ՙԵՐԱԶՍ Է. ՊԱՀԵԼ ՈՒ ՊԱՀՊԱՆԵԼ ՄԵՐ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՐԺԱՆԱՊԱՏՈՒՈՒԹԵԱՄԲ՚
Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ՙԱզատ Արցախ՚-ի հյուրասրահում Բեյրութի ՙԱրարատ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր Անի Եփրեմյանն է։ Սփյուռքահայ լրատվադաշտում հեղինակավոր այս պարբերականն անցնող տարում բոլորեց իր 82-ամյակը՝ այդուհետ ևս շարունակելու է ազգային ինքնության ու մայրենի լեզվի պահպանման, հայ մշակույթի տարածման ու զարգացման անխոնջ մշակի իր առաքելությունը։ Հայրենքից հեռու, բայց հայրենիքով ապրող օրաթերթի էջերում միշտ ներկա է Արցախը՝ որպես մեր հավաքական ուժի հզոր պատվար։Անի Եփրեմյանը գլխավոր խմբագրի աշխատանքին զուգահեռ վարում է ակտիվ համայնքային կյանք՝ իբրև տեղի ՙՆոր սերունդ՚ մշակութային միության ատենապետ։ Նա նաև երեք զավակների մայր է, երեք թոռների տատիկ։ Այս ամենի դաշնությամբ են ստեղծվել կյանքի իր կանոնները, որոնք օգնում են չընկրկել դժվարություններից։
-Անի, տարեմուտյան մեր զրույցը պետք է ծավալվի Ձեր անհատականությունը ներկայացնող՝ երեք՝ գլխավոր խմբագիր, միության ատենապետ, ընտանիքի մայր բաժանարարների շուրջ։ Սկսենք ՙԱրարատ՚-ից։ Ինչպիսի՞ն էր անցնող տարին աշխարհասփյուռ հայության շրջանում մեծ մասսայականություն գտած պարբերականի համար։
-ՙԱրարատ՚ օրաթերթը, մինչեւ օրս հաւատքով ու վճռակամութեամբ կը շարունակէ իր ազգանուէր առաքելութիւնը։ Սփիւռքի մէջ հայ օրաթերթը սովորական հասկացողութեամբ օրաթերթ չէ, պարզապէս լուրերու արձագանգը հանդիսացող։ Հայ օրաթերթը իր էութեամբ ու նպատակով առաքելութիւն է։
Անցնելով երկար ճանապարհ` ՙԱրարատ՚ օրաթերթը անցնող տարի եւս շարունակեց իր դերը, զարգացնելով տասմանեակներու ընթացքին կուտակուած հարուստ փորձն ու աւանդոյթները, նուիրուած թերթի հիմնական նպատակին՝ ծառայել հարազատ ժողովուրդին։
Անցնող տարին Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա. Վեհափառ հռչակեց՝ ՙՀայ Մամուլի՚ տարի, հետեւաբար յատկանշական տարի մըն էր հայ մամուլի ծառայողներուն համար։
Արարատ իր մասնակցութիւնը բերաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կազմակերպած ՙՀայ մամուլի համաժողովին՚, ուր ներկայ էին աշխարհասփիւռ հայ մամուլի գործիչներ։
Այստեղ կ’ուզեմ նշել թէ ՙԱրարատ՚-ի կայքէջը www.araraddaily.com ունի բազմաթիւ ընթերցողներ աշխարհի չորս կողմերէն։
Այս վերջին շրջանին սակայն, Լիբանանի վերջին իրադարձութիւններէն ետք, թերթը կը դիմագրաւէ նիւթական ծանր դժուարութիւններ, երկիրը եւ դրամատնային համակարգը ամբողջութեամբ անշարժացած է։ Սակայն շնորհիւ օրաթերթի շուրջ համախմբուած բարեկամներու եւ բարերաներու օժանդակութեան մենք կը շարունակենք մնալ պատնէշի վրայ։
-Բեյրութում բազմածավալ ազգապահպան ծրագրեր իրականացնող ՙՆոր սերունդ՚ մշակութային միությունը, բացի ավանդական դարձած գեղարվեստական համույթների ու խմբերի տարեկան-հաշվետու համերգներից, միշտ որևէ նորույթ է հավելում իր տարեգրությանը։ Ինչո՞վ առանձնացավ անցնող տարին։
-ՙՆոր Սերունդ՚ մշակութային միութեան նպատակը բոլոր ժամանակներուն եղած է հայ մշակոյթի միջոցով վառ պահել հայ ինքնութիւնը եւ փոխանցել նորահաս սերունդներուն մեզի աւանդուած հարստութիւնը։ Անցնող տարի, ինչպէս կ?ըսէք՝ ունեցանք մեր հերթական ելոյթը, եւ անոր կողքին մասսնակցեցանք լիբանանեան բազմաթիւ փառատօներու։ Արժէ առանձնացնել մեր մասնակցութիւնը Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա. Կաթողիկոսի կազմակերպած միջմիութենական պարի փառատօնին, որ տեղի ունեցաւ Կաթողիկոսութեան ամառային նստավայր՝ Պիքֆայայի մէջ։
-Այժմ անդրադառնանք երեք երեխաների մոր, հայկական ավանդական ընտանիքի տեր հրաշալի հայուհու Ձեր կերպարին։Եվ մայրական, և հայրական կողմից սերվել եք եղեռնից մազապուրծ՝ Բեյրութում ապաստանած հայ որբերի ստեղծած ընտանիքներից։ Ի՞նչ եք ժառանգել նրանցից, ի՞նչ են պատգամել նրանք իրենց զավակներին։
- ՙԻւրաքանչիւր մարդ իր ընտանիքի հայելին է՚ խօսքը շատ կարեւորութեամբ կ?ընդգծեմ ու կ?ուզեմ պարզել, որ այսօր եթէ ես կը սիրեմ ու նուիրուած եմ հայ մշակութային գործունէութեան, ապա այդ բոլորին արմատները իմ մէջս խարսխաուած են փոքր տարիքէս։ Իմ հօրական տունս մշակոյթ կը բուրէր, ընտանեկան մեր հաւաքները գերազանցապէս մշակութային ձեռնարկներ էին։ Չկար Հայաստանէն ժամանած հայ արուեստագէտներ ինչպէս Սիլվա Կապուտիկեան, Գէորգ Էմին,Յովսէփ Շամամեան, մարզիկ կամ զբօսաշրջիկ, որ հօրս հոգածութեան եւ սիրոյ արտայատութեան չարժանանար։ Պատիւը ունեցած ենք նաեւ ոմանց անձամբ տեսնելու մեր տունը։ Հաւաքական ուրախութիւնը եւ հաւաքական յաջողութիւնները միշտ գնահատող ծնողքս ինծի փոխանցածը հաւաքականին վրայ շեշտը դնել եւ միայն այդպէս գտնել անձնականին բաւարարարութիւնը։
Այս դարուս երիտասարդութիւնը համախմել եւ մշակութային կամ քաղաքական որեւէ գործունէութիւն ծաւալելը պատասխանատուութիւն եւ յանձնառութիւն կը պահանջեն։ Արթուն, քննական եւ մասնագիտական միտքով պատրաստուած երիտասարդն իր անդամակցած միութեան կը հաւատայ առաւելաբա?ր, երբ ան իր շուրջը գտնէ իրեն փոխանցուած արժէքներով ապրող ու տառապող անձեր։ Ծնողք կամ ղեկավար պարտինք ականջալուր ըլլալ մեր նոր սերունդներուն եւ վստահինք անոնց երազներուն։
Այսպէս, կը հաւատանք, որ գործի ընդմէջէն կարելի է փոխանցել լաւագոյն դաստիարակութիւնը։
-Արցախը Բեյրութի ՙԱրարատ՚ օրաթերթի սևեռուն հայացքի ներքո է,ամեն մի հաջողությանը թերթն անմիջապես ուրախությամբ է արձագանքում։ Ի՞նչ լուրեր եք ակնկալում Արցախից։
-Արցախի իւրաքանչիւր յաջողութեան մասինՙԱրարատ՚ օրաթերթին արձագանգելը կու գայ հաստատելու, որ աշխարհասփիւռ հայութիւնը իր հպարտութեան բաժակը կը լեցնէ ձեր սխրանքներով։ Արցախցի ժողովուրդին կեանքի բարօրութիւն, Արցախի երկնքին խաղաղութիւն, Արցախի հողին առատ բերք, ազգային եւ միջազգային հարթակներու վրայ նոր ձեռքբերումներ կը մաղթեմ եւ վերջապէս Արցախի եւ Սփիւռքի միջեւ աւելի սերտ ու ան?ջական կապերու ամրապնդում։
-Արցախցիներիս երազանքը մեր հայրենիքից դեպի երկիր մոլորակը ձգվող հարատև խաղաղությունն է։ Իսկ ի՞նչ երազանք ունի Անի Եփրեմյանը։
-Մեր երկինքը այսօր մութ է եւ հեռուն պղտոր, բայց եւ այնպէս միշտ ալ վառ յոյսով եւ հաւատքով կը սպասենք նորին։ Իբրեւ լիբանանահայ՝ շրջանցած ենք պատերազմական դժուար ու ծանր տարիներ, իբրեւ հայ՝ յաղթանակած ու փրկած ենք Արցախ աշխարհը. երազս է պահել ու պահպանել մեր կերտածը, ունեցածը՝ արժանապատուութեամբ ու պահու թելադրած պատասխանատուութեամբ։
-Շնորհակալություն, Անի, թող նոր տարին արգասաբեր լինի յուրաքանչյուրիս համար։