Logo
Print this page

ԱՍՏՈՒԾ ԻՆՁ ՆՀԵՏԱ...

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

 Պատերազմի երկրորդ օրն է: Ռազմական դրությունը չխանգարեց քայլել քաղաքի փողոցներով ու հետևել մարդկանց անցուդարձին: Փաստում եմ` վախվորած, ընկճված մարդու չեմ հանդիպել: Պատահած յուրաքանչյուր ոք մարտական էր տրամադրված: Երևի ինչ-որ տեղ  դա բնական է` արդեն քանիերորդ պատերազմն է տեսնում արցախցին, կոփված են, անվախ, թշնամին այլևս ի զորու չէ կոտրել արցախցու հոգու արիությունը: Նույնիսկ ապաստարններում գտնվող մարդիկ հուսալքված չեն, գիտեն, որ ժամանակավոր է, որ շուտով թշնամին հետ կշպրտվի Արցախի սահմաններից:

Ռոզա տատիկին պատահեցի, երբ վաճառքի կանաչի էր ինձ առաջարկում: Հարցին, թե չի՞ վախենում այսպիսի օրով տնից դուրս գալ, պատասխանում է` Աստուծ ինձ նհետա: Արդեն քանի պատերազմ է տեսել 85-ամյա Ռոզա տատիկը` Հայրենական պատերազմ, Արցախյան գոյամարտ, Բաքվի ջարդեր, Ապրիլյան պատերազմ և այս օրը:

Ընդամենը մեկ օր դադար վերցնելով, սկսել են աշխատել հացի արտադրամասերը: «Հացն առաջին անհրաժեշտությունն է, չենք կարող բնակչությանը թողնել առանց դրա»,-պարզաբանում է Վ. Սարգսյան փողոցի հացի փուռի աշխատողը` Ջիվանշիրյան Ալիսան: Այդ նույն տրամաբանությամբ աշխատում են նաև Ազատամարտիկների փողոցի վրա գտնվող մի քանի հացի արտադրամասեր: Համարյա ամեն փուռ մարդաշատ էր: Մարդաշատ էին նաև քաղաքի մի շարք մեծ ու փոքր խանութներ: Մարդիկ առավոտից գնումներ են կատարում: Հատկանշական է նաև, որ թարմ հացն ու կաթնամթերքն առկա էին բոլոր գործող խանութներում: Մուրադյան Նարեկը «Սամուէլ» մարկետի կողքի բանջարեղենային խանութի տերն է: Իրեն պարտավորված է զգում անպայման խանութը բաց պահել: «Բնակչությունը թարմ բանջարեղենի ու մրգեղենի կարիք ունի, դրա համար խանութը բաց է, ավելին` գները սովորականից ցածր են: Դա էլ իմ կողմից թող փոքրիկ օգնություն լինի»,- անկեղծանում է Նարեկը: Կարելի է արձանագրել, որ քաղաքում ամենից շատ բաց են հենց նման խանութները:

Բնականաբար, իրենց ծառայություններն են բնակչությանը մատուցում դեղատները: Դրանցից որոշներն աշխատում են շուրջօրյա: «Եվա» դեղատան տնօրենը անձամբ է բնակչությանը սպասարկում: «Այսպիսի օրով մենք իրավունք չունենք վախենալ, հետ քաշվել: Պետք է մեր պարտականություններն առանց վարանելու կատարենք»,- շեշտում է նա:

Գարիկ պապիկը Այգեստանից է: Ընկույզ, հոն, սալոր է բերել վաճառելու: Ծիծաղում է` ո՞ւմից պիտի վախենա: Նույն կերպ իմ վախվորած հարցերին ծիծաղով է պատասխանում նաև բոլորին հայտնի Հունան պապիկը: «Երբևէ ոչնչից և ոչ մեկից չեմ վախենա: Թուրքն էլ թող ինձնից վախենա»,-վստահ հայտարարում է Հունան պապիկը:

Այս մարդկանց հետ շփվելով, ինչպե՞ս չհավատամ հայի հզոր կամքին: Եվ վստահ եմ, շուտով  այդ արյունոտ մռութն էլ կջախջախվի հայորդու հուժկու հարվածից:

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.