ԵՍ ԱՊՐԵԼ ԵՄ ՇՈՒՇԻՈՒՄ
Հովսեփ ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
(Սկիզբը՝ ՙԱԱ՚ թիվ 12« 13« 14« 15« 16« 17« 18« 22)
Քանդակագործը շուտով բաժանվեց նրանից և Հայկանուշն ապրում էր Երևանում։ Որդին երիտասարդ տարիքում մահացավ՝ Մոսկվայում։ Երկրորդ տղան՝ Հակոբը, սալոնի պարերի մշտական դիրիժորը, իր կյանքն ավարտեց 1937-ին։
Թագուշ խանումը 25-26 թվականներին ապրում էր Թիֆլիսում, հաճախ էր լինում մեր տանը, հետո տեղափոխվեց Լենինական, որտեղ շատ շուտ մահացավ։ Լենինականում նա ապրում էր որդու՝ Հակոբի տանը։ Մահացավ երեսունականներին։ Չքացավ երկրի երեսից այդ գեղեցիկ կինը, որին Շուշիում բոլորը ճանաչում էին ու պատվում։
Թագուշ խանումը միջինից մի քիչ բարձր հասակով, սևաչյա գեղեցիկ կին էր։ Այդ կինը հատուկ քայլվածք ուներ ու շատերն էին կանգնում նրան նայելու։
Շուշիի ամառային ակումբում ելույթ էին ունենում Աբելյանը, Ալիխանյանը, Ոսկանյանը, Ժասմենը։ Ամառային ակումբը թաղված էր ծաղիկների մեջ, լայն ծառուղիներով մանկական հրապարակ ուներ, ընթերցարան, խաղաթղթի համար առանձին սենյակ, որտեղ կանայք ֆրապ էին խաղում, տղամարդիկ՝ պրեֆերանս։ Ակումբի դահլիճում հաճախ պարեր էին կազմակերպվում։ Պարում էին հիմնականում վալս և եվրոպական պարեր։ Պարերը ղեկավարում էր պրոֆեսիոնալ պարող և պարուսույց Գևորգյանը։ Երեկոյի մեխը Թագուշ խանումի պարն էր։
Նա պարում էր ՙՈւզունդարա՚։ Նա պարում էր այս պարը միշտ երեկոյան ժամը 11-ին։ Բոլորն հավաքվում էին նայելու Թագուշ խանումին։ Արտակարգ գեղեցիկ պար էր։ Այս կինը Շուշիի ամենաառաջադեմ կանանցից էր, թեև ռուսերեն չգիտեր, խոսում էր Շուշվա բարբառով ու երբեմն աշխատում էր խոսել գրական հայերենով։ Մի անգամ Թագուշ խանումը գնացել էր Մոսկվա՝ քրոջ մոտ, որն ամբողջ կյանքում ապրել էր Մոսկվայում։ Շուշի վերադառնալուց հետո բոլորին պատմում էր, թե` ՙՇատ կուլտուրնի քաղաք ա Մասկվան, ամեն պադիեզդի առաջ մին շվեյցարիա ա վըննը կացած՚։ Այս պատմությունը գրում է նաև Վաղարշ Վաղարշյանն իր հուշերում, որը նույնպես Շուշեցի էր։ Թագուշ խանումի հետ բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են կապված։
Շուշիում ընդունված էր, երբ մեկի մոտ որևէ պատվավոր հյուր էր գալիս, Օհանջան բեկի բաղում մեծ հյուրասիրություն էր կազմակերպվում։ Այս այգին Շուշիի հիվանդանոցի հարևանությամբ էր, մեծ տարածություն էր զբաղեցնում, ծաղկաշատ էր, հատուկ տեղ էր հատկացված ճաշեր եփելու ու սեղանների տեղադրման համար։ Հատուկ հրապարակ էր սարքած պարերի համար։ Սովորաբար, այգին ուժեղ լուսավորվում էր, լուսամփոփներ էին կախում մոմերով։ Թագուշ խանումի քույրը՝ Սառան, որն ապրում էր Մոսկվայում ու ամուսնացած էր մի մեծահարուստ հայի հետ, միշտ ասում էր ՙմեր Մասկվայումը՚, ու երկու քույրերի միջև լուռ մրցակցություն էր։ Սառան տգեղ էր, կարճահասակ, մեծ քթով, իսկ Թագուշ խանումը գեղեցկուհի էր։ Այդ էր պատճառը, որ Սառան վեր-վեր էր թռնում Մոսկվայով։ Սառան մի ամառ Շուշի էր եկել։ Նրա պատվին Թագուշ խանումը Օհանջան բեկի բաղում երեկո էր կազմակերպել։ Շատ մարդ կար։ Ինչ ասես, որ չկար այդ սեղաններին։ Թխվածքների ինչպիսի՛ տեսականի։ Սեղանի գլխին նստած էր չքնաղ Թագուշ խանումը։ Թագուշ խանումը հարցնում է քրոջը. ՙՍառա, քեզ մատաղ, վեչերը լավ ա՞ անց կենում՚, ինչին քույրը պատասխանում է. ՙՎեչերը լավ ա, բայց դիսցիպլինա չկա՚։
