ԿՏՈՐԻՑ ԿՏԱՎ ՍՏԵՂԾՈՂ ԱՂՋՆԱԿԸ
Լուսինե ՇԱԴՅԱՆ
Դեկորատիվ արվեստի շարքում իր ուրույն տեղն ունի բատիկան՝ ձեռագործ նկարը կտորի վրա: Նորաձևության այս տեսակը վերջին ժամանակներում շատ արդիական է դարձել: Ինքնատիպ արտահայտություններով ու սիմվոլիկ պատկերներով հագուստ կրելն ինքնարտահայտման յուրօրինակ տարբերակ է:
Գեղեցիկ ու գունագեղ արվեստի այս աշխարհում իր առաջին քայլերն է կատարում Նանա Հայրումյանը: Նուրբ էությանը համահունչ անունով աղջնակն ընդամենը 15 տարեկան է, սակայն զարմանալ կարելի է նրա գաղափարներով ու աշխարհայացքով: Նկարելը նրա տարերքն է, իսկ ձեռաշխատանք ստեղծելը թե՜ նպատակ, և թե՜ երազանք: Համավարակը Նանայի համար ինքնաբացահայտման պատեհ առիթ հանդիսացավ. ՙԿարանտինի պատճառով որոշ ժամանակ ընտանիքով գյուղում էինք: Օնլայն դասընթացներն ավարտելուց հետո քիչ էր օրվա ծանրաբեռնվածությունը: Ինքս ինձ հետ մնալու և ցանկալի գործով զբաղվելու բավականին ժամանակ ունեի: Սկսեցի հագուստի մոդելներ գծագրել, իսկ հետո արդեն շապիկների վրա արցախյան բարբառով արտահայտություններ գրեցի: Ծնողներիս հավանությունն ինձ շատ ոգևորեց՚,- ասում է Նանան:
Աղջնակն այն համոզմունքին է, որ աշխատասիրության արդյունքում մարդ ստանում է երկնային օրհնություն: Այսօր նա ներկայանում է Արցախ Յան հավաքածուով: Հարցիս՝ ինչու՞ հենց Արցախ Յան, աղջիկը պատասխանեց.ՙՈրպես տարբերանշան` հայկական կոլորիտը տպավորելու ցանկություն կար, որպեսզի այն լինի նաև խորհրդանշական ու յուրահատուկ՚: Հայկական են նաև շապիկները, որոնց վրա աշխատում է Նանան: Նախընտրում է Melante-ի արտադրանքը: Հագուստի վրա ինքնատիպ պատկերներ նկարելու հետաքրքրությունն ինքնին ոգեշնչող է, իսկ կրեատիվ գաղափարներն այն դարձնում են առավել գայթակղիչ: Վրձինով ու գունաներկերով արվեստի շունչ հաղորդելով կտորին` աղջնակն այն վերածում է կտավի: Նանան իր հոգեվիճակը պատկերում է գույներով, գույներով էլ մտածում ու արտահայտվում է:
Բավականին բարդ ու մանրակրկիտ այս աշխատանքում նա կարևորում է հոգեկան ներդաշնակությունը: Աշխատում է բնական լույսի ներքո: Ինքնատիպ են աշխատանքները, իսկ նախասիրությունները` տարբեր. սիրում է գիրք կարդալ, ֆանտաստիկ ժանրի պատմվածքներ գրել, կարպետագործությամբ զբաղվել: Ավարտել է Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան հ.2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանը: Գերազանցիկ է: ԱՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հայոց լեզու առարկայից մրցանակային երրորդ տեղ և ֆրանսերեն առարկայից մրցանակային երկրորդ տեղ գրավելու համար ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է դիպլոմներով:
Շնորհաշատ աղջնակի նկատմամբ ունեցած զարմանքս փոքր-ինչ փարատվեց, երբ իմացա, որ սերն արվեստի նկատմամբ նա ժառանգել է մայրիկից: Մայրը՝ Լիլիթը, ուսուցչուհու մասնագիտությանը զուգահեռ բավականին երկար տարիներ զբաղվում է տիկնիկագործությամբ, և ոչ միայն՝ ազգային տարրեր պարունակող կախազարդերի /բրելոկ/, տրեխների պատրաստմամբ: Լիլիթի աշխատանքները ներկայացված են մեր հանրապետության եկեղեցիներում գործող մոմատներում:
Իսկ Նանան դեռևս աշխատում է օնլայն հարթակում: Իր աշխատանքներում Նանան առանձնացնում է հատկապես Վան Գոգի ՙԱստղալից գիշեր՚ կտավը. ՙՆկարիչների բարդ նկարներ շատ եմ սիրում, ինչպես նաև էսքիզներ, մինիմալիստական պատկերներ…՚: Ասում է՝ ՙԼյավ ախճիգը օխտը տղա արժի՚ արտահայտությամբ աշխատանքն իսկական բում էր առաջացրել աղջիկների շրջանում:
Նանայի համար արվեստը կյանքի գեղեցիկ կողմն է, քանի որ այն կատարյալ է: