[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԽՈՍՏՈՒՄՆ ԻՎԱՆՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ

 Արցախի հերոս, ՙՈսկե արծիվ՚ շքանշանի ասպետ, գեներալ-լեյտենանտ Ք.Իվանյանի անվան Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանում խոստման հերթական հանդիսավոր արարողությունն էր։


 

Իվանյանականները ծաղիկներ խոնարհեցին Ք. Իվանյանի հուշարձանին, որից հետո սկսվեց խոստման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման բացման պատիվը տրված էր ՌՎ պետի ԱՀՏԱԳՏ մայոր Հ. Բաղդասարյանին, ով, շնորհավորելով սաներին, հավաստեց, որ նրանց՝ հայրենիքի պաշտպաններ և բանակաշինության սուրբ գործին անմնացորդ նվիրյալներ դառնալու որոշումը վերջնական է։ 

Խոստման արարողությանն ընդգրկված էին ընդամենը երկու ամիս առաջ ՌՎ ընդունված սաները։ 

ՌՎ պետ, փոխգնդապետ Վ.Հակոբյանը, բարձր գնահատելով սաների ՌՎ ուսումը շարունակելու ընտրությունը, հորդորեց նրանց ունենալ հայրենիքի պաշտպանի ոգին և բազուկը, հաջողություններ մաղթեց ուսման բնագավառում,  ուժ ու եռանդ ծառայությունում՝ նշելով, որ  ՊԲ ծառայող սպաներից յուրաքանչյուր 9-րդն  արդեն ՌՎ շրջանավարտ է։ 

Հանդես եկավ ՙՍովետական սպաների միություն՚ ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Հ.Մովսեսյանը. ՙՄիշտ բարձր պահե՜ք հայի ռազմական ոգին, փայլե՜ք գիտելիքներով և եղե՜ք  Ք. Իվանյանի արժանի հետնորդները՚։ 

Միջոցառմանն առանձնակի շուք հաղորդեցին 2-րդ ՈՒՎ աղջիկների հեզաճկուն պարն ու 2-րդ ՈՒՎ սաների շարային դեֆիլեի ցուցադրումը։ 

Ելույթ ունեցավ նաև ՌՎ ուսումնական մասի դասախոս, սերժանտ Ա.Պողոսյանը. ՙԱյս վարժարանը Ք. Իվանյանի երազանքն էր ու նրա գործի շարունակության փայլուն վկայությունը։ Սիրելի՜ սաներ, հետևողականորեն և ջանադիր կերպով յուրացրեք ազնվագույն մասնագիտությունը, զինվեք գիտելիքներով և կոփեք ձեր կամքը՚։

Կարևորելով ընտանիքի դերը հայրենասիրական դաստիարակության գործում, նոր խոստում  տված սանի՝ Ս. Հակոբյանի ծնող տիկին Խաչատրյանն ասաց, որ իրենք պարտավորված ու հպարտ պետք է լինեն, քանի որ հանդիսանում են Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների ծնողներ։ Ռազմամարզական վարժարանը պաշտպանության բանակի կորիզն է։ 

Նոր խոստում տված սան Ա.Գալոյանի ծնող, պահեստազորի փոխգնդապետ Վ.Գալոյանը վարժարանին նվիրեց Ք.Իվանյանի կիսանդրին, որը տեղադրվեց վարչության շենքում։ 

ՙԼավ սովորել, լինել ազնիվ, տքնաջան, ոգով արի և մշտապես մարզված, սրբությամբ պահպանել վարժարանի պատիվը, առաջնորդվել նրա կանոնադրությամբ, անտրտունջ կատարել սանի պարտականությունները, դառնալ հանրապետության օրինակելի քաղաքացի և հայ ժողովրդի հուսալի պաշտպան, Հայ Դատի ամենաեռանդուն ջատագով, բոլոր պարագաներում բարձր պահել գեներալ-լեյտենանտ Իվանյանի անմահ անունը՚. խոստում, որը խրոխտ ու հավաստի հնչեց իվանյանականների շուրթերից: 

Պարտավորվում ենք և մղվում սխրանքների, չէ՞որ մեր շարքերում են վաղվա նախարարն ու գեներալը, հերոսն ու մարշալը։ Խոստանում ենք արդարացնել բոլորի սպասելիքները և դառնալ զինված ուժերի սպայակազմի արժանի հերթափոխ,- իր ելույթում նշեց 1-ին ՈՒՎ սան Գ. Հարությունյանը:

 Հանդիսավոր միջոցառումն ավարտվեց 3-րդ ՈՒՎ սաների ձեռնամարտի հնարքների ցուցադրմամբ։ 

Լուսինե Շադյան