ՊԱՏԱՀՈՒՄ Է ԵՎ ԱՅԴՊԵՍ
Լուսինե ՇԱԴՅԱՆ
Լիանա Սարգսյանը շատ է սիրում մեքենա վարել և իր աշխատանքային գործունեությամբ փորձում է կոտրել մեր հասարակության մեջ դեռևս գոյություն ունեցող այն կարծրատիպը, թե մեքենա վարելը մասնագիտություն է միայն տղամարդկանց համար:
Լիանան Արցախում գործող GG օնլայն ավտոմեքենաներ պատվիրելու ծառայության ամենաառաջին աշխատակիցներից մեկը դարձավ, ում բոլորը ճանաչում և կարճ Լիկա են կանչում: Արդեն յոթ տարի է, ինչ Լիանան մեքենա է վարում: Քեռին է սովորեցրել: Ինչպե՞ս ընկերությունում աշխատելու համարձակ որոշումը կայացրեց. ՙՊահի տակ կայացրած որոշում էր: Օգտվեցի GG ընկերության ընձեռած հնարավորությունից և հոբբին վերածեցի մասնագիտության՚: Երիտասարդ աղջիկը սիրում է իր աշխատանքը: Խոստովանում է, որ սկզբնական շրջանում էր դժվար. ՙՈւղևորների առաջին արձագանքը տարակուսանքն էր լինում` կամ ղեկի դիմաց ինձ տեսնելիս մի տեսակ շփոթվում էին ու մտածում, որ համարն են շփոթել, կամ ինչ-որ թյուրիմացություն է եղել: Սկզբում դա նյարդայնացնում էր ինձ, նույնիսկ եկավ մի պահ, երբ հրաժարվեցի աշխատանքից: Սակայն, իմ մեջ խեղդելով բոլոր կարծրատիպերը, կարճատև դադարից հետո կրկին վերադարձա աշխատանքի՚:
Մանկությունն անցել է Ասկերանի շրջանի Հարավ գյուղում: Երկու տարեկան էլ չկար, երբ Արցախյան պատերազմի ժամանակ հրետակոծության հետևանքով զրկվեց մորից: Հայրն էլ մասնակցում էր թեժ մարտերին: Լիանայի և քույրիկի խնամքը հոգում էին մորական տատն ու պապը: Միջնակարգը գյուղում ավարտելուց հետո ուսումը շարունակեց մայրաքաղաքի Թ. Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջի մանկաբարձական բաժնում: Ճակատագրի բերումով ժամանակից շուտ հոգսաշատ դարձած աղջիկը ձեռքերը ծալած երբեք չի նստել: Աշխատել է տարբեր ոլորտներում: Այսօր Լիանան հոր հետ բնակվում է Շուշիում: Նրա աշխատանքային օրը սկսվում է առավոտյան ժամը 6-ին և հաճախ ավարտվում կեսգիշերն անց:
Զրույցի ընթացքում Լիանան պատմեց իր հետ տեղի ունեցած հետաքրքիր ու զավեշտալի մի դեպք. ՙՄի անգամ պատվեր ընդունեցի. երիտասարդ տղամարդ էր: Ինձ ղեկի դիմաց տեսնելով` շփոթվեց: Ի վերջո, երկմտելով նստեց մեքենան ու ասաց՝ կյանքում առաջին անգամ դեմ եմ գնում իմ սկզբունքներին: Երիտասարդը վերջում անկեղծացավ և ասաց, որ հիացած է իմ վարորդական հմտություններով՚: Այսպես թե այնպես, պատվիրատուների խնդիր աղջիկը չունի: Նա արդեն վստահություն է ձեռք բերել և օրական մոտ 15 պատվեր է ունենում: GG ընկերության ծառայության շրջանակներում նրա անունը ռեյտինգայինների ցուցակում է: Եվ, մինչ որոշ տղամարդիկ ինքնահաստատման փորձեր են անում այդ բնագավառում, աղջիկը զգոն, համբերատար ու սիրով կատարում է իր աշխատանքը` ընդգծելով, որ ամենադժվարն ուղևորի հետ ճիշտ շփում ստեղծելն է: