ՎԱՐՊԵՏ ՌԱՖԻԿԸ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Գրեթե հարյուրամյա հիշողության բեռի տակ ծանրացած, ապրած տարիների հետ ՙկռիվս՚ տվող, բարին չարից, ճշմարտությունը կեղծիքից, լույսը խավարից զանազանել փորձող իմ հերոսը՝ Ռաֆիկ Մարտիրոսյանը, 1956թ.-ից ապրում է Հին Արմենավանում։ Առանձնատունը, որ աչքի է ընկնում մեծությամբ, շինարար-վարպետ Ռաֆիկը միայնակ է կառուցել, իր ձեռքերով հղկել-տաշել ամեն քարը, յուրաքանչյուր քարի մեջ շունչ ու իմաստ է դրել։ Այդ օճորքի տակ 4 զավակներ են հասակ առել, հորից արդար քրտինքով վաստակելու, ճշմարիտ ապրելու դասեր քաղել։ Ճիշտ է, անվանի շինարարի ուժերն օր օրի սպառվում են, բայց դեռ ոտքի վրա է, արդեն մի տարի է, ինչ չի կարողանում այգի-բանջարանոց մշակել, սակայն միտքն աշխատում է ժամացույցի ճշգրտությամբ։ Իր կյանքի բոլոր նշանակալից անցքերն ու իրադարձությունները հիշում է այսօրվա պես, հիշում-վերհիշում է, հետն էլ ուրախանում, տխրում ու ըմբոստանում...
Ծնվել է Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում... Քյսպարանց Արտաշի յոթ զավակներից ավագն է Ռաֆիկը: Ծանր մանկություն է ունեցել, սակայն երբեք չի ընկճվել ու ընկրկել դժվարություններից։ Ամբողջ կյանքում փորձել է իր խղճի հետ համերաշխ ապրել ու օրվա հացը վաստակել ճակատի քրտինքով։ Վարպետ Ռաֆիկն անթաքույց հպարտությամբ ասում է, որ միայն իրենց` Հին Արմենավան թաղամասում, աշխատանքից հետո 27 խոշոր առանձնատուն է կառուցել, իսկ հայրենի գյուղում ու Ստեփանակերտում կառուցած տների քանակն անհաշիվ է։ Վարպետ Ռաֆիկի կյանքի պատմությունը բազմաշերտ է ու բազմիմաստ, շատ ամպեր են գլխով անցել, ու հիմա չգիտի` ո՞րը պատմի, ո՞րը թողնի... Մեծ Հայրենականի տարիներին ո՜չ կարգին պատանի էր, ո՜չ էլ կարգին երիտասարդ, բայց արդեն ստիպված էր ծանր բեռ ուսել։ Հայրն ու հորեղբայրը պատերազմ մեկնեցին մի տուն լիքը մանուկների վիզը ծուռ թողած, յոթն իրենք էին, հինգն էլ հորեղբայրն ուներ, ու նա ստիպված էր տան տղամարդու հոգսերը կրել, երբ ինքը դեռ խնամքի ու հոգատարության կարիք ուներ։ Ժամանակից շուտ հասունացավ, ժամանակ չկար վայելելու ջահելությունը։ Հազիվ հասցրեց 6-րդ դասարանն ավարտել, աշխատանքի անցավ գյուղի կոլտնտեսությունում. քանի՛ բերան իր ձեռքին էր նայում։ 1949 թվականին էր, Բաքուն գրավում, տանում էր երիտասարդներին, Ռաֆիկն էլ տարվեց լավ վաստակելու ակնկալիքով ու Բաքու գնաց, և ինչպես ինքն է վկայում` մի կերպ փախավ, կոլտնտեսության նախագահը նրան բաց չէր թողնում։ Վեց տարի աշխատեց Բաքու քաղաքում։ Ինչի ասես, որ ականատես չեղավ զրուցակիցս` մարդկային ջերմ հարաբերություններ, ղեկավարների կողմից գնահատված լինել, սակայն նաև չի մոռանում որոշ ՙինտերնացիոնալիստների՚ ընդգծուն խտրական վերաբերմունքը հատկապես հայերի հանդեպ։ ՙՇինտրեստի ադրբեջանցի կուսկազմակերպության քարտուղարը շատ էր ուզում ինձ կուսակցության շարքերն անցկացնել, ամեն կերպ փորձում էի դիմադրել, բայց ապարդյուն,-վերհիշում է Ռ. Մարտիրոսյանը,-մեր փափախավոր չոբաննե՞րը պիտի կուսակցական դառնան,-ասում էր սիրտս շահելու համար,-ու այդպես էլ, անտեսելով ցանկությունս, ներկայացրին կուսակցության շարքերն ընդունվելու: Գլուխ գովել չլինի` այդքան շինարարների մեջ ինձ հասնող չկար, լավ շինարարի անուն էի վաստակել, և բոլոր պատասխանատու գործերն ինձ էին վստահում։ Օրեր անցան, մի օր Ռահմանովը (նույն ինքը՝ կուսկազմակերպության քարտուղարը) եկավ, թե` Մարտիրոսյա՜ն, պիտի գնաս կոմերիտշրջկոմ: Գնացի... Կոմերիտշրջկոմի քարտուղարը շուռումուռ տվեց ցուցակը ու ինձ մատնանշելով արհամարհական տոնով ասաց` սրան ինչո՞ւ ես բերել, ու շպրտեց ցուցակը` ատամների արանքից ֆշշացնելով, մենք կադրեր չունե՞նք, որ սրան ես ներկայացրել, կմտնեմ Բագիրովի մոտ ու շալվարդ հանել կտամ։ Հետո իմացա, որ Ռահմանովին կուսակցությունից հեռացրել են՚։
Ռ. Մարտիրոսյանը նաև վերհիշեց, թե ինչպես էին հայերի ձեռքերով գեղեցիկ տներ, հիվանդանոցներ, դպրոցներ կառուցում, իսկ հայերին արհամարհելով` երկրորդ, երրորդ կարգի մարդ համարում։ Երեք վարձաչափով էին աշխատավարձ տալիս, ամենաբարձրն իրենց անբաններն ու շնորհազուրկերն էին ստանում, հետո գալիս էին ռուսները, և ապա նոր հայերը, վարձատրում էին ինչպես որ կամենում էին։ 7-րդ կարգ ունեցող Մուալիմովին մի սյուն են տվել, 3 օրում չկարողացավ տնկել, մինչև հայերն օգնության չհասան։ Մի օր էլ ջահել, ուժերի եռուն շրջանում գտնվող վարպետ-շինարար Ռաֆիկը Բագիրովին նամակ գրեց ու սիրտը բացեց նրա առաջ. բողոքեց, որ կոմերիտշրջկոմում իրեն ՙշան թուլա՚ են կոչել, որ իրենք՝ հայերը, աշխատում են շատ ու վարձատրվում քիչ, մի խոսքով` բողոքեց հայերի հանդեպ անարդար, խտրական վերաբերմունքից, ու սկսվե՛ց... միլիցիոներները մեկը գալիս, մյուսը գնում էր, նրան օր ու բարի չէին տալիս, տեսավ, որ հետևում են, թողեց ու վերադարձավ հայրենիք... Բայց այստեղ էլ նրան հանգիստ չէին տալիս. նրա մեղքն այն էր, որ հանդգնել է Բագիրովին անհանգստացնել։ Աշխարհի հետ հաշտ ու անհաշտ Ռաֆիկ Մարտիրոսյանին, ով արդեն հասցրել էր լավ վարպետ-շինարարի համբավ ձեռք բերել, ձեռքից ձեռք էին խլում։ Նա հպարտությամբ է վերհիշում, թե ինչպիսի նվիրվածությամբ է աշխատել Ստեփանակերտի Հուշահամալիրում, ու մինչև գլխավոր հուշակոթողը կկանգնեցվեր` երկու տարի միայն աշխատել է տեղանքի բարեկարգման ուղղությամբ: Երբ արդեն սկսել են հուշարձանի քարերը տաշել, Հայաստանից երկու վարպետ-շինարար են հրավիրել՝ 24 մետր բարձրության հուշարձանը կանգնեցնելու համար։ Անհրաժեշտ էր շատ արագ գործը գլուխ բերել, պիտի հասցնեին, որ Հաղթանակի 30-ամյակին մեծ շուքով բացումը կազմակերպեին։ Հրավիրված վարպետները մեծ գումար` 25 հազար ռուբլի պահանջեցին գործի համար ու, մերժում ստանալով, մեկնեցին։ Գործը գլուխ բերեց վարպետ Ռաֆիկը. նրա ձեռքերով բարձրացավ հուշարձանը, որն այսօր Ստեփանակերտի խորհրդանիշներից մեկն է։ Հազար ռուբլի մրցանակ էին խոստացել, առ այսօր դեռ տալիս են, բայց վարպետ Ռաֆիկը նույնիսկ չի ուզում հիշել պարգևավճար խոստացողներին, ինքն իր գործը միշտ հաճույքով ու պատասխանատվությամբ է կատարել, և երանի է տալիս անցած-գնացած տարիներին, տարիներ, որոնք իրեն միայն բարի համբավ, անուն, պատիվ են պարգևել։