ՀՈՎԻՎԸ կամ՝ ՍԱՐԵՐԻ ՙԳԵՆԵՐԱԼԸ՚
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
(Դիմանկարի էսքիզ)
Իրիկնանում է։ Արևն իր վերջին շողերը քաշել էր սարերի հետևը՝ երկնքի վրա թողնելով թեթևակի շառագույնը։ Գյուղական առօրյային հատուկ իրարանցումը չկար. ոչ անասունների բառաչ, ոչ երեխաների աղմուկ¬աղաղակ։ Ոչ մի կանչ, ոչ մի ձայն չէր խաթարում ժամը, և աստվածային խաղաղության մեջ ոչխարի հոտը սարից իջնում է...
Եկան, եկան, եկան, և ծայրը չէր երևում։ Վերջապես երևաց նա՝ հովիվը.
-Հը¬ռը¬ռը¬ե...։¬ Բոլոր հովիվները նույն ձայնարկությամբ են քշում հոտը։ Տեսարանն այնքան պատկերավոր էր, որ չէի կարող չհիշել ՙՄենք ենք, մեր սարերը՚ (ըստ Հրանտ Մաթևոսյանի) հայտնի կինոնկարի այն տեսարանը, երբ Մհեր Մկրտչյան ¬ Ազատ Շերենց ¬ Արտավազդ Փելեշյան հովիվների խումբը ոչխարի հոտը քշում է քաղաք՝ մսամթերման կայանին հանձնելու, և տպավորվում է Պավլե¬Խորեն Աբրահամյան¬հովվի կանչը.
-Հը¬ռը¬ռը¬ե...
Քաղաքաբնակ դերասանը տեսնես ինչքան է փորձ արել հովիվների հատուկ ձայնարկությունը նույնությամբ վերարտադրելու համար։ ¬ Մտքերիս ընթացքն իրական տեսարանին դարձրի։
Դեռ լրիվությամբ լեռան լանջը չիջած, դեռ գյուղի տներին չհասած` նա կանգնեց թմբի վրա, մահակը ծնոտի տակ դրեց, ոտքերը մի քիչ լայն բացած, ամուր կանգնեց ժայռի վրա։ Ոնց որ գեղարվեստական պատկեր, քանդակ, մարդն ու բնությունը իրար ձուլված, իրար շարունակություն են կազմում։
-Ես զրույցի բռնվեմ, դու լուսանկարիր,¬ ցածրաձայն ասում եմ ընկերուհուս,- տարբեր տեսանկյուններից կբռնացնես, որ գոնե մեկը հաջող ստացվի, օգտագործենք։
Շները, որ հոտից անպակաս են լինում, հաչոցով վազեցին դեպի անծանոթները։ Վախից կուչ եկա, բայց հովվի սաստող ձայնից շները հետ դարձան։
Ծանոթանում ենք, ու լրագրող լինելս իմանալուց, հովիվը դառնում է խիստ զգուշավոր, նաև` խոսքը չափած¬ձևած։
Իմացանք, որ Սլավիկ Մնացականյանը Սիսիանի Անգեղակոթ գյուղից է։ Արցախ են տեղափոխվել ընտանիքով, ինքը, մայրը, Արարատ եղբայրը (երեք երեխա ունի)։ Գյուղում առանձին տներ ունեն, ինքը մոր հետ է ապրում, նորածին աղջիկ ունի, անունը Շուշան։
-Ի~նչ շատ ոչխարներ ունես, Սլավիկ։ Ինչքա՞ն է։
-100 հատ։ Մկա սա ինչ ի, երկու տարի առաջ գայիք, 300¬400 հատ ոչխար ունեի։
-Դժվա՞ր է պահելը, որ քչացրիր։
-Հեշտ գործ չկա։ Ամեն գործ իր դժվարություններն ունի։ Ասում է արժանապատվորեն, իր արածի, իր գործի կարևորության գիտակցումով։ Ապա հարցնում է.
