ՆՎԱԶԵԼ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ

Արցախի Հանրապետության ոստիկանությունում օրերս ամփոփվեցին 2018թ. 9 ամսվա ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։

Դրանք ցույց են տալիս, որ հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է 13,1%-ով կամ 82 դեպքով (2017թ.` 624, 2018թ` 542), որը հիմնականում տեղի է ունեցել անձի, սեփականության և հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնում: Նշվածին զուգընթաց հանրապետությունում նվազել է նաև հանցավորության մակարդակը. 10,000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը կազմել է 38,9՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 42,7-ի դիմաց:  Հանցավորության ընդհանուր կառուցվածքում նվազել են մարդու (34,8%-ից՝ 32,1%) և սեփականության (25%-ից՝ 22,7%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռը, աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (29,2%-ից՝ 31,7%), տնտեսական գործունեության (1%-ից՝ 1,7%), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (7%-ից՝ 8,1%) ու շրջակա միջավայրի անվտանգության (3%-ից 3,7%) դեմ ուղղված հանցագործությունները:

Հաշվետու ժամանակահատվածում 24-ով (221-ից՝ 197) նվազել են միջին ծանրության, 1-ական դեպքով աճել ծանր (37-ից՝ 38) և առանձնապես ծանր (5-ից՝ 6)  հանցագործությունները: Հրազենի գործադրմամբ կատարվել է 7 (2017թ.` 4) հանցագործություն։ 

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 23 դեպքով (102-ից՝ 79) նվազել են զենք և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, 9-ով (41-ից՝ 32) թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այդ թվում՝ 10-ով (34-ից՝ 24) առանց իրացման նպատակի, իսկ 1-ով (7-ից՝ 8) աճել իրացման դեպքերը: Նշված բնագավառում 1 դեպքով (32-ից՝ 33) աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները, այդ թվում 2-ով` (6-ից՝ 8) անզգուշությամբ մահ պատճառելու դեպքերը, 16-ով (7-ից՝ 23) այլ հանցագործությունները, ինչպես նաև արձանագրվել է խուլիգանության 5 դեպք:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 5 դեպքով (7-ից՝ 2) նվազել են պետական, իսկ 18-ով (109-ից՝ 91) անձնական գույքի գողության դեպքերը, այդ թվում՝ 6-ով (13-ից՝ 7) բնակարանային, 5-ով (9-ից՝ 4)` յուրացմամբ կամ վատնմամբ կատարված պետական, իսկ 2-ով (4-ից՝ 2)` անձնական գույքի հափշտակության, 2-ով (4-ից՝ 2)՝ առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու, իսկ 2-ով (0-ից՝ 2)՝ աճել խարդախությամբ կատարված պետական գույքի հափշտակության դեպքերը։ Միաժամանակ 5-ով (14-ից՝ 9) նվազել են անձնական, իսկ 2-ով (0-ից՝ 2)` աճել պետական սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունները: 

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 75,6%-ը (2017թ.` 74,3%) գողության դեպքեր են: Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 5 դեպքով (1-ից՝ 6) աճել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքերը, իսկ 1-ով (4-ից՝ 3) նվազել տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործությունները: 

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմում 15-ով (19-ից՝ 4) նվազել են պաշտոնեական կեղծիքի դեպքերը, 6-ով (2-ից՝ 8) աճել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, 1-ով (2017թ.` 0)՝  կաշառք տալու, 5-ով (2-ից՝ 7)՝  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը, 9-ով (9-ից՝ 18)՝ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունները: 

2018թ. 9 ամսվա վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտված 464 (2017թ.` 541) դեպքով հանցագործություն են կատարել 458 անձ (2017թ.` 525), որոնցից 148-ի (109) վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են դատարան, իսկ 310-ի (416) նկատմամբ կարճվել կամ նյութերը մերժվել են` ոչ արդարացվող հիմքերով: 

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում 18 անչափահասի կողմից կատարվել է 22 հանցագործություն՝  2017թ. նույն ժամանակահատվածի 31 անչափահասի կողմից կատարված 27 դեպքի համեմատ: 

Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները` նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցված հանցագործությունների ընդհանուր բացահայտման ցուցանիշն աճել է 1,4%-ով: Այսպես. բացահայտման տոկոսում հաշվվող 529 դեպքից բացահայտվել է 430-ը, կամ՝  97,7%-ը (2017թ. 601-ից՝  527, կամ՝ 96,3%) միջին ծանրության 197 հանցագործություններից` 153-ը, կամ՝ 95,6%-ը (2017թ. 221-ից՝ 194, կամ՝ 95,1%), իսկ ծանր 38 հանցագործությունններից 19-ը, կամ՝ 95%-ը (2017թ. 37-ից՝ 18-ը, կամ՝ 78,3%):

Վարույթում գտնվող քրեական գործերով 43 ծանր հանցագործություններից չբացահայտված է 2-ը, ինչպես նաև քննության փուլում գտնվող 19 դեպքից 6-ով հայտնի չեն հանցագործություն կատարած անձինք: 

2018թ. սեպտեմբերին հանրապետության տարածքում կազմակերպվել և անց է կացվել ՙԿանեփ-կակաչ-2018՚ համալիր-կանխարգելիչ միջոցառում, որի արդյունքում ի հայտ է բերվել շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու 22 դեպք` 2017թ. 32-ի համեմատ: Հայտնաբերվել է ցանած և աճեցրած 34 հատ (2017թ.` 233) կանեփ տեսակի բույս և 272,62 գրամ (2017թ.` 67,74) մարիխուանա տեսակի թմրամիջոց, իսկ չմշակված (վայրի) կանեփի զանգվածը կազմել է 1787,2կգ (2017թ.` 7450,1): 

ՙԿանեփ-կակաչ-2018՚ միջոցառման ընթացքում բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների արդյունքում կամովին հանձվել են 4 միավոր զենք և որոշակի քանակությամբ ռազմամթերք:

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 58 պատահար (2017թ.` 56), որոնց հետևանքով մահացել է 11 (2017թ.` 8) և մարմնական վնասվածք ստացել 62 անձ (2017թ.` 63): Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տալիս, որ 15-ը կատարվել է վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների, 12-ը` սահմանված արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության, 11-ը` ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 8-ը` հետիոտնային անցումների հատման կանոնների խախտման, 4-ը` հետիոտնի կողմից ՃԵԿ-ի խախտման, 3-ը` վազանցի կանոնները խախտելու, 2-ը` ղեկին քնելու, և 1-ական (ընդամենը 3) հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու, տրանսպորտային միջոցի միջև տարածության չպահպանման և ճանապարհային նշանների ու գծանշանների պահանջների խախտման պատճառներով:

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