ՙՄԻԱՆՇԱՆԱԿ Է, ՈՐ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎՍՏԱՀՈՒՄ Է ԻՐ ԶԻՆՎՈՐԻՆ՚
ՙԱԱ՚-ի հարցազրույցը ԱՀ ՊԲ Ն միավորման հրամանատար գնդապետ Գրիգորի ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Պարոն գնդապետ, օրերս Ձեր հրամանատարությամբ գործող միավորումը նշեց ստեղծման քառորդդարյա հոբելյանը։ Ծնվելով պատերազմական թոհուբոհի մեջ` զորամասին վիճակված էր կայացման դժվարին ճանապարհ անցնել։
-Իմ հրամանատարությամբ գործող միավորումը ստեղծվել է 1993թ. սեպտեմբերի 1-ին՝ նախկինում գործող առանձին ստորաբաժանումների միավորմամբ։ Ժամանակին Պաշտպանության պետական կոմիտեի նախագահը որոշում ընդունեց ստեղծել միացյալ մի ուժ, որը կկարողանար սահմանված ժամկետում հակառակորդին լուրջ հարվածներ հասցնել։ Զորամասի ստեղծման հիմքում էին առանձին ականանետային դիվիզիոնը, հաուբիցային դիվիզիոնը, հակատանկային ստորաբաժանումներ։ Նրանցից յուրաքանչյուրն արդեն ուներ մարտական գործողությունների մասնակցության փորձ, և այդ ստորաբաժանումներն իրար միացնելով, իրոք, հաջողվեց ստեղծել մեկ մարտական միավորում, որն ընդունակ է և ի վիճակի իր նշանակալի դերն ունենալ բոլոր պաշտպանական ուղղություններում։ Մեր հաջողությունների գրավականներից գլխավորը համախմբվածությունն էր, նպատակասլացությունը, միևնույն նպատակի համար պայքարելն ու ի վերջո ցանկալիին հասնելը։ Մասնակցել ենք բոլոր մարտական գործողություններին, բանակի կողմից իրականացված բոլոր հակագրոհներին, և չի եղել այնպիսի մի մարտ, որ մենք անհաջողություն ունենայինք։ Բավականին լուրջ աշխատանքեր են տարվել հարաբերական խաղաղ տարիներին և ուսումնանյութական բազայի զարգացման ուղղությամբ և մնացած բոլոր առումներով։ Արժանացել ենք պատվադրոշների, իսկ բանակային խոշորամասշտաբ զորավարժություններից մեկի ընթացքում էլ մեր զորամասը հանրապետության նախագահի հրամանագրով արժանացել է ՙՄարտական խաչ՚ երկրորդ աստիճանի շքանշանի։ Այն փակցված է զորամասի մարտական դրոշի վրա և մեծագույն գնահատականն է մեր անցած ճանապարհի և, ինչ խոսք, մեծ պատիվ է մեզ բոլորիս համար։
-Կա կարծիք առ այն, որ Ձեր գլխավորած միավորումն ապրիլյան առճակատման օրերին իր առջև դրված մարտական խնդիրը կատարել է գերազանց։ Ի՞նչ կասեք այդ առնչությամբ:
-2016թ. ապրիլի 1-ը մեզ համար սկսվեց որպես մի սովորական ծառայողական օր, բայց մի փոքր տարբերակված մոտեցմամբ։ Զորամասը տագնապով դուրս է եկել ու զբաղեցրել իր մարտակարգերը, անմիջապես իրականացրել է հակառակորդի ուժերի հետախուզություն։ Ճշտվել են բոլոր կրակային միջոցներն ու տեղերը, և սկսել ենք դիպուկ կրակով ճնշել հակառակորդին։ Մեզ հաջողվել է մեր պատասխանատվության տակ գտնվող ուղղությունում ճնշել նախահարձակ թշնամուն։ Թույլ չենք տվել, որ մեր ուղղությամբ հակառակորդն ունենա կրակային առավելություն, նրան չի հաջողվել ճնշել մեր համազորային ստորաբաժանումներին։ Ապրիլի 1-ից մինչև ապրիլի 4-ը մասնակցելով Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի հարավային ուղղության պաշտպանական գործողություններին, մեր միավորման ստորաբաժանումները ցուցաբերել են բարձր մարտական պատրաստություն ու պատրաստականություն, մասնագիտական վարպետություն, որի շնորհիվ հակառակորդի առաջ շարժվող ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերվել են և արժանի հակահարված ստացել:
