Logo
Print this page

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ` ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի  է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի։ Հոգեհանգստյան կարգը կատարել է Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը։ 

 Արարողությանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի  նախագահ Աշոտ Ղուլյանը, մշակույթի, երիտասարդության  հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե  Գրիգորյանը, Արցախի գրողների միության և հասարակական երիտասարդական կազմակերպության անդամներ, ուսանողներ, դասախոսներ, դպրոցականներ։ 

Հոգեհանգստյան կարգից հետո միջոցառման մասնակիցները քայլերթով հասել են մինչև Ստեփանակերտի  Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում գտնվող ֆրանսիական պուրակում տեղադրված   ՙՀավերժություն՚ քանդակի  մոտ։ Այնտեղ ներկաները մեծ  հայի  հիշատակին ծաղիկներ են խոնարհել, կատարել  մոմավառություն։

Խորհրդարանի  նախագահ Աշոտ Ղուլյանը, խոսելով   Շառլ Ազնավուրի մասին, նշել է, որ մեծ հանճարն իր   ամբողջ գործունեությունը ծառայեցրել է բոլոր ժողովուրդներին՝  հոգով  միշտ մնալով հայ։ ՙՆա կարողացել  է իր անվան շուրջ ստեղծել համամարդկային մի տարածություն, որտեղ գերիշխել են երգը, սերը և հարգանքը։ Մեծ է նրա կորուստը բոլորիս  համար, սակայն նրա երգերն  ինչ-որ  տեղ լրացնելու են նրա ֆիզիկական բացակայությունը՚,-հավելել  է Ա. Ղուլյանը։

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանի   խոսքով՝ համաշխարհային մշակույթի հանճար և համամարդկային բարձր արժեքներ կրող Շառլ  Ազնավուրը բոլորի կողմից հարգված կմնա դարեր շարունակ։  

ԱրՊՀ ավելի քան 400 դասախոսների և ուսանողների ինքնաբուխ այս հավաքը խոսում է մեծ հայրենասերի ու շանսոնյեի հանդեպ Արցախի ժողովրդի պաշտամունքի   հասնող սիրո մասին։

Տեղեկացնենք, որ Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի  նախաձեռնությամբ, ի հիշատակ Շառլ Ազնավուրի, հոկտեմբերի 3-ին շրջկենտրոնի Սուրբ Հարություն եկեղեցում  ևս տեղի  է  ունեցել հոգեհանգստի կարգ, որից  հետո    Մշակույթի կենտրոնի բակում կատարվել է մոմավառություն։

Վեհանուշ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.