությունն այսօր դինամիկ զարգացող, ժողովրդավարական պետություն է, որն ապահովում է իր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները։ Արցախի պաշտպանության բանակը տարածաշրջանում ամենամարտունակներից մեկն է։ Օր օրի աշխարհում ավելի են ստվարանում ԼՂՀ-ի և նրա ժողովրդի բարեկամների շարքերը։ Օր օրի բարձրանում է ազատության ու ժողովրդավարության ճանապարհով անշեղորեն ընթացող Արցախի միջազգային հեղինակությունը։

Անշուշտ, երկուսուկես տասնյակից ավելի տարիների ընթացքում եղել են ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ բացթողումներ։ Մեր ընթացքը, սակայն, ոչ ոք և ոչինչ չկարողացավ կանգնեցնել, և այսօր ամենայն պատասխանատվությամբ ու հպարտությամբ՝ ի լուր աշխարհի հայտարարում ենք. Արցախի Հանրապետությունն ազատ է, անկախ ու ինքնիշխան։ Նրա ազատությունն ու անկախությունը անսակարկելի արժեքներ են։ 

Եվ այսպես՝ ամեն տարի արցախահայությունը մեծ շուքով նշում է իր ամենագլխավոր տոնը, ոտնահարված իրավունքների վերականգնման ու պատմական արդարության հաղթանակի օրը։ 

Որպես ավանդույթ՝ տոնին նվիրված միջոցառումները մեկնարկեցին նախօրեին՝ կրթական հաստատություններում անցկացված ՙԱնկախության 27 տարիներ՚ խորագիրը կրող դասերով։ Նույն օրը երեկոյան մայրաքաղաքի Ստ. Շահումյանի անվան պուրակում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ թնդում էին երգն ու պարը, հաճելի երաժշտությունը տարբեր ինքնագործ խմբերի և Արցախի փողային նվագախմբի կատարմամբ։ Իսկ հաջորդ օրը՝ Սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տոնական օրվանը յուրահատուկ ցնծություն էր. մեծ ու փոքր բարձր տրամադրությամբ փողոց էին դուրս եկել՝ իրենց ուրախությունը կիսելու, միմյանց հետ հաղորդակցվելու և, իհարկե, ամենամյա երթին մասնակցելու համար։  ԱՀ հռչակման հերթական տարեդարձին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով ՀՀ-ից, ԱՊՀ երկրներից և Սփյուռքից Արցախ էին ժամանել բազմաթիվ հյուրեր՝ պետական այրեր, բարձրաստիճան սպաներ, Արցախին տարբեր ծառայություններ մատուցած անձինք ու նրա հավատարիմ բարեկամները։ Սա ևս առիթ է՝ համոզվելու, որ Արցախը մենակ չէ, որ յուրաքանչյուր հիշարժան օր և համապետական նշանակության իրադարձություն նշվում է նաև մեր բարեկամների մասնակցությամբ։

Ինչպես միշտ՝ վաղ առավոտից դեպի Հուշահամալիր ձգվող մարդկանց հոսքը ժամ առ ժամ ստվարանում էր։ Պետական պաշտոնյա, թե հասարակ քաղաքացի, այդ օրն առաջին հերթին հիշում են նրանց, ում գիտակցված զոհաբերության շնորհիվ ձեռք է բերվել անկախությունը։ Վերածննդի հրապարակից սկիզբ առած հարգանքի ու հիշատակի երթին միացան նաև հայկական զույգ հանրապետությունների՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունները՝ նախագահներ Բակո Սահակյանի և Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ ԱՀ պատվիրակության կազմում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, ներկայացուցիչներ Սփյուռքից ու արտերկրից։ 

Հավերժական կրակի մոտ ԱՀ պաշտպանության բանակի պատվո պահակախումբն էր։ Պետական այրերն ու արարողության մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Հուշահամալիրի կենտրոնական կոթողի պատվանդանին, մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը։ Ծաղիկներ խոնարհվեցին նաև Արցախյան ազատամարտում զոհվածների շիրիմներին։ 

Բարձրաստիճան պատվիրակությունները հարգանքի տուրք մատուցեցին նաև  ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին։

Ի՞նչ տվեց մեզ ԼՂՀ հռչակումը, որքանո՞վ էր ճիշտ մեր կատարած ընտրությունը։ Ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ ունեցանք անկախ պետականության կերտման ճանապարհին։ Այս ամենի և տոնական օրվա խորհրդի մասին լրագրողների հետ իրենց մտորումները կիսեցին պետական այրերն ու հասարակ քաղաքացիները։

 

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ, 

ԱՀ ԱԺ նախագահ.

-Ամեն տարի կարծես մենք վերանորոգում ենք Սեպտեմբերի 2-ի տոնի խորհուրդը, բայց տարեցտարի այն  զգացողությունը, թե ինչ է մեզ հաջողվել իրականացնել այստեղ՝ Արցախում՝  համախմբելով ազգի բոլոր ուժերը, դառնում է շատ ավելի ակնհայտ։ 1991-ի սեպտեմբերի 2-ին ընդունված անկախության Հռչակագիրը շատ կարևոր, իմաստուն որոշում էր՝ հայի ինքնությունն այստեղ՝ հայկական Արցախում պահելու առումով։ Եվ դա հաջողվեց այն պատճառով, որ մենք կարողացանք համախմբել մեր ուժերը և 1988 թվականի համաժողովրդական շարժումն ուղղորդել ազատության և անկախության ճանապարհով։ Ըստ իս՝ ինչքան էլ տարիներն անցնեն, մենք ամեն անգամ, ամեն տարի ինչ-որ մի բան ավելացնելով և ամրապնդելով մեր պետականությունը, մեր ուժը, մեր սահմանների ամրությունը, գնալու ենք դեպի մեր վերջնական նպատակը՝ դեպի միասնական մեկ հայկական պետականության ստեղծում։ 

 

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ, 

ՀՀ նախագահ.

- Հայաստանի Հանրապետության նախագահի կարգավիճակով առաջին անգամ եմ մասնակցում Արցախի անկախության տոնին,  հպարտության և ուրախության զգացումներ եմ ապրում։ Սա ոչ միայն անկախության, այլև հաղթանակի տոն է, սա ապագայի հանդեպ վստահության օր է, երբ հայ ժողովուրդն ինչ-որ իմաստով իրեն վերադարձրեց իր հպարտությունը, հաղթանակի քաղցր զգացումը, վստահությունն իր ուժի և ապագայի նկատմամբ։  Սա նաև օր է առաքելության՝ մեր ժողովրդի առաջ, տոն է մեր ազգային ինքնության ու արժանապատվության, քանզի արտահայտում է, թե ով ենք մենք՝ որպես դարերից եկած ազգ։ Բավականին թանկ գին ենք վճարել այս տոնի համար, բայց, ինչպես տեսնում եք, մեր տղաներն իրենց կյանքն իզուր չեն տվել հանուն այսօրվա։ Տվել են, որպեսզի այս երկիրը դառնա ավելի հզոր, ամբողջ աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդը կարողանա կառուցել իր նոր հայրենիքը։ Ես մաղթում եմ բոլորիս ուժ ու կորով, դիմացկունություն։

 

Արկադի Տեր-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, 

Արցախի հերոս, գեներալ-մայոր.

- Նախ թույլ տվեք շնորհավորել մեր բոլորիս պանծալի տոնը։ Իրականում դա հայության երազանքն էր, որ իրականություն դարձավ, ինչի համար էլ բոլորս այսօր պարծենում ու հպարտանում ենք։ Ուրախ եմ նաև, որ ամեն տարի կարողանում եմ այցելել ինձ համար անչափ թանկ հերոսական Արցախ, վերհիշել այն ծանր ու դժվարին պայքարի օրերը և կրկին ու կրկին հպարտության զգացում ապրել։ Եվ այդ հպարտությունն ամենևին էլ պատահական չէ. հայ ժողովուրդը կարողացավ Արցախում տարած փառահեղ հաղթանակով զարմացնել աշխարհին և ի ցույց դնել ազատ, անկախ և ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

 

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ, 

ՀՀ ԱԺ փոխնախագահ.