-Ինչքա՞ն աշխատավարձ ես ստանում։
Ասում եմ։
¬Իսկ թոշա՞կ։
Ասում եմ։
Հարցերի տակ թաքնված իմաստը չեմ հասկանում. ինչ է մտածում, ինչ է փորձում պարզել, բայց ինքնաբերաբար պատասխանում եմ։
¬Անգեղակոթը մեծ գյուղ է, չէ՞, այնտեղ ինչով էիր զբաղվում։ ¬Հարցաքննության տուտը ձեռքս եմ վերցնում։
-Անգեղակոթում բնակչությունը խիտ է։ Հող ունեի, բայց քիչ էր՝ ընդամենը 8 հեկտար։
Զարմանքս չեմ կարողանում զսպել, իսկ ինքը բացատրում է, որ այնտեղ անասնապահության համար պայմանները բարենպաստ չեն, իսկ ինքը անասուններ էր պահում, ձմեռվա անասնակերի պաշար կուտակելու համար երկար ճանապարհ էր կտրում, հնձում, բերում։ Նորաշենիկում հեշտ է, խոտը՝ շատ, եղանակը՝ մեղմ, խստաշունչ ձմեռ էլ չի լինում։
Նայում եմ չոր տափարակին, որտեղ կանգնած զրուցում ենք, ասում եմ.
¬Տարին երաշտ էր, խոտ էլ կարծես չկա. իբր ես էլ խոտից, երաշտից բան եմ հասկանում։
¬Մկա էն սարից էն կողմ խոտ կա, էն էլ ինչ խոտ, էստեղս է հասնում (գոտկատեղն է ցույց տալիս)։
-Բայց ո՞նց ընտրեցիր Նորաշենիկը։
Պատմեց, որ զինվորական ծառայությունն անցկացրել է Ղարաբաղում, որ 2016¬ի ապրիլյան պատերազմի ժամանակ կամավորական ջոկատում եղել է Թալիշում...
Զրուցելով կամա~ց¬կամաց մոտեցել էինք տանը, որտեղից դուրս եկավ մայրը։ Իմանալով մեր ով լինելը, ասաց.
¬Մեր գյուղի պնդուկի ծառերը ձեզ փեշքեշ։
Նման բարեմաղթանք ոչ լսել էի, ոչ կարդացել։ Փորձեցի զրույցի բռնվել, բայց ասաց, որ երեխային լողացնելու ժամն է ու շտապեց տուն։
-Դու կիմանաս, հիմա ասա, տեսնեմ, մենք նախագահակա՞ն ենք, կիսանախագահակա՞ն, թե՞...
-Է՛, Սլավիկ ինչ գործ ունենք խոր¬խոր բաների հետ։ Կարևորը, որ ամենքս մեր գործը լավ անենք։
-Հեշտ գործ չկա։ ¬ Կրկնում է։ ¬ Ամեն գործ իր դժվարություններն ունի։ -Ապա զգալով, որ հայտնվում է բջջային հեռախոսի օբյեկտիվում, մի կողմ ցատկեց.
-Սպասիր, չնկարես։
-Նկարդ թերթում դուրս կգա, քեզ կճանաչեն, ի՞նչ վատ բան կա որ։ ¬ Կարծելով թե հրաժարվում է լուսանկարվելուց, իբր համոզում եմ։
-Չէ, չէ, գնամ կոստյումս հագնեմ, հետո։
Նոր¬նոր ուշադրություն եմ դարձնում, թե ինչքան կոկիկ է հագնված, և ուրախանալով, որ համաձայն է լուսանկարվելու, ասացի.
-Շորերդ շատ հարմար են, Սլավիկ, հատկապես, որ բլուզիդ վրա գրված է։ ¬ Ցույց եմ տալիս անգլերեն տառերով գրվածը՝ ՙգեներալ՚։
-Սլավիկ, դու էս սարերի գեներալն ես։
Լիլիթը, ում հրավերով հայտնվել էի այս գյուղում, ոգևորված լուսանկարում է։
-Էնպես բռնացրու, որ ոչխարի հոտը երևա։ Իսկ դու, Սլավիկ, գլխարկդ բարձրացրու, որ աչքերդ կարգին երևան։
Նորաշենիկում ժայռերը նման են մարդկային կերպարանքի: Ինչու ենք մենք քարուժայռ պաշտում, գուցե նրա համար, որ հայոց հեթանոսական աստված Միհրը ժայռից է ծնվել…