ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ

 

 

 

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է հրաժարական ներկայացնելու որոշման մասին։ Ինչպես հաղորդում է ՙԱրմենպրես՚-ը, այս մասին Մելիքյանը գրել է ֆեյսբուքի իր էջում։

 

ՙԵրեկ հրապարակել ենք Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը Ադրբեջանում հայատյացության փաստերի վերաբերյալ՝ դրանով ըստ էության ավարտելով 2016թ. ապրիլյան պատերազմի առթիվ մեր սկսած փաստահավաք գործառույթը: Թեև մեր հաստատությունն ակտիվորեն իրականացրել ու իրականացնում է ծավալուն գործունեություն տարբեր ուղղություններով, նշված գործառույթը հատուկ եմ կարևորել ի սկզբանե:

Այդ գործն ավարտին հասցնելուց հետո արդեն ինձ իրավունք եմ վերապահում ի կատար ածելու դեռևս մեկ-երկու ամիս առաջ կայացրած անձնական որոշումս, այն է՝ հրաժարական ներկայացնելու Արցախի օմբուդսմանի պաշտոնից։

Միշտ փորձել եմ լինել այնտեղ, որտեղ ինձ համարել եմ առավել արդյունավետ՝ ելնելով մասնագիտական կարողություններիցս, ընդունակություններիցս, բնավորությունիցս։

Այդ չափանիշներից ելնելով ներկայում ինձ պատկերացնում եմ պետական համակարգից դուրս՝ իրավապաշտպանական գործառույթի տիրույթում: Մշտապես կարևորել եմ այդ առաքելությունը՝ որպես համարժեք օրակարգ առաջադրող անաչառ ու շիտակ գործունեություն։

Հայտնում եմ խորին շնորհակալությունս այն բոլոր մարդկանց, ովքեր ինձ վստահել են Արցախի օմբուդսման լինելու պատիվն ու խաչը, որոնց հետ այդ կարգավիճակով համագործակցել եմ, ովքեր օժանդակել և օգնել են մեր բազմաթիվ ծրագրերի կենսագործմանը։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ողջ աշխատակազմին. հպարտանում եմ ձեզնից յուրաքանչյուրով։

Հրաժարական տալով Արցախի օմբուդսմանի պաշտոնից՝ ամենևին հրաժարական չեմ տալիս Արցախից, մեր համազգային իղձերից ու մեր ՙազատասեր նախնիների սուրբ պատգամից՚։ Ես Արցախում լինելու եմ հաճախ և փորձելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել։

Իմ համոզմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի վստահորդն իրավունքն է: Փորձելու եմ ընդմիշտ հավատարիմ մնալ իմ այդ առաջին վստահորդին՚,- գրել է Ռ. Մելիքյանը։