ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԱՆ ԲԱՐՁՈՒՆՔԸ ՆՎԱՃԱԾ ՄԻԱԿ ԱՐՑԱԽՈՒՀԻՆ
Լուսինե ՇԱԴՅԱՆ
ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական ծառայող, Երիտխորհրդարանի անդամ, ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված ՙՍեր և պատերազմ՚ գրքի հեղինակ, Կալիֆոռնիայի հայ գրողների միության անդամ Նանար Պողոսյանն առաջին արցախուհին է, ով եռագույնը ծածանեց բիբլիական Արարատ լեռան գագաթին:
ՙԻնչպես անհաս փառքի ճամփա՚ Արարատը Նանարի պատկերացումներում դպրոցական տարիներից էր ձևավորվել: Սուրբ լեռան գագաթը նվաճելն աղջկա մանկության երազանքն էր: Եվ երազանքը կյանքի կոչելու ձգտումով աղջիկը միացավ ՙԱվրորա՚ մարդասիրական նախաձեռնության AraratChallenge շարժմանը: Շարժումը խորհրդանշող լեռն Արարատն է, և որպես լավագույն օրինակի դրսևորում, շարժմանը միանալու կոչով Նանարը հանդես եկավ հենց բիբլիական լեռան գագաթից. ՙՍա իմ և բոլորի Արարատն է՝ մարդկության փրկության լեռը՚:
Մեզ հետ զրույցում Նանարը նշեց, որ միշտ հետևել է ՙԱվրորա՚ մարդասիրական նախաձեռնության կայքէջին, որտեղ և հանդիպել է զբոսաշրջային մի շարք ընկերությունների, ովքեր վերելքներ են կազմակերպում դեպի Արարատ: Նանարն ընտրեց ամենավաղ հիմնադրված ՙԱրևի՚ զբոսաշրջային ընկերությունը: Այն ամեն տարի հուլիս-օգոստոս ամիսներին վերելքներ է իրականացնում դեպի Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթ: Իսկ թե ինչպես է Նանարը հաղթահարել բարձունքը և ինչ զգացողություններ է ունեցել՝ պատասխանեց. ՙԻմ ուղեղում ես արդեն հաղթահարել էի բարձունքը՝ 5165 մետրը, իսկ զգացողություններս վեհ են, խորը: Միանշանակ դժվար էր, հուզումնալից, բայց ուղին հաղթական էր՚: Սովորաբար, մինչ լեռ բարձրանալը, ՙԱրևի՚ զբոսաշրջային ընկերությունն օրեր առաջ արշավ է կազմակերպում դեպի Արագած լեռ: Աշխատանքի բերումով, սակայն, Նանարը չկարողացավ ավելի վաղ ժամանել Հայաստան և անցնել փորձարշավը: Իսկ առջևում Արարատն էր` Նանարի երազանքների գագաթը: Նրա համոզմամբ՝ անկոտրում ոգին ու կամքն իրեն հասցրեցին սուրբ լեռը. ՙԵթե քո հոգում, քո ուղեղում հաղթահարել ես բարձունքը, ուրեմն այն քոնն է՚: Իսկ մեր հերոսուհին դեռ դպրոցական հասակից էր հաղթահարում ՙանհաս փառքի ճամփան՚: ՙ3 օր բարձրացանք ու մի օր էլ իջանք: Առաջին գիշերակացը 3200 մետրի վրա էր, երկրորդը՝ 4200 մետրի, իսկ երրորդ օրը՝ բարձունքն արդեն մերն էր՚,- պատմում է զրուցակիցս: 21 հոգուց բաղկացած տուրում ընդգրկված էին մարդիկ աշխարհի տարբեր երկրներից՝ Ավստրալիայից, Ռուսաստանից, Էստոնիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից...Նանարի համար խորհրդանշական ու ազդեցիկ էին հատկապես օտարերկրացիները, ովքեր ևս Արարատը համարում են սուրբ և փրկության լեռ, արժեքներն արժևորելու կարողությունը, դաստիարակչական ոգին, որ կրում էր նրանցից յուրաքանչյուրը, զրուցակցիս համոզմամբ՝ ոգևորիչ է։ ՙՉափազանց հուզվեցի, երբ ստիպված եղանք վերջին 1000 մետրը հաղթահարել չկարողանալու պատճառով հրաժեշտ տալ 13-ամյա չինացի պատանուն ու նրա հորը: Վերելքի ճանապարհին հանդիպեցինք 15-20 հոգուց բաղկացած մի քանի տուրիստական գործակալությունների: Տպավորիչ էր հանդիպումը խառը մարտարվեստի աշխարհի քառակի չեմպիոն Ֆյոդոր Եմելյանենկոյի հետ, ուրախ եմ, որ նրան հանդիպեցի հենց Արարատի ճանապարհին՚,-անկեղծանում է զրուցակիցս: Նանարը նաև 2000 մետր ձիարշավել է Արարատի արևմտյան հովիտով: ՙԱրևի՚ զբոսաշրջային ընկերության շրջանակներում կազմակերպված էր նաև ուխտագնացություն դեպի Արևմտյան Հայաստան՝ Անի, Կարս, Վան, Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի, Չարենցի տուն: Անծայրածիր տեսահորիզոնում, ուր դիմացդ մայր հայրենիքն է, թիկունքում պատմական հայրենիքը, գերիշխողը զգացողություններն են՝ ցավ, հպարտություն, կսկիծ, կարոտ:Ավերակների վերածված պատմամշակութային մեր արժեքները ներշնչում են ունեցածը պահպանելու ձգտումով ու Նժդեհյան գաղափարախոսությամբ. ՙՀայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից՚:Հայրենասիրությամբ տոգորված ստեղծագործ աղջկա համար այս շրջագայությունը պատմական էր, հետաքրքիր, հույզերով ու ապրումներով լի: Նշենք նաև, որ երիտասարդ գրողը, արդեն տարիներ շարունակ աշխատում է ցեղասպանությանը նվիրված իր ՙԽատուտիկ՚ վեպի վրա: ՙԱմեն ինչ պետք է ինքս զգամ, վերապրեմ, որպեսզի կարողանամ նաև վեպս ամբողջացնել՚,- ասում է նա: Նանարի երազանքներից մեկն էլ Լիբանանի Կիլիկիայի հայկական կաթողիկոսարանի ցեղասպանության հուշարձան-մատուռ այցելելն էր: Այն իրականացավ անցյալ տարի: Հպարտորեն վեր հառնող ու երկնքին միախառնվող եկեղեցի մտնելուն պես հնչում է ՙԴլե յամանը՚՝ կարոտի մեղեդին, իսկ աչքի առաջ վեր է հառնում հայ ժողովրդի պայքարն ու վերածնունդը խորհրդանշող ՙՀարության սյունը՚, որտեղ ամփոփված են Եղեռնի զոհերի մասունքները: Ըստ իմ զրուցակցի՝ ազգը արժևորվում ու ճանաչում է ստանում նաև ստեղծագործությամբ, իսկ ցեղասպանության ճանաչումը, Նանարի համոզմամբ, կախված է մեզանից յուրաքանչյուրից: Նա գտնում է, որ, անկախ մասնագիտությունից, պետք է հայոց պատմությունն անգիր իմանալ, որպեսզի օտար ափերում էլ ազգային արժեքներդ արժևորել իմանաս: Նախքան Եվրոպաները, անհրաժեշտ է նախ խորապես ուսումնասիրել հայրենի արմատները՝ հողը, քարը, սարը....ու հետո արդեն Եվրոպաներ:
Հայրենասիրության և հայրենապահպանության համար Ն. Պողոսյանը պարգևատրվել է պատվոգրով, շնորհակալագրով ու ոսկե մեդալով: