[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Իրավաբանական իմաստով անձեռնմխելիության եզրույթի տակ հասկացվում է մարդու և քաղաքացու, պետության որոշ պաշտոնատար անձանց կարգավիճակը, տվյալ դեպքում՝ նրանց պաշտպանվածությունը ցանկացած հակաիրավական ոտնձգությունից։  

 Անձեռնմխելիության ինստիտուտը հազարամյակների պատմություն ունի։ Դեռևս Հռոմեական կայսրությունում, պատրիկների և պլեբեյների միջև պայքարի արդյունքում պլեբեյները հասան նրան, որ նրանց կողմից ընտրված ներկայացուցիչների՝ ժողովրդական տրիբունների անձը հայտարարվեց սրբազան ու անձեռնմխելի, և ցանկացած մարդ, ով որևէ ոտնձգություն կաներ տրիբունների նկատմամբ, օրենքից դուրս էր հայտարարվում, և պլեբեյներն իրավունք ունեին սպանելու այդ մարդուն առանց պատժվելու վախի։ Ի վերջո Հռոմի  սենատը մ.թ.ա. 493թ. ընդունեց պլեբեյների պահանջը և նշանակեց առաջին տրիբուններին։Արցախի Սահմանադրության  14, 25, 31, 32, 92, 112 և 159-րդ հոդվածներում    մատնանշված անձեռնմխելիության եզրույթի  շեշտադրումները կապված են պետական սահմանների  անկապտելիության, մարդու և քաղաքացու, ինչպես նաև հանրապետությունում մի շարք պաշտոնատար անձանց հատուկ կարգավիճակի հետ։

Չնայած Սահմանադրության 1, 33, 34, 60 և 137-րդ հոդվածներում անձեռնմխելիության եզրույթը չի ֆիքսված, սակայն այդ նորմերի վերլուծությունից նկատելի է, որ անձեռնմխելիության ինստիտուտի իրավական  ռեժիմի տարրերը  նույնպես կարելի է տարածել դրանց վրա։ Անդրադառնանք վերոնշյալ նորմերին։

1. Պետության անձեռնմխելիության (հոդված 1)  իրավական բնույթը պետության ինքնիշխանության հատկանիշի շարունակությունն է միջազգային բնույթի քաղաքացիաիրավական հարաբերություններում, որտեղ գործում է ՙհավասարը հավասարի նկատմամբ չունի իրավասություն՚ սկզբունքը, այսինքն՝ պետությունը չի կարող ներգրավվել որպես պատասխանող այլ պետության դատարանում և նրա նկատմամբ չեն կարող կիրառվել դատական ակտերի հարկադիր կատարման միջոցներ։

2. Պետական սահմանների անձեռնմխելիությունը (հոդված 14) ամրագրում է Արցախի զինված ուժերի տեղն ու դերը հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության բնագավառներում։ Այդ հոդվածի շրջանակներից  դուրս հանրապետության զինված ուժերն այլ գործողություններ կատարել չեն կարող և քաղաքական հարցերում պարտավոր են պահպանել չեզոքություն։

3.  Յուրաքանչյուրի  ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը (հոդված 25) ներառելով երկու հասկացություն, կազմում է անձնական անձեռնմխելիության հիմքը։ Ֆիզիկական  անձեռնմխելիությունը ենթադրում է, որ անձն իր մարմնի, նրա օրգանների և հյուսվածքների օգտագործման ու տիրապետման  հարցերով որոշումները կայացնում է ինքնուրույն։  Հոգեկան անձեռնմխելիության դեպքում անձն իր գիտակցությանը և կամքին համապատասխան ազատ վարքագիծ է դրսևորում։ Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը  կարող է սահմանափակվել օրենքով սահմանված կարգով։

4. Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը (հոդված 26)  բխում է մի շարք միջազգային կոնվենցիաներից և հռչակագրերից, սակայն այդ փաստաթղթերում  քննարկվող իրավական նորմի տարրերի սահմանումները տրված չեն։ Դրանք կարելի է բացահայտել միայն եվրոպական դատարանի նախադեպային որոշումներում։ 

5. Անձնական ազատության անձեռնմխելիությունը նշանակում է, որ ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան Սահմանադրության  27-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով։ Կալանավորումը, կալանքի տակ պահելը, բժշկական կամ դաստիարակչական հաստատությունում անձին հարկադրաբար տեղավորելը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ։ Մինչև դատարանի համապատասխան որոշումն ստանալն անձը չի կարող ձերբակալման հետևանքով անազատության մեջ պահվել 72 ժամից ավելի։ 

Սահմանադրությամբ նախատեսված են նաև պատվի ու բարի համբավի, մասնավոր և ընտանեկան կյանքի ու բնակարանի  սեփականության անձեռնմխելիության իրավունքը, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության, գաղտնիության,  քաղաքացուն վերաբերող անձնական տվյալների պաշտպանության իրավունքը և այլն։

Պաշտոնատար անձանց  շարքում հատուկ անձեռնմխելիությամբ օժտված են հանրապետության Նախագահը (հոդված 92), Ազգային ժողովի պատգամավորները (հոդված 112), դատավորները (հոդված 137) և Մարդու իրավունքների պաշտպանը (հոդված 159)։

Յուրաքանչյուր պետության ղեկավարի անձեռնմխելիության ծավալի շրջանակների սահմանման  դեպքում հաշվի են  առնվում տվյալ երկրի սահմանադրական մշակույթը, քաղաքական պրակտիկան և ազգային առանձնահատկությունները։ Դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր երկրում անձեռնմխելիությունը հանդես է գալիս որպես պետության գլխի իրավական կարգավիճակի տարր և նրա գործունեության երաշխիք՝ դրանով իսկ ապահովելով Նախագահի գործունեության անխափան աշխատանքը։

Սահմանադրաիրավական նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր երկրի Նախագահի ինստիտուտը պետական իշխանության բարձրագույն մարմինների համակարգում առաջնային, առանցքային է։ Նախագահը պետության գլուխն է և գործադիր իշխանության  ղեկավարը, հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը։

Սահմանադրության  92-րդ հոդվածի համաձայն՝ հանրապետության Նախագահն անձեռնմխելի է։ Իր լիազորություների ժամկետում և դրանից հետո հանրապետության Նախագահը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորություների ավարտից հետո։ 

Սահմանադրաիրավական այս նորմը հանրապետության Նախագահի անձեռնմխելիությանը տալիս է անբողջական, բացառիկ, իսկ պաշտոնավարումից հետո՝ հարաբերական բնույթ։ Առաջին դեպքում կարգավիճակից բխող գործողությունների համար Սահմանադրությունը Նախագահին ազատում է պատասխանատվությունից, իսկ երկրորդ դեպքում՝ պատասխանատվության ենթարկելու հարցը պայմանավորում է նրա կարգավիճակի հետ չկապված գործողություններով, այսինքն՝ այդ ենթադրյալ գործողությունները պետք է Սահմանադրությամբ սահմանված Նախագահի լիազորությունների հետ որևէ կապ չունենան։Դժվար չէ նկատել, որ Նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ սահմանադրաիրավական այս նորմը դուրս է գալիս անձի անձեռնմխելիության ընդհանուր սկզբունքների շրջանակներից և հակասության մեջ է գտնվում  օրենքի  առջև բոլորի հավասարության սկզբունքի հետ։ Ստացվում է՝ Սահմանադրության մեկ նորմով խախտվում է մեկ այլ նորմ, չնայած երկու նորմերն էլ հավասար իրավաբանական ուժ ունեն։ Այնուհանդերձ, պետք է նկատի ունենալ, որ հանրապետության Նախագահն անձնավորում է պետականությունը, ժողովրդին, նրա՝ որպես պետության ղեկավարի կարգավիճակը, տեղն ու դերը պետական իշխանության ինստիտուտների համակարգում ենթադրում են, որ նրա նկատմամբ քրեադատավարական և վարչական գործողություններն անխուսափելիորեն երկիրը կտանեն քաղաքական անկայունության և ցնցումների։ Այդ առումով դժվար է պատկերացնել մի վիճակ, երբ Նախագահը ենթարկվի անձնական խուզարկության, ձերբակալման և այլն։

Հանրապետության Նախագահի անձեռնմխելիությունը չի սահմանափակվում միայն անձնական անձեռնմխելիությամբ. այն տարածվում է նրա կողմից զբաղեցված ծառայողական նստավայրի, անձնական բնակարանի, փոխադրամիջոցների, կապի, նրան պատկանող փաստաթղթերի և իրերի վրա։ 

Պետք է ենթադրել, որ Նախագահը քաղաքացիաիրավական հարաբերություններում անձեռնմխելիության իմունիտետով չի օժտված։ Նրա հրամանագրերը և կարգադրությունները Գերագույն դատարանի կողմից կարող են ճանաչվել հակասահմանադրական, նա դատարանում կարող է պատասխանող լինել։

Նախագահի անձեռնմխելիությունը բնավ չի նշանակում նրա քաղաքական սահմանադրական պատասխանատվության բացակայություն։ Համաձայն Սահմանադրության 97-րդ հոդվածի՝ հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար, որի վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին եզրակացություն ստանալու  համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Գերագույն դատարան։ Վերջինիս եզրակացության հիման վրա հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշումը կայացվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

Հանրապետության Նախագահի հետկանչման (իմպիչմենտ) վերաբերյալ  նորմն այնպես է կառուցված, որ փաստորեն անհնարին է դարձնում Նախագահի պաշտոնանկությունը և նրան թողնում անպատժելի։ Այսպես, խորհրդային քրեական օրենսդրությամբ հանցագործությունները դասակարգվում էին երկու խմբի՝ ծանր և ոչ ծանր, որի հիմքում դրված էր հանցագործության վտանգավորության աստիճանը։ Հենց այս տրամաբանության վրա է խարխսված հանրապետության Նախագահի պաշտոնանկության հիմքը՝ պետական դավաճանությունը կամ այլ ծանր հանցագործություն կատարելը։ Միչդեռ  հանրապետության քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ ըստ բնույթի և վտանգավորության աստիճանի հանցագործությունները դասակարգվում են՝ ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործություների։ Պետական դավաճանությունը համարվում է առանձնապես ծանր հանցագործություն, սակայն անհասկանալի է, թե Արցախի սահմանադիրներն ինչու են այդ հանցակազմն առանձնացրել: Մի՞թե մյուս առանձնապես ծանր հանցագործությունների (իշխանությունը յուրացնելը, սահմանադրական կարգը տապալելը և այլն) կատարումը հիմք չի կարող հանդիսանալ հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու համար։ Մեր կարծիքով, պաշտոնանկության մասին հոդվածում պետք է ուղղակիորեն նշվեր, որ Նախագահը պաշտոնանկ է արվում  հանցագործության կատարման  մեջ մեղավոր ճանաչվելու դեպքում։ Այլապես Նախագահն իր պաշտոնավարման ընթացքում ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործությունների կատարման համար պաշտոնանկ արվել չի կարող։ Քննարկվող հոդվածը խոցելի է  նաև այն տեսանկյունից,  թե Ազգային ժողովի պատգամավորների մեկ երրորդն ինչ նյութերի հիման վրա կարող է Նախագահին պաշտոնանկ անելու մասին նախագիծ ներկայացնել, իսկ Ազգային ժողովը, իր հերթին, ինչպես պետք է որոշի և հիմնավորի, որ հանրապետության Նախագահը  պետական դավաճանություն է կատարել։ Չէ՞որ  նմանատիպ հարցերը քննության առարկա են դառնում և իրենց լուծումն ստանում դատաքննչական մարմինների կողմից։

Ո՞րն է ելքը։ Սահմանադրության 92 և 97-րդ հոդվածները, իրենց անկատարելիության պատճառով, սահմանադրական առաջին փոփոխությունների դեպքում պետք է իրավական և ժողովրդավարական պետության հատկանիշներին  հարիր վերախմբագրել՝ այդ  հոդվածներին տալով իմպերատիվ բնույթ, դուրս թողնելով ՙկարող է՚ եզրույթը, ինչն Ազգային  ժողովի համար հանցավոր արարք կատարած հանրապետության Նախագահի պաշտոնանկությունը պարտադիր կդառնա։ Հանցավորության դեմ պայքարում կարևոր է ոչ թե պատժի խստությունը, այլ դրա անխուսափելիությունը։ Յուրաքանչյուր իրավախախտ պետք է իմանա՝ դատաստան կա գալու, պատասխան կա տալու։

Պատգամավորի անձեռնմխելիությունն օրենսդիր իշխանության անդամների հատուկ կարգավիճակ է, որը նրանց կարող է  անջրպետել հետապնդումից, բայց հանցագործություն կատարելու դեպքում՝ չազատել պատասխանատվությունից։ Պատգամավորական անձեռնմխելիությունն ամրագրված է Սահմանադրության112-րդ հոդվածով, համաձայն որի՝ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո  չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար։ 

Ի տարբերություն հանրապետության Նախագահի, պատգամավորն օժտված է հարաբերական անձեռնմխելիությամբ, քանի որ խորհրդարանի համաձայանությամբ նրա նկատմամբ կարող է քրեական հետապնդում հարուցվել և ազատությունից զրկել։ Պատգամավորին ազատությունից զրկելը խորհրդարանի համաձայնությունը չի պահանջում, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։

Դատավորի անձեռնմիխելիությունը նույնպես որոշակի բացառություն է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքից և իր բովանդակությամբ դուրս է գալիս անձնական անձեռնմխելիության շրջանակներից։ Դա պայմանավորված է նրանով, որ հասարակությունը և պետությունը դատավորի անձին  և պրոֆեսիոնալ գործունեությանը ներկայացնելով բարձր պահանջներ, պարտավոր են լրացուցիչ երաշխիքներ ապահովել դատավորին՝ պատշաճ արդարադատություն իրականացնելու համար։ Դատավորի անձեռնմխելիությունը դատավորի պաշտոնը զբաղեցրած քաղաքացու համար առավելություն չէ, այլ միջոց է  հանրային շահերի, և ամենից առաջ արդարադատության շահերի պաշտպանության համար։ Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն  Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)  համաձայնությամբ։ Դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց ԲԴԽ-ի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից՝ բացառությամբ այն դեպքի, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։ Լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ԲԴԽ է դիմում  հանրապետության գլխավոր դատախազը։

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը։ ՄԻՊ-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցն Ազգային ժողովը լուծում է պատգամավորների ընդհանուր թվի  ձայների առնվազն հինգերորդով։

Հավելենք, որ  Սահմանադրությամբ հատուկ կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձանց անձեռնմխելիությունն ապահովվում է քրեական և վարչական օրենսդրությամբ։

Վլադիմիր ՀՈՎՍԵՓՅԱՆ

Արցախի Հանրապետության 

վաստակավոր իրավաբան