Logo
Print this page

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ

Նոյեմբերի 11-ին Գանձասարի վանական համալիրի տարածքում տեղի ունեցավ ծառատունկ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասնակցությամբ։

 Ինչպես տեղեկացրեց Արցախի թեմի փոխառաջնորդ, Գանձասարի վանքի վանահայր Սահակ վարդապետ Շաքարյանը` նոյեմբերի երկրորդ կիրակի օրն այստեղ ծառատունկ կազմակերպելը, որին մասնակցում են հավատացյալներ և ուխտավորներ, արդեն ավանդույթ է դարձել։ Այս անգամ ուխտավորները Երևանից և Գյումրիից էին։ Նրանք գիշերը մնացին համալիրի տարածքում, ապա մասնակցեցին կիրակնօրյա Պատարագին և ծառատունկին։ 

Նախաձեռնությունն անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Ուխտավորները Գանձասարի արևելյան լանջին տնկեցին ավելի քան 30 ընկուզենի, իսկ վանական համալիրի տարածքում, պարսպից ներս, տնկվեց երկու թթենի` Պարգև սրբազանի և Սահակ վարդապետի ձեռքով։ Անցած տարի այդ տարածքում տնկվել էին սև հաղարջի թփեր, նախանցած տարի` ևս 86 բերքատու ծառ։ 

Պատարագից հետո Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ օծվեց Տողի սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի խաչը, որն այնտեղ կտեղադրվի մոտ ժամանակներս։ 

Սահակ վարդապետը հույս հայտնեց, որ այս գեղեցիկ ավանդույթը շարունակվելու է, Գանձասարի շրջակայքը մի քանի տարի անց առավել  գեղեցիկ տեսք է ունենալու, իսկ ուխտավորները համտեսելու են իրենց տնկած ծառերի բերքը։

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.