-Քուռանամ, կանդիտեր Կրիքորը տորթերը ղարկալ ա, դիսցիպլինան ղարկալ չի,-կարծելով, թե ՙդիսցիպլինան՚ թխվածքի տեսակ է՝ պատասխանում է Թագուշ խանումը։ Սա հետո կրկնում էին Շուշիում, Բաքվում, Թիֆլիսում։ Այս ՙդիսցիպլինայի՚ մասին գրում է նաև Վաղարշ Վաղարշյանն իր հուշերում։
ՇՈՒՇԻԻ ԿՈՒՍԱՆՈՑԸ
Իմ մանկությունն ու պատանեկությունը սերտորեն կապված էին Շուշիի կուսանոցի հետ։ Միանձնուհիների այս ապաստանը ինձ և մեր ամբողջ ընտանիքի համար ինչ-որ հարազատ, սուրբ մի բան էր։ Միանձնուհիների հետ շատ էինք կապված։ Այս վերաբերմունքը խոր արմատներ ուներ, և այսօր՝ 70 տարի անց, աչքիս առաջ են իմ սրտին շատ սիրելի միանձնուհիները՝ կուսանոցի վերակացու Հուռի բաջին, Նախշունը, կաղ Հեղինեն։
Վանքից հինգ մետր այն կողմ մի երկհարկանի տուն կար։
Տան ներքևի հարկում նկուղներ ու պահեստներ էին։ Վերևի հարկում ապրում էին միանձնուհիները։ Սենյակների առջևի մասում ապակեպատ պատշգամբ էր։ Շենքին կից ծաղկանոց կար։ Տան հետևի մասում բանջարանոց էր։ Հատուկ տեղ էր հատկացված զոհասեղանի համար, որտեղ տոն օրերին գառ էին զոհաբերում ոչ միայն շուշեցիները, այլև այլ տեղից Շուշի հասած հավատացյալները։ Այդ օրերը մեր տան համար միշտ տոն էին, քանի որ տունը վանքին շատ մոտ էր։ Շուշիում հեռու բան չկար, ամեն ինչ մոտ էր, ամեն ինչ հարազատ էր, իսկ հիմա ինձ համար ամեն ինչ հեռացած ու անցյալ է։ Իմ վանքն էլ վառեցին, սպանեցին իմ միանձնուհիներին։ Հրաշքով փրկվեց միայն Հեղինե կույսը, որը Բաքվում բարեկամներ ուներ։ Նա 1922-ին եկավ մեզ մոտ՝ Թիֆլիս, ու պատմեց այդ ջարդերի սարսափների մասին։
Ինչու էր այդ կուսանոցն այդքան հարազատ իմ ընտանիքին, ինչն էր պատճառը։ Պապիս քույրը երկար ժամանակ կուսանոցի վերակացուն էր եղել։ Նրա անունը Ուստիան էր։ Մայրս պատմում էր, որ մինչ կուսանոց մտնելը նա ծաղկուն, մեծ աչքերով, բարձրահասակ կին էր։ Մայրս առանձնահատուկ սիրով էր սիրում Ուստիան հորաքրոջն ու հարգում էր նրա հիշատակը։ Ամեն ինչ նրա մասին լսել եմ մորիցս։
Մորս ամուսնացրել էին, երբ նա 16 տարեկան չկար՝ 1875-ին։ 1885-ին նա արդեն հինգ երեխա ուներ։ Ուստիանը հաճախ էր գալիս խնամելու մեզ ու մորս օգնելու։
Ուստիանը մահացել է 1885-ին։ Նա թաղված է կուսանոցի դարպասների մոտ՝ փոքրիկ այգում։ Նրա գերեզմանը խնամում էին կույսերը ու շիրիմին միշտ ծաղիկներ կային։