-1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակումը ժողովրդի կամքն էր, ժողովրդի պահանջն էր։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Արցախի ժողովրդի և ողջ հայության պայքարի արդյունքն է և նրա հպարտությունը։ Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ՝ այսօր Արցախը հստակ քայլերով գնում է առաջ։ Երեկ Նախագահ Բակո Սահակյանի հետ զրույցի ժամանակ ես այսպիսի միտք ասացի՝  Քուռ գետը  թերևս կարող է փոխել իր ընթացքը, բայց Արցախն Ադրբեջանի կազմում այլևս երբեք չի լինի։ Մեր ամենակարևոր խնդիրն այսօր երկրի անվտանգությունն է։ Քանի դեռ վերջնական լուծում չի ստացել հակամարտությունը, քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները հոխորտում են ռազմական ճանապարհով այն լուծելու մասին՝ բանակցություններում դրական առաջընթացի մասին խոսելն ավելորդ է։

Ես իմ հարցազրույցներում մեկ անգամ չեմ ասել, որ վաղ թե ուշ միջազգային հանրությունը կճանաչի Արցախի անկախությունը.  Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՄԱԿ-ի կազմում կար ընդամենը 56-57 երկիր, իսկ հիմա դրանց թիվը հասնում է 200-ի։ Ինքնորոշման իրավունքի հաղթանակն այլընտրանք չունի։ Աշխարհն, ի վերջո, կհաշտվի այդ փաստի հետ։

 

Վլադիմիր ԶԱԽԱՐՈՎ,

Սևծովյան-կասպիական տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն.

-Անցած 27 տարիների ընթացքում Արցախի Հանրապետության ժողովուրդն ապացուցել է իր պատմական էությունն ու ինքնիշխանության իրավունքը։ Ես կարծում եմ՝ բոլոր դեպքերում այժմ անհրաժեշտ է գիտական հիմնավորում կատարել Արցախի ճանաչման առումով, այնպես, ինչպես ժամանակին դա արել եմ ես՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի համար՝ ոչ միայն պատմական փաստերի, այլև իրավաբանական՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Այդ խաղերը, որ մեկին ճանաչում են, մյուսին չեն ճանաչում, դրանք ոչ իրավահավասար չափանիշներ են։ Նման հարցերում Արևմուտքը միշտ ձգտում է ապացուցել իր իրավացիությունը, չնայած նա երբեք էլ իրավացի չէ։ 

Ես երեք անգամ նամակ եմ հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ասելով, որ Հայաստանն առաջինը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը։ Բայց  պատասխանը բացասական է եղել՝ ասելով՝ ոչ, առաջինը պետք է ճանաչի Ռուսաստանը։ Կներեք, բայց Ռուսաստանն իրավունք չունի, ՌԴ-ն դա չի կարող անել, որովհետև չունի ընդհանուր սահման Լեռնային Ղարաբաղի հետ։ Ռուսաստանը դա կանի միայն Հայաստանից հետո։ Այս պարագայում ես կարծում եմ՝ ՀՀ նոր ղեկավարությունն այլ մոտեցում կցուցաբերի։ Կարծում եմ՝ նա բավականին ճիշտ հետևություններ կանի և ճիշտ որոշում կկայացնի։ Ըստ իս՝ Արցախի Հանրապետության ինքնիշխանության ճանաչումը սարերի ետևում չէ։   

 

Ալեքսանդր ՀԱՍՐԱԹՅԱՆ,

 զոհված ազատամարտիկի հայր.

-Շատերի պես՝ իմ որդին՝ Իգոր Հասրաթյանը ևս իր կյանքը տվեց այսօրվա ազատության և անկախության համար։ Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղից եմ, բայց քանի որ մեր գյուղն առայժմ գտնվում է ազերիների ձեռքին՝ ապրում եմ Ստեփանակերտում։ Այո, սիրտս ցավում է, կսկծում իմ զավակի և բոլոր զոհվածների համար, նրանց ընտանիքների համար։ Բայց այսօր այստեղ՝ այս Հուշահամալիրում, որի տարածքում ամփոփված է նաև իմ որդու աճյունը, հպարտության զգացում եմ ապրում՝ տեսնելով այս խաղաղ երկինքը, օրեցօր ծաղկող մեր երկրամասը, մի խոսքով՝ ազատության և անկախության պտուղները։ Եվ ուզում եմ գոչել բարձրաձայն՝ փառքդ շատ, Տեր Աստված, ուրեմն հազարավոր երիտասարդների արյունը զուր չի հեղվել… 

Հարատև խաղաղություն եմ մաղթում մեր լեռնաշխարհին։ Կառուցենք, սեփական հողի վրա օր օրի շենացնենք մեր օջախներն ու բնակավայրերը։ 

 

Տոնական օրն ավարտվեց Վերածննդի հրապարակում տեղի ունեցած համերգով և հրավառությամբ։     

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