-Առճակատման այդ օրերին ՊԲ մի շարք ուղղություններում արձանագրվեցին նաև որոշակի թերություններ։ Դուք բացթողումներից համապատասխան եզրահանգումների եկած կլինեք։ Վերջապես որո՞նք էին դրանք։
-Հստակ կարող եմ ասել, որ այնպիսի թերություն, որը պիտի խանգարեր մեր առջև դրված մարտական խնդրի կատարմանը` չի եղել։ Ունեցել ենք թերություն որոշ հրամանատարների, ստորաբաժանումների թերի պատրաստվածության կամ ոչ ճիշտ կողմնորոշման արդյունքում, սակայն դրանք մասնավոր դեպքեր են։ Մարտական խնդրի կատարման ընթացքում մենք ոչ մի պրոբլեմ չենք ունեցել։ Ես ձեզ վստահեցնում եմ և խորհուրդ տալիս չհավատալ ստահոդ լուրերին։ Զինամթերքն օգտագործել ենք՝ ինչքան որ անհրաժեշտ է եղել, սակայն օգտագործել ենք խնայողաբար` աչքի տակ ունենալով այն հանգամանքը, որ մարտական գործողությունները կարող են ձգձգվել երկար ժամանակ։ Խնայել միշտ էլ անհրաժեշտ է, առավել ևս` զինամթերքն ու նյութական միջոցները։ Մենք աննպատակ կրակելու ցանկություն չունեինք և չունենք այսօր էլ։
-Գաղտնիք չէ, որ վաղվա պատերազմը երեկվանից ավելի հուժկու ու դաժան է լինելու, ապագայի խնդիրներն առավել բարդ են լինելու։ Հակառակորդն էլ տեղում չի դոփում և չի թաքցնում իր հեռագնա ծրագրերը:
-Մենք այդ ամենը քաջ գիտակցում ենք, և մեր բոլոր հաշվարկներն ու գործողություններն էլ հենց բխում են այդ իրողություններից։ Եթե հակառակորդն, այնուամենայնիվ, հանդգնի պատերազմ սանձազերծել, և չի բացառվում, որ այն կկրի զանգվածային բնույթ, մենք բոլոր տարբերակներին էլ պատրաստ ենք, մեր գործողությունները հստակեցված են և մեր բոլոր որոշումների մեջ ճշտումներ են մտցված։ Պատրաստ ենք ցանկացած զարգացման, և մեր ամենօրյա գործունեությունը միտված է հակազդելու, հակադարձելու ցանկացած ոտնձգության ու նկրտումների։ Թարմացվում է տեխնիկական պարկը, բարձրացվում է զորքի մարտունակությունը: Իրականացվում են մեծաքանակ ինժեներական աշխատանքներ պաշտպանության շրջաններում ու տեղամասերում։ Բարձրացվում է զորքերի ընդհանուր պաշտպանվածության մակարդակը։ Մենք պատրաստ ենք նաև վաղվա ու ապագայի պատերազմին։
-Փորձություններով լի ճանապարհ է անցել ձեր միավորումը... Կայացման ակունքներում կանգնած էին այնպիսի անհատականություններ, որոնք մեծ ավանդ են ունեցել հաղթանակների կերտման գործում և որոնց մասին ժողովուրդն իրական լեգենդներ է հյուսել։ Դուք էլ պատերազմական սերնդից եք, վստահո՞ւմ եք նոր սերնդին և նրանց հետ կգնա՞ք ամենաբարդ մարտական խնդիրը կատարելու։
