Լուրեր Մարտակերտի շրջանից
Այս օրերին Մարտակերտ քաղաքում շարունակվում են փողոցների դեռևս ընթացիկ տարվա օգոստոս ամսից սկսված բարեկարգման ու ճանապարհաշինարարական աշխատանքները։
Ինչպես տեղեկացրեց Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի առաջատար մասնագետ Նորայր Բաբայանը՝ աշխատանքներն իրականացվում են երկու փուլով. առաջին փուլում բարեկարգվել ու ասֆալտապատվել է ճանապարհի մոտ 450 մետր հատվածը, որն ընդգրկում է հիմնականում Ազատամարտիկների փողոցը։ Ասֆալտապատվել է նաև շրջանի վարչական շենքի հարակից տարածքը։ Այս փուլում աշխատանքները տարվում են Սախարովի փողոցում. մոտ 560 մ երկարությամբ հատված արդեն ասֆալտապատվել է, իսկ ծրագրով նախատեսված մյուս մասը կավարտվի մինչև տարեվերջ։
Ն. Բաբայանի հավաստմամբ՝ բարեկարգվում են նաև մայթերը, տեղադրվում նոր եզրաքարեր։ Փողոցների բարեկարգման աշխատանքներին զուգահեռ նորոգվում է նաև ջրահեռացման համակարգը, վթարային վիճակում գտնվող ջրախողովակները փոխարինվում են նորով։ Այս ամենն իրականացվում է ԱՀ պետբյուջեի միջոցներով։
ՙՄարտակերտ քաղաքում փողոցների բարեկարգման ու ասֆալտապատման հարցը բնակչությանը վաղուց հուզող խնդիրներից է։ Հետպատերազմյան տարիներին նման աշխատանքներ գրեթե չեն իրականացվել, ժամանակ առ ժամանակ ընդամենը փոսալցման և այլ կարգի աշխատանքներ են կատարվել։ Շրջվարչակազմի ղեկավարն անձամբ է հետևում շինհարթակներում տարվող բոլոր տեսակի աշխատանքներին, ուշադրության կենտրոնում պահում ռազմավարական նշանակության օբյեկտները՚,- ասաց Ն. Բաբայանը։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
***
Հենրիխ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Համայնքում ավարտվել են հարակից ՙՀյունոտ փոս՚ տարածքից պետբյուջեով և բնակչության ֆինանսական աջակցությամբ 3,5 կմ երկարությամբ ջրամատակարարման համակարգերի և ներքին ցանցի վերանորոգման աշխատանքները։ Գյուղացիները ջանասիրությամբ են օգնել կատարվող աշխատանքներին, ինչում մեծ ներդրում է ունեցել տրակտորիստ Վանիկ Ադամյանը։
Շուտով կավարտվեն նաև բարերար Գրիգորի Արզումանյանի ֆինանսավորմամբ նոր արտեզյան ջրհորի հորատման և ջրամբարի շինարարության աշխատանքները։
Պետական միջոցներով վերանորոգվել են նաև 10 բնակելի տան տանիքներ, բարեկարգվել գյուղամիջյան և գերեզմանատան ճանապարհները։
Կիչանում ավարտվել են համայնքի ջրագծի, ներքին ցանցի և ջրամբարի վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվել են գյուղի բնակչության աշխատուժով։
Վերջերս տեղի ունեցավ Ճանկաթաղ համայնքի վերանորոգված ակումբի բացման արարողությունը: Այն վերանորոգվել է Լոս Անջելեսի ՙՀայրենիք՚ միության կողմից։