ԻՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՉԼԻՆԵԻՆ ԲԱՐԻ ՄԱՐԴԻԿ...
Սվետլանա ԱՍՐՅԱՆ
ԱՀ վաստակավոր մանկավարժ
Բարեգործություն կատարող անհատն ուրույն հոգեկերտվածք ու մտածողություն է ունենում, բոլորովին մի այլ փիլիսոփայությամբ է ընկալում աշխարհը։ Բարեգործությունը շնորհ է, պարգև, որն ամեն մեկին չէ տրված, այն տրվում է շատ քչերին՝ բացառապես լուսավոր, բարի և կամեցող մարդկանց։
Բարեգործները լուռ և անձայն են կատարում իրենց առաքելությունները։ Կարևորելով իրենց գովարժան գործերը՝ նրանք երբեք չեն ձգտում բարձրաձայն մեծարանքի արժանանալ, այլ մեծ բավականություն են ստանում կատարելով գեթ մի բարի գործ։
Այսօր ուզում եմ խոսել հայ բժիշկ Լևոն Խաչատրյանի մասին, ում համար հայ մարդու կյանքը փրկելը գերագույն նպատակ է։
Մեծանուն բժշկի հետ ծանոթացանք բոլորովին պատահական։ Թոռնիկս՝ 8-ամյա Վլադիմիրը հիվանդացել էր և երկար ժամանակ չէին կարողանում ախտորոշել նրա հիվանդությունը, դրա պատճառները։ Հնարավոր չէ ներկայացնել այն ապրումները, անորոշ վիճակը, որ ունեինք մենք։ Անիրական էր թվում ամեն ինչ, չգիտեինք արդեն ինչ անել, իսկ փոքրիկը մեզ էր նայում իր անմեղ աչքերով և հրաշքի սպասում։
Հայաստանի և Ռուսաստանի առաջատար հիվանդանոցներում երկարատև և անօգուտ բուժումներ ստանալուց հետո լրիվ հուսահատ վերադարձանք տուն՝ այլևս չիմանալով ինչ անել։
ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, ով քաջատեղյակ էր թոռնիկիս հիվանդության ողջ ընթացքին, համոզում էր մեզ չնահանջել։
Ամառվա կեսին առողջապահության նախարարը տեղեկացրեց մեզ, որ Ֆրանսիայից Արցախ է ժամանել հայտնի բժիշկ-սրտաբան Լևոն Խաչատրյանը և օրեր անց կազմակերպեց մեր հանդիպումը։ Հայտնի սրտաբանը մանրամասն հետազոտեց երեխային և տվեց իր եզրակացությունը, որն ասես սառը ցնցուղ լիներ մեզ համար։
Թոռնիկս պետք է ենթարկվեր սրտի բարդ վիրահատության, և այն պետք է իրականացվեր միայն արտասահմանում։ Մինչև մենք ուշքի կգայինք, բժիշկն արդեն մեկնել էր Ֆրանսիա՝ պատվիրելով մեզ գործել շատ արագ։
Արդեն ակնհայտ էր, որ թոռնիկիս փրկությունն օտար Եվրոպան պետք է լիներ։
Ոչնչի առաջ կանգ չառնելով՝ աղջիկս և թոռնիկս մեկնեցին Փարիզ։ Բժիշկը նրանց դիմավորեց օդանավակայանում և իր հոգատարությամբ, սրտացավությամբ ուժ հաղորդեց աղջկաս՝ նրանից պահանջելով երբեք չկորցնել հավատն ու հույսը։ Բժիշկ Խաչատրյանը չէր կարող անտարբեր անցնել ուրիշի ցավի կողքով, աղջկաս ու թոռնիկիս տարավ իր տուն, որտեղ Խաչատրյաններն արդեն սպասում էին և ամենայն ջերմությամբ ընդունեցին հյուրերին։ 3-րդ ամիսն է, ինչ մերոնք ապրում են նրանց տանը, այդ հյուրընկալ օջախում ստեղծվել են բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի Վլադիմիրը ստանա լիարժեք բուժում։
Այսօր մեզանից յուրաքանչյուրն իրեն ամենամեծ ազգասերն ու հայրենասերն է համարում և դա միանգամայն անկեղծ է, սակայն ով ինչպես է այն ընկալում, ում մեջ այն ինչպիսի տեղ է զբաղեցնում, դժվար է գնահատել։
Չեմ սխալվի, եթե ազգասիրության և հայրենասիրության տիպար և բարերար չանվանեմ բժիշկ Լևոն Խաչատրյանին։ Անհերքելի է, որ նա բնության օրենքներով ապրող մեր նախնիներից ժառանգել է ամենավեհ արժանիքները՝ չհեռանալ արմատներից, սատար և նեցուկ լինել յուրաքանչյուր հայի։
Մեր ընտանիքն այդ սերը տեսել է այս ամիսների ընթացքում, ոչ ոք անտարբեր չի անցել մեր կողքով և անպայման հարցրել է փոքրիկ Վլադիմիրի որպիսության մասին, առողջություն մաղթել և աղոթք հղել առ Աստված։
Ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել Լևոն Խաչատրյան հային, լավ մարդուն, նվիրյալ բժշկին։ Շնորհակալություն ենք հայտնում նրա ընտանիքի անդամներին սրտացավության և մարդկային վեհ գործերի համար։ Երբեք չենք մոռանա տիկին Սոնայի անսահման հոգատարությունն իմ երեխաների հանդեպ, նրա մայրական գորովանքը շատ է օգնել, որպեսզի օտարության մեջ գտնվող աղջիկս իրեն մենակ չզգա։
Երախտապարտ ենք բժիշկ Խաչատրյանի ֆրանսիացի կոլեգաներին, քանզի նրանք ստանձել են մեծ առաքելություն՝բուժում և օգնում են մարդկանց։
Այսօր հեռավոր Ֆրանսիայում գտնվող իմ աղջիկը՝ Շուշանը անչափ զգացված է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի մանկավարժական իր կոլեկտիվի, աշակերտների ու նրանց ծնողների այդչափ հոգատար և սրտացավ վերաբերմունքից։
Ինչպես չխոնարհվես 3-րդ դասարանցիների արարքի առաջ, ովքեր դասվար Զարինե Հարությունյանի ուղեկցությամբ մոմեր են վառում Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցում և Ամենաբարձրյալից առողջություն խնդրում համադասարանցի Վլադիմիրի համար։
Ինչ կլիներ, եթե չլինեին այս բարի մարդիկ…
Աշխարհի բոլոր երեխաներին առողջություն և խաղաղություն եմ մաղթում, թող գալիք տարում ոչ մի երեխա չհիվանդանա։
Latest from
- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
- ԱՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՐՑԱԽԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ
- ՆԱԵՎ ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ԿՕԳՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱՀԵԼ ԵՐԿՐՈՒՄ
- ԵՍ ԱՊՐԵԼ ԵՄ ՇՈՒՇԻՈՒՄ