-Ես ինձ բախտավոր հրամանատար եմ համարում... Մեր միավորումում (նախկինում` զորամաս) այնպիսի հրամանատարներ ենք ունեցել, որոնց միայն նվիրյալներ անվանելը քիչ է... Սամվել Սաֆարյանը լուսահոգի, պաշտպանության ներկայիս նախարարը՝ Լևոն Մնացականյանը, Ալեքսանդր Աբրահամյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Սամվել Աբրահամյանը, Էմիլջան Ասլանյանը։ Նրանք այնպիսի հրամանատարներ են եղել, որոնք իրենց ծառայությամբ, ունակություններով ձեռագիր են թողել զորամասում, և ես, օգտվելով նրանցից յուրաքանչյուրի թողածից, զարգացման մի նոր մակարդակի ու աստիճանի եմ հասցրել միավորումը։ Այստեղ քարը քարին են դրել գեներալ¬լեյտենանտ Քրիստափոր Իվանյանը, գեներալ¬մայոր Ժորա Գասպարյանը: Նրանք` որպես հրետանու նվիրյալ երախտավորներ, թողել են ավանդույթներ, թողել են գործ ու անուն, որով կհպարտանար յուրաքանչյուր հայ, իր երկիրը սիրող քաղաքացի, իսկ ինձ պարզապես պատիվ է արված շարունակելու նրանց գործը։ Չմոռանանք նաև գեներալ¬մայոր Վլադիկ Խաչատրյանին, գնդապետ Յուրի Քարամյանին և ներկայումս նրանց գործի արժանավոր շարունակողն՝ գնդապետ Գենադի Բաղդասարյանին, ով այսօր գլխավորում է ՊԲ հրետանու բաժինը։ 25 տարվա ընթացքում մենք փոքր, քիչ պոտենցիալ ունեցող զորամասից դարձել ենք հզոր բանակի հակազդող ուժերից մեկը։ Գալիս է մի սերունդ, որը, վստահ եմ, չի զիջելու մեզ, և դրանում համոզվեցինք նաև ապրիլյան առճակատման օրերին։
-Մենք ազգ¬բանակ ենք և սրանում երկու կարծիք լինել չի կարող։ Մեր ժողովուրդն ինչքան էլ զբաղված լինի, ինչով էլ զբաղված լինի, աչքը զինվոր զավակի վրա է, ականջը՝ սահմանականչին։ Մեր հասարակությունը նաև ձեր հավաստիացումների կարիքն ունի...
-Ժողովրդիդ հետ խոսելիս պիտի անկեղծ լինես և սկզբունքային, ոչ մեկս իրավունք չունենք նրան խաբելու կամ նրա աչքերին թոզ փչելու։ Եթե ժամանակավոր էլ քո ժողովրդից, կամ թեկուզ քո ենթականերից մի բան թաքցնես, միևնույն է, ճշմարտությունը մի օր ջրի երես է դուրս գալու։ Թող ժողովուրդը լավ իմանա, որ մենք պատրաստ ենք պաշտպանելու իր անվտանգությունը։ Մենք ոչ մի գնով թույլ չենք տա վնասել մեր ժողովրդին, թույլ չենք տա նրան նվաստացնել, խոցել ազգային արժանապատվությունը։ Մենք հզոր ենք, մարտունակ: Միանշանակ է, որ մեր ժողովուրդը վստահում է իր զինվորին։ Շատ բան՝ ռազմական գաղտնիքից ելնելով չեմ կարող բացահայտել, միայն կասեմ, որ այսօր մենք ունենք ժամանակակից հակատանկային այնպիսի միջոցներ, որոնք ի վիճակի են հակառակորդի մոտ եղած ամբողջ զրահատանկային տեխնիկան խոցել առանց որևէ պրոբլեմի։ Ադրբեջանական կողմից անընդհատ բարձրաձայնվում են այն միլիարդների մասին, որոնցով զենք է գնվում, իսկ մենք էլ ունենք այդ զենքերին հակազդող բոլոր միջոցները, և ոչ միայն։ Մենք ի վիճակի ենք պաշտպանելու մեր ընտանիքները, մեր ժողովրդին և մեր փոքրիկ ու գեղեցիկ պետությունը։
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