[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՆՎԻՐՈՒՄԻ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐ

Հոկտեմբերի 31-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ ԱՀ ՙՄայրություն՚ ՀԿ համաժողովը՝ նվիրված Արցախյան ազգային-ազատագրական շարժման, ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպության կազմավորման 30- և ՙՄայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին՚ մեդալի ստեղծման 25-ամյակներին։

Ներածական խոսքով հանդես եկավ կազմակերպության նախագահ Հ. Միքայելյանը, իսկ կառույցի գործունեության մասին զեկուցմամբ՝ ՙՄայրություն՚ ՀԿ համանախագահ Ս. Մարգարյանը։

 

Համաժողովին ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՊԲ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։ 

 

Ըստ զեկուցողի, հայ ժողովրդի պատմության դժվարին և ճակատագրական պահերին հայ կինն անմասն չի մնացել գոյապայքարից։ Բարեպաշտության, հավատքի, հայրենասիրության կողքին, ողորմածությունը, առատաձեռնությունը, ուսումնատենչությունը եղել են հայ կնոջ առաքինությունները։  Սակայն նրա անգնահատելի արժանիքը եղել և մնում է ազգի ազատության համար պայքարելու գաղափարը։ Հայ կանանց  հավաքական սխրագործությունները հայրենասիրության ուղեցույց են դարձել սերունդների համար։

Պատահական չէ, որ հենց Արցախյան շարժման հետ ծնվեց ԱՀ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպությունը։ Ազատագրական շարժման առաջին իսկ օրերից այն դարձել է քաղաքական շտաբ՝ ընդդեմ ազգային ինքնորոշման իրավունքի ոտնահարման, մոր և մանկան, ընտանիքի իրավունքի պաշտպանության համար ադրբեջանական իշխանությունների կամայականությունների։ 30-ամյա պայքարի ձևերը տարբեր էին՝ քաղաքական հանրահավաքներ, ցույցեր, գործադուլներ, հացադուլներ, բողոքի հեռագրեր ու դիմումներ: Սոցիալական, ֆինանսական օգնություն տասնյակ հազարավոր փախստականների, որբ երեխաների, վիրավորների, բազմազավակ ընտանիքների, հղի կանանց։ Աջակցություն ֆիդայական ջոկատներին` սննդով, հագուստով, դեղամիջոցներով, դոնորական օգնություն վիրավոր ազատամարտիկներին, խնամք հոսպիտալներում, այցելություն զոհված ազատամարտիկների ընտանիքներ։

1992թ. օգոստոս ամսից առայսօր Արցախի շուրջ 6000 քաջորդիներ պարգևատրվել են ՙՄայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին՚ հուշամեդալով։ Արցախյան պայքարի ընթացքում կյանքի կոչված առաջին պարգևը, որ տրվում է կազմակերպության անունից, Արցախի մայրերի շնորհակալությունն է մարտնչող զավակներին։ 

Հավատարիմ իր որդեգրած առաքելությանը ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպությունը շարունակում է աջակցել Արցախյան ազատագրական պայքարի վերջնական հաղթանակին՝ կանանց, աղջիկներին համախմբելով ազգային պայքարի շուրջ։ 

Կազմակերպության ուշադրության կենտրոնում  բանակ-դպրոց-հասարակություն կապի ամրապնդումն է։ Տարվող ամենօրյա աշխատանքները միտված են տաղանդավոր երեխաների, կին ազատամարտիկների, արցախյան պատերազմի վետերանների խրախուսմանն ու պարգևատրմանը, աջակցությանը բազմազավակ ընտանիքներին, ժողովրդագրական ծրագրերի խթանմանը։ Շոշափելի է սերտ համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ։  ՙՄայրության՚ համար ՙԱռողջ բանակ, առողջ սերունդ՚ կարգախոսը ռազմավարական նշանակության ուղղություն է։ 

Նշվեց նաև, որ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահության անդամների ջանքերով ընթերցողի սեղանին  է դրվել ՙՄայրս պատկերն է մայր հայրենիքիս՚ գիրք-ալբոմը։ Նկարահանվել են տեսաֆիլմեր ՙՔայլող Խաչքար՝ Արցախամայր՚ և ՙԿենաց նարոտներ...Պատերազմի և խաղաղության  գույներից՚ տեսաֆիլմերը։ Վերջինս նվիրված է  Արցախյան պատերազմի մասնակից պատանիներին, փոքրիկ վրիժառուներին։ 

Կազմակերպությունը համագործակցում է  ոչ միայն Պաշտպանության բանակի, այլև  ՀՀ զինված ուժերի, ԱՀ ԱԳՆ-ի, միջազգային  իրավապաշտպան կազմակերպությունների, մոր և մանկան իրավունքների պաշտպանության, ժողովրդագրական քաղաքականության  իրականացման գործում շահագրգիռ բոլոր ուժերի հետ։ 

Համաժողովի մասնակիցներին ուղղված ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն  Մնացականյանի շնորհավորական ուղերձը  հրապարակեց ՊԲ շտաբի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը։ Ուղերձում մասնավորապես ասվում է. ՙԱռանց վերապահումների ձեզ կարող ենք կոչել սեփական  ժողովրդի ճակատագիրը կերտող զինվորներ։ Ազգային-ազատագրական շարժմանը զուգընթաց, մեր ժողովրդի համար օրհասական ժամին,  դուք ընտրեցիք մաքառումների  դժվարին ճանապարհը, միավորվելով ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպության շուրջ՝ դառնալով մի բռունցք։ Մեծ էր մայրերի դերը պատերազմի տարիներին, երբ անասելի տոկունությամբ, մայրական հոգատարությամբ ու ջերմությամբ հույս ու հավատ, ուժ ու եռանդ էին հաղորդում ռազմի դաշտում գտնվող հայրենիքի պաշտպաններին։ 

Շնորհակալ ենք Ձեզ քաղաքացիական ակտիվ կեցվածքի ու բանակին զորակցելու համար՚։ 

ԱՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների  մշտական հանձնաժողովի նախագահ, ՙՄայրություն՚ ՀԿ համանախագահ Արզիկ Մխիթարյանի ելույթը պատմության քառուղիներում հայ կնոջ մեծ դերակատարության, նրա հոգեկերտվածքի ծալ-ծալ  շերտերի բացահայտումն էր։ 

Արցախի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ջերմ ու անմիջական ելույթը մեծարման խոսք ու գնահատական էր հայ մորը, Արցախի կանանց, ովքեր, ըստ գեներալի,  մի ամրոց են եղել, որի վրա հենվել են  հաղթանակ կերտող ազատամարտիկները։ ՙՄռակաց՚ պետական երգչախումբը նոր երգի շնորհանդեսով ողջունեց Արկադի Տեր-Թադևոսյանին (Խոսքերի հեղինակ՝ Գառնիկ Ավանեսյան, ՊԲ փոխգնդապետ, երաժշտությունը՝ կոմպոզիտոր Սեմյոն Սարգսյանի)։ Երգչուհի Գոհար Ալեքսանյանի անզուգական  կատարմամբ հնչեցին ՙՄոնա Լիզա՚ և ՙՄայրիկ՚ երգերը։ 

 

Արցախի  մի շարք հասարակական կազմակերպությունների անունից ողջույնի ուղերձ հրապարակեց աֆղանական և արցախյան  պատերազմների մասնակից Արմեն Գևորգյանը։ 

ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ  Միքայելյանը ՙՄայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին՚ մեդալով պարգևատրեց  Ն զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանին։ ՙԼավագույն սպայական ընտանիքին՚ թիվ 1 պատվո մեդալը  շնորհվեց ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Յուրի Պողոսյանի ընտանիքին և Արցախյան պատերազմի մասնակից, Ստեփանակերտի զինվորական կոմիսար, գնդապետ Գրիգորի Գասպարյանին։  

Միջոցառումն ավարտվեց Ստեփանակերտի թ.7 հիմնական դպրոցի մանկավարժների երգչախմբի և Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաների երաժշտական կատարումներով։

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