Ես շատ լավ հիշում եմ մի տխուր պատմություն։ Ուստիան հորաքույրը 16 տարեկանում ամուսնանում է մի մարդու հետ, որը, մորս ասելով, շատ լավ մարդ էր ու շատ սիրում էր նրան։ Բայց ամուսինը շուտով մահանում է ինչ-որ հիվանդությունից։ Ուստիանը որոշում է մտնել կուսանոց։ Կուսանոցում շատ լավ երգում էր ու աչքի էր ընկնում իր բարեկազմ մարմնով ու գեղեցիկ արտաքինով։ Մի անգամ նրան նկատում է մի շուշեցի մեծահարուստ, որը Շուշի էր գալիս ժամանակ առ ժամանակ։ Այս մարդն իրոք սիրահարվում է ու սկսում լրջորեն սիրահետել Ուստիանին։ Հետաքրքրվում է ու իմանում, որ նա ամուսնացած է եղել, ինչից հետո հետապնդումներն ավելի համառ են դառնում։ Մեծահարուստը Ուստիանին ամուսնության առաջարկ է անում։ Ուստիանն անհետանում է քաղաքից ու սկսում ապրել մի հեռավոր մենաստանում, ճգնավորի կյանքով։ Որոշ ժամանակ հետո վերադառնում է Շուշի բոլորովին փոխված արտաքինով, տգեղացած, սապատավոր։ Սիրահետումներն ավարտվում են։ Վերակացուի մահվանից հետո ինքն է դառնում Շուշիի վանքի վերակացուն։ Նրան կոչում էին ավագ կույս Ուստիան։
Ուստիանի մասին անհավանական բաներ են պատմում։ Մայրս ասում էր, որ դագաղում նրա այտերը վարդագույն երանգ էին ստացել, իսկ երբ հաջորդ օրը մտել էին այն սենյակը, ուր պառկած է եղել Ուստիանը, տեսել են, որ ձեռքերը ետ են գցված։
Մայրս շատ էր կապված այս կնոջ հետ։ Նրա մահից հետո երբ նեղվում էր ինչ-որ բանից, ասում էր՝ գնամ հորաքրոջ հետ մի քիչ խոսեմ գամ։ Ինձ էլ էր տանում հետը։ Նստում էր, ժամերով խոսում հետը ու լաց լինում։
Ուստիանին թաղել են մեծ շուքով, մասնակցել է ամբողջ Շուշին, քանի որ նրան բոլորն էին սիրում ու խորապես հարգում։ Ուստիան հորաքրոջ մահից հետո Շուշիի կուսանոցի վերակացուն Հուռի բաջին էր։
Նոր վերակացուին՝ Հուռի բաջուն, շատ լավ եմ հիշում։ Կապուտաչյա էր ու մետաղական շրջանակով ակնոց էր կրում։ Բարի, մեղմ ժպիտ ուներ ու մի տեսակ դողացող ձայն։ Ես նրա հետ շատ մտերիմ էի ու հատուկ սիրով էի սիրում։ Ամենագեղեցիկ օրերից մեկն էր Շուշիում Ծաղկազարդի տոնը։ Բոլոր երեխաները ծառի բողբոջած ճյուղերը ձեռքներին գնում էին եկեղեցի։ Երեխաների ձեռքին մի հատուկ սարք կար՝ մետաղական թիթեղին ամրացված ատամնավոր ակ, որը պտտելուց հատուկ ձայն էր հանում։ Ու պատարագի ժամանակ Հուռի բաջին ձեռքը բարձրացնելով նշան էր անում, ու բոլոր երեխաները սկսում էին պտտել անիվը, որը կոչվում էր ՙճռռան՚։ Մի արտակարգ սիմֆոնիա էր ստացվում։
Հիշում եմ Մարիամ Աստվածածնի տոնը։ Այդ օրը մեր տանը նշվում էր որպես մորս անվանակոչության օր։ Մորս անունն էլ էր Մարիամ` թեև բոլորը նրան Մայկո էին ասում։ Այդ օրը քույրերս ու եղբայրներս պատշգամբը ծածկում էին ծաղիկներով։ Հատկապես հիշողությանս մեջ մնացել է 1913թ. այդ օրը։
Բոլորը հավաքվել էին՝ մոտ երեսուն մարդ։ Տոնից մի քանի օր առաջ ոչխար էին առել ու ոչխարին ես մի քանի օր պետք է արածեցնեի։ Մատաղից մի օր առաջ ինձ ճերմակ թղթի մեջ փաթաթած աղ էին տվել, որ տանեմ Ղազանչեցոց եկեղեցի, որ տեր Առաքելն օրհնի։ Օրհնված աղը գիշերը տալիս էին ոչխարին ուտելու։
Վանքն այրեցին, իսկ տեր Հարությունին կտրտեցին վայրենաբար։
Հուշերս, այնուամենայնիվ, ուզում եմ ավարտել ուրախ պատմությամբ և իմ սիրելի բարբառով, որովհետև այս պատմությունը լսել եմ, իհարկե, բարբառով։